
Սարգիս Լուկաշին /Սրապիոնյան/
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1883թ. Նոր-Նախիջևանում:
Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25թթ.: Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ:
1918-21թթ. ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզում: 1921-1922թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար: Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր:
Երբ Լուկաշինը ստանձնեց ժողկոմխորհի նախագահի պաշտոնը, երկիրը դեռևս գտնվում էր ծանր վիճակում. տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, և նրա առաջին գործը երկրի տնտեսության վերականգնումն ու արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումն էր: Արդյունաբերությունն առանց էներգետիկ ռեսուրսների, բնականաբար, աշխատել չէր կարող, ուստի Լուկաշինը ձեռնամուխ եղավ Հայաստանում էներգետիկ բազայի ստեղծմանը. 1923թ.-ին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ: Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926-ին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր:
Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Մյասնիկյանի գործունեության ընթացքում: Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքի, Միջագետքում ապրող հայերը:
Լուկաշինի կյանքի ավարտը ևս ողբերգական էր: Նա քաղաքական գործիչների այն սերնդից է, որը Ստալին-Եժով-Բերիա եռյակի ստեղծած ստորաքարշ մթնոլորտի զոհը դարձավ: Նվիրյալների այդ սերունդը մոլագար մի ատելությամբ հայտարարվում էր «ժողովրդի թշնամի» և «բնաջնջվում»՝ մեծ մասամբ ստեղծարար ուժերի ծաղկման շրջանում՝ իր ետևից թողնելով հսկայական գործ:
Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 37-ին գնդակահարվեց: