հինգշաբթի, 4 դեկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Երևանի «Քվանտ» վարժարանի՝ այս տարվա հոկտեմբերին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացած աստղագիտության միջազգային օլիմպիադայի մրցանակակիր թիմի 4 անդամներին և ղեկավարներին: Վարչապետը շնորհավորել է պատանի աստղագետներին և նրանց ուսուցիչներին ձեռք բերած բարձր նվաճման՝ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալների և մեկ հատուկ մրցանակի արժանանալու առթիվ: Նա իր գոհունակությունն է հայտնել հանրապետության դպրոցական թիմերի և, մասնավորապես, «Քվանտ» վարժարանի պատանի գիտնականների միջազգային օլիմպիադաներում ունեցած ելույթներից ու նոր հաջողություններ է մաղթել նրանց հանրապետական, միջազգային գիտական մրցույթներում և ուսման մեջ:
Օլիմպիադայի մրցանակակիրներն ու նրանց ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ հանրապետության դպրոցական օլիմպիական թիմերի նկատմամբ դրսևորած մեծ ուշադրության և միջազգային մրցույթներին տաղանդավոր պատանիների մասնակցության ապահովմանն ուղղված աջակցության համար:
Հանդիպման ավարտին վարչապետը նվերներ է հանձնել օլիմպիադայում հաղթած պատանիներին: