երկուշաբթի, 22 դեկտեմբերի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարության անդամները հավանության են արժանացրել «ՀՀ 2004 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը, որը կներկայացվի դեկտեմբերի 25-ին հրավիրվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանին: Հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ պետբյուջեի շուրջ խորհրդարանական քննարկումների արդյունքում 214 հարցադրում է կատարվել, որից մեկ երրորդը՝ կոալիցիայի կողմից, մի զգալի մասն էլ՝ մշտական հանձնաժողովների: Օրինագծի լրամշակման արդյունքում բյուջեի եկամուտները (հարկային և մաքսային) ավելացել են 550 մլն դրամի չափով, կապիտալի գործառնություններից մուտքերը՝ 423 մլն դրամի չափով, ոչ հարկային եկամուտները՝ 897 մլն դրամի չափով: Շուրջ 3,2 մլրդ դրամի չափով ավելացել են նպատակային դրամաշնորհները: Ավելացումներ են կատարվել նաև պետական բյուջեի ծախսերի մասում, որոնք մանրամասն կներկայացվեն Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում հարցը զեկուցելիս: