երեքշաբթի, 13 փետրվարի 2001
Այսօր ՀՀ կառավարությունում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձակատարի և ՀՀ կառավարության միջև ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Ստորագրող կողմերը՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձակատարը՝ ի դեմս իր հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Թոմաս Բիրաթի և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, այդ հուշագրով համաձայնության եկան վերահաստատելու իրենց համագործակցության պայմանները:
Հուշագիրը մեկ անգամ ևս ամրագրում է ՄԱԿ-ի ՓՀ-ի պատրաստակամությունը՝ ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և նվիրատուների հետ համագործակցված շարունակելու աջակցությունը հանրապետությունում ապաստանած փախստականների իրավական և սոցիալական պաշտպանության ու հասարակության մեջ նրանց ինտեգրման գործընթացին: Հուշագիրը վերահաստատում է երկու կողմերի պատրաստակամությունը՝ ապաստան փնտրողների և փախստականների հարցերով զբաղվող կառույցներ հիմնելու և համագործակցությունը զարգացնելու հարցում: Այդ փաստաթուղթը ներառում է աշխատանքի ծավալը, սահմանում՝ վերոհիշյալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ համագործակցության պայմանները:
ՀՀ կառավարությունը փոխըմբռնման և համագործակցության հուշագիրը կիրագործի կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության միջոցով, որը կհամագործակցի ՀՀ ՆՆ-ի անձնագրային և վիզաների վարչության, մարզպետարանների, սոցիալական ապահովության նախարարության և համապատասխան այլ կառույցների հետ:
Ընդհանուր առմամբ, հուշագրի ստորագրումը կնպաստի այս ոլորտի հիմնախնդիրների ծրագրավորված և համակարգված լուծմանը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը: