Բարեգործական հանձնաժողով

ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով

1999թ. սեպտեմբերին ՀՀ մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կազմից տեղափոխվեց ՀՀ կառավարության աշխատակազմ։

Մինչև 2002 թվականը հանձնաժողովն իր գործունեությունն իրականացրել է ՀՀ կառավարության որոշումներով սահմանված լիազորությունների սահմաններում։
Մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառի նորմատիվ կարգավորումն ամբողջական դարձավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ. հոկտեմբերի 8-ին «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։

ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատվեցին ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կանոնադրությունը և գործունեության կարգը։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերի համակարգումն է։
Հանձնաժողովի գործառույթներն են՝

ա) ծրագրերը բարեգործական որակելը.
բ) ծրագրի՝ բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը, կասեցնելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին միջնորդություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.
գ) բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ՝ հարակից գործարքներ) շրջանակը որոշելը.
դ) բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ` բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը.
ե) բարեգործական ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, դրանց ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.
զ) դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետի երկարաձգումը մինչև 6 ամիս ժամկետով.
է) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.
ը) բարեգործական ծրագրի ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը.
թ) բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետություն ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները կազմակերպելը՝ ՀՀ կառավարության՝ տվյալ ապրանքների տնօրինման մասին որոշմամբ սահմանված լիազորություններին համապատասխան.
ժ) բարեգործության բնագավառում հրապարակայնություն ապահովելը.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ իրականացնելը։

ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
Հանձնաժողովի ներկայիս կազմում ընդգրկված են հետևյալ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները.

  • ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
  • ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
  • ՀՀ վարչապետի խորհրդական
  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
  • ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  • ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
  • ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
  • ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
  • ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ
  • ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեյի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
  • «Ազնավուրը՝ Հայաստանին» կազմակերպության տնօրեն
  • Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
  • «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի
  • Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ
  • Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
  • ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)