Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Խորհուրդներ

Գիտատեխնիկական խորհուրդ

Կանոնադրություն (116 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2010 թվականի ապրիլի 7-ի N 230-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի անդամներն են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտորը (գիտական կենտրոնի տնօրեն), հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը:

 

Գործարարության աջակցման խորհուրդ

Կանոնադրություն (6 Մբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանագրով՝ գործարարության աջակցման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (խորհրդի փոխնախագահ), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, Երևանի քաղաքապետը, ԶՀԳ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը և գործարար համայնքի ներկայացուցիչներ, որոնց անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով /50 գործարարներ/: Խորհրդի անդամների կազմի ընտրությունը կատարվում է տարին մեկ անգամ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:

Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ

Կանոնադրություն (82 Կբ) | Խորհրդի կազմ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2006 թվականի հունիսի 17-ի ՆՀ-133-Ն հրամանագրով` ընդերքօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով։ Խորհուրդն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման պետական քաղաքականության իրականացմանը։
Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ բնապահպանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարները, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը։
 

Կայուն զարգացման ազգային խորհուրդ

Կանոնադրություն (91 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Կայուն զարգացման ազգային խորհուրդը ռազմավարական որոշումներ կայացնող մարմին է, որում ընդգրկված են թե' պետական, թե' քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ` ՀՀ վարչապետի նախագահությամբ: Կազմավորված է ԿԶԾ աշխատանքային խումբ, որն իրականացնում է ծրագրի ընթացիկ աշխատանքների կառավարումը: Այստեղ նույնպես մեծամասնություն են կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

Կանոնադրություն (62 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի հրամանագրով՝  ելնելով ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման համար պետական լիազորված մարմինների գործունեության համադրման անհրաժեշտությունից և կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու, դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ նախագահի խորհրդականը և վերահսկողական ծառայության ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ Կենտրոնական բանկի նահագահը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Խորհրդի կանոնակարգի համաձայն` ստեղծվել է նաև Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով՝ ՀՀ նախագահի օգնականի նախագահությամբ:

Հայագիտության հարցերով խորհուրդ

Կանոնադրություն (68 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի N 790-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետությունում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը, ՀՀ ԳԱԱ պատմության, արվեստի արևելագիտության ու հնագիտության և ազգագրության, Հ. Աճառյանի անվան լեզվի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի պետական համալսարանի ռեկտորը, ԵՊՀ պատմության և բանասիրական ֆակուլտետների դեկանները, հայոց լեզվի ու հայ գրականության ամբիոնների վարիչները, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը և հայոց պատմության ամբիոնի վարիչը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենը: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը:
 

Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ

Կանոնադրություն (107 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 891-Ն որոշմամբ` հանրապետության անտառների վերականգնման գործընթացին աջակցելու և անտառների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով։ Հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը։ Հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքապետը, Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզպետները, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարների տեղակալները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահը, Հայաստանի գրողների միության անդամներից մեկը, Կանաչների միության նախագահը, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահը։
 

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ

Կանոնադրություն (73 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2012 թվականի փետրվարի 29-ի N 178-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման աշխատանքների համակարգման, արդյունքների քննարկման և հաստատման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի անդամներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարը (խորհրդի նախագահի տեղակալ), ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը (խորհրդի քարտուղար), ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ վարչապետի խորհրդականը, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրենը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, հասարակական, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկվում են գործարար համայնքի ներկայացուցիչներ: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ

Կանոնադրություն (88 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2011 թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով` գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով։
Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի ֆինանսների նախարարները: ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող հետևյալ ոլորտները` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության կառավարման ոլորտ, մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերի, կրթության և գիտության ոլորտ, ձեռնարկատիրական, ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտ, արտակարգ իրավիճակների ոլորտ, էներգետիկայի, բնական պաշարների, բնապահպանության ոլորտ, արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների ոլորտ, իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտ, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտ, տրանսպորտի և կապի ոլորտ, քաղաքաշինության ոլորտ, քաղաքացիական ավիացիայի ոլորտ, հողային հարաբերությունների և անշարժ գույքի կադաստրի ոլորտ, պետական գույքի կառավարման ոլորտ, ֆինանսական շուկաների ոլորտ, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ և տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ:

 

Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ

Կանոնադրություն (77 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի հուլիսի 7-ի N 638-Ն որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի բարելավման հարցերով պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսությունն ապահովելու նպատակով: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը, գործարար համայնքի և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Գործարար համայնքը ներկայացնում են հինգ ներկայացուցիչներ, որոնք ընդգրկվում են հինգ տարի ժամկետով: ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի գործունեության կազմակերպչական-մեթոդական ապահովումն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որի աշխատակարգն ու կառուցվածքը հաստատվում է խորհրդի կողմից:

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ

Կանոնադրություն (99 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 162 որոշմամբ` բնակչության կենսամակարդակի բարելավման` համայնքային մակարդակի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացմամբ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղական նշանակության խնդիրների կարգավորման կարողությունների զարգացման նպատակով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Կազմում ընդրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ ֆինանսների, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարները, Երևանի քաղաքապետը, «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրենը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ

Կանոնադրություն (98 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշմամբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման համար միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված միջոցների կառավարման նպատակով։ Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը։ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի քարտուղարը նշանակվում է խորհրդի կազմից։ Խորհրդի անհատական կազմը հաստատվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։

Ջրի ազգային խորհուրդ

Կանոնադրություն (77 Կբ) | Խորհրդի կազմ

Ստեղծվել է ՀՀ վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշմամբ։ Խորհուրդը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ։ Ջրի ազգային խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության նախարարները, ՀՀ վարչապետի խորհրդականը, ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետը, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետը, ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը։
Խորհուրդն ունի քարտուղարություն և իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար։
 

Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ

Կանոնադրություն (157 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 785-Ա որոշմամբ` ՀՀ-ում իրականացվող ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդների մասնակցության խթանման նպատակով։
Խորհրդի նպատակը ՀՀ ազգային երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելն է, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելը։
Խորհրդի կազմի մեջ հավասար թվով ընդգրկվում են երիտասարդության խնդիրներին առնչվող պետական մարմինների և ազգային երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Խորհրդի նախագահի տեղակալն ի պաշտոնե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի երիտասարդությանն առնչվող հարցերը համակարգող տեղակալն է։ Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղարը նշանակվում է  խորհրդի  ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներից։
 

Վարչապետին կից կանանց հարցերով խորհուրդ

Կանոնադրություն (147 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 862 որոշմամբ` ՀՀ վարչապետին կից Կանանց խորհուրդը (այսուհետ` Կանանց խորհուրդ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և գենդերային քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմ մշակելու նպատակով։
Խորհրդի կազմում ընդգրկվել են գործադիր և օրենսդիր իշխանության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների և մշակույթի բնագավառի առավել աչքի ընկնող կին գործիչներ։
Կանանց հարցերով խորհուրդը գործուն մասնակցություն է ցուցաբերել ՀՀ կառավարության 2004 թվականի N 645-Ն որոշմամբ ընդունված «Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրի» մշակմանը։
 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ

Կանոնադրություն (37 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2001 թվականի  հուլիսի 20-ի հրամանագրով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (խորհրդի փոխնախագահ), ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ սփյուռքի,  ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների տեղակալները, ԶՀԳ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ ներկայացուցիչներ, որոնք, վարչապետի որոշմամբ, տարին մեկ անգամ  փոխվում են ռոտացիոն կարգով:

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

Կանոնադրություն (64 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ`Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի անդամներն են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքապետը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի տնօրենը, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահը, Հայաստանի արտահանողների ասոցիացիայի նախագահը, «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը:

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Կանոնադրություն (129 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, 2006 թվականի մարտի 27-ին ստորագրված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի կատարման վերահսկողության ու կառավարման, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների կատարման նպատակներով։
Կազմակերպության կառավարումն իրականացնում են ՀՀ կառավարությունը` որպես հիմնադիր, նրա լիազորած պետական մարմինը, Կառավարման խորհուրդը և գործադիր մարմինը: Կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Կառավարման խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (խորհրդի նախագահի տեղակալ), ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարը, ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության նախարարները, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Աշխատանք և հայրենիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Տավուշի զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը: Կառավարման խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է հիմնադրի որոշմամբ, իսկ դրա մեջ փոփոխություններ կատարվում են լիազորված պետական մարմնի կողմից:
 

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ

Կանոնադրություն (125 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 746 որոշմամբ՝ ՀՀ-ում և սփյուռքում գիտական մտքի համախմբման, գիտահետազոտական գործունեության իրականացման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակման ու ներդրման, տեղեկատվական ցանցի ստեղծման, հրատարակչական գործունեության իրականացման, գիտական սեմինարների, գիտաժողովների, համաժողովների անցկացման և օրենքով չարգելված այլ գործունեության նպատակներով։ Հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի նախարարները, ՀՀԿ նախագահի տեղակալը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական և «Հայկ հաստատություն» հ/կ տնօրենը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը։
Հիմնադրամն սկսել է գործել 2002 թվականից: Մինչև 2006 թվականը հիմնադրամի ծրագրերի թեմաների հաշվետվություններն արխիվացված են հիմնադրամի հաշվապահությունում և գրադարանում։