Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հունիսի 2011

Վայոց ձորի բնակիչներն իրենց ապագան կապում են մարզի զարգացման հետ





Այսօր Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Վայոց ձորի մարզի 2011 թ. հինգ ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Սերգեյ Բագրատյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Վայոց ձորի մարզում։ «Եթե մարզը համեմատենք Հայաստանի Հանրապետության միջին ցուցանիշի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ բնակչությանը մտահոգող հիմնական խնդիրները նույնն են, - նշել է վարչապետը։ -Առաջին տեղում աշխատատեղերի, երկրորդ, երրորդ տեղերում` սոցիալական և միջհամայնքային ճանապարհների խնդիրներն են։ Համախառն ներքին արդյունքի մեկ շնչի և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով մարզը հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։
Առաջին առանձնահատկությունն այն է, որ մարզն ունի տուրիստական մեծ ներուժ, որն ամբողջությամբ չի իրացվում ենթակառուցվածքների բացակայության կամ ոչ պատշաճ մակարդակի պատճառով։ Մարզի փոքր տարածքում շուրջ 600 եկեղեցի կա, բացի այդ, ունենք հանքային ջրեր, գինեգործության հին պատմություն։ Վերջին պեղումները, աշխարհի ամենահին կոշիկի հայտնաբերումը համաշխարհային քարտեզի վրա մարզի համար ստեղծել են ուրույն տեղ և ապահովել տուրիստական մեծ գրավչություն։ Ուստի էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական է տրվում` վարչապետին առաջարկություններ ներկայացնել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որպեսզի տուրիստական ներուժը մենք կարողանանք իրացնել։
Երկրորդ առանձնահատկությունը, որը բացահայտվել է հարցումների միջոցով, դժգոհությունն է բուժսպասարկման ծառայությունների որակից։ Բուժհաստատությունները բավարար են, բայց մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների կողմից կա դժգոհություն։ Առողջապահության նախարարին հանձնարարվում է պարզել պատճառները, թե այդ ծառայությունների մատուցման ոլորտում ինչ անելիքներ ունենք և ներկայացնել առաջարկություններ։ Համոզված եմ, որ շտապօգնության մեքենաների տրամադրումը, իհարկե, էապես կբարձրացնի ծառայությունների որակը, բայց նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բուժհիմնարկների կողմից մատուցվող ծառայություններին։
Երրորդ խնդիրը, որի վրա մեր ուշադրությունը հրավիրում են բնակիչները, մանկապարտեզների խնդիրն է։ Անհրաժեշտ է, որպեսզի մանկապարտեզներն աշխատեն նաև ամռանը, որպեսզի գյուղացիները կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով։ Կրթության և գիտության նախարարությունն այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձնի, միգուցե կարելի է ամառային սեզոնում նախադպրոցական մասն աշխատեցնել։ Քննարկեք այդ հարցը և տվեք առաջարկություններ։
Չորրորդ հարցը քարաթափման և սողանքների խնդիրն է։ Այն պետք է գտնվի ՀՀ քաղաքաշինության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների ուշադրության կենտրոնում։
Հինգերորդ հարցը, որ մեր առջև դնում են բնակիչները, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումն է։ Մշակույթի նախարարին հանձնարարվում է ներկայացնել լրացուցիչ առաջարկություններ, թե ինչ մշակութային ծրագրեր կարող ենք իրականացնել մարզում։
Վեցերորդը սոցիալական նպաստների, սոցիալական օժանդակության արդյունավետությունն է։ Խոսքը վերաբերում է Մարտիրոս և Չիվա համայնքներին, որտեղ սոցիալական ծրագրեր ենք իրականացրել, բայց բնակիչները բողոքում են այդ ծրագրերի արդյունավետությունից և թե որքանով են միջոցներն արդար բաշխվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը հանձնարարվում է կարճ ժամկետում ուսումնասիրել բնակիչների բարձրացրած խնդիրը և եզրակացություններ ներկայացնել։
Ընդհանուր առմամբ ուրախալի է, որ բնակչության 82 տոկոսը մտադիր չէ լքել մարզը և իր ապագան կապում է մարզի հետ։ Այս ցուցանիշով մարզը լավագույնն է հանրապետությունում»։


Ուշադրության կենտրոնում է մատուցվող ծառայությունների որակը

Նիստում դարձյալ արծարծվել է պետական մարմինների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հարցը, որի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկություն է տվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով հանձնաժողովը փոքր և միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու, ինչպես նաև երկրի գործարարության գրավչության միջազգային վարկանիշը բարելավելու նպատակով պարզեցրել է էլեկտրական ցանցերին միացման գործընթացը, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրճատել միացման ժամկետը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մարմիններն ու նաև դուք վերահսկողություն իրականացնեք այս որոշման նկատմամբ, որպեսզի ամրագրված գործառույթներն ի կատար ածվեն։ Ցանկացած նմանատիպ որոշում ընդունելուն հաջորդող երկու-երեք ամիսներին անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ղեկավարներն իրենց անձնական հսկողության տակ պահեն գործընթացը, մինչև որ այն սովորույթ դառնա։ Կառավարության նիստերին պարբերաբար անդրադառնալու ենք ծառայությունների որակին։ Ցավոք, դեռևս կան բողոքներ, որ մեր ընդունած որոշումներն ի կատար չեն ածվում։ Ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել արտահանման-ներմուծման գործառույթների վրա։ Կառավարությունը որոշում ընդունեց փոքր և միջին բիզնեսի ծախսերն էապես կրճատելու նպատակով։ Հիմա մենք բողոքներ ենք ստանում, որ այդ ընթացակարգերը չեն պահպանվում։ Պարզել է պետք` ինչ խախտումներ կան, ինչու այդ որոշումներն ի կատար չեն ածվում։ Շինարարության ոլորտում մենք էապես կրճատեցինք շինթույլտվությունների քանակը, քայլերը, ծախսատարությունը, սակայն անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ անդրադառնալ, տեսնել, թե իրական կյանքում ինչպես են մեր այդ որոշումերն ի կատար ածվում։ Կառավարության հաջորդ նիստերին մեր այս խնդիրներին մենք նորից անդրադառնալու ենք»։


2011 թ. հուլիս-օգոստոսին ակնկալվում է գնանկում

Կառավարության անդամներին 2011 թ. հունվար-հունիս ամիսների աշխատանքի արդյունքներն է ներկայացրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը։ Նրա տեղեկացմամբ` 2011թ. հունիսի սպառողական գների ինդեքսը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 98.6 տոկոս կամ գների մակարդակը մեկ ամսում նվազել է 1.4 տոկոսով։ Արդյունքում 2011թ. հունիս ամսին 2010թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճի ինդեքսը կազմել է սպառողական գների մասով` 103.5 տոկոս, 2011 թ. հունիսին 2010թ. հունիսի նկատմամբ, այսինքն` 12-ամսյա կտրվածքով` 108.5 տոկոս, 2011 թ. հունիսին 2010 թ. նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.8 տոկոս, իսկ 2011թ. հունվար–հունիսին 2010 թ. հունվար–հունիսի նկատմամբ սպառողական գների ինդեքսը` 109.9 տոկոս։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ մենք վերադառնում ենք գնաճի այն ցուցանիշներին, որ Կենտրոնական բանկը ծրագրել էր։ «1.4 տոկոսանոց գնանկումը նշանակում է, որ մենք մտնում ենք դեֆլյացիոն փուլ, և այն ևս երկու ամիս պետք է շարունակվի։ Տարվա սկզբից մենք ունենք 3.5 տոկոսանոց գնաճ։ Ակնկալվում է, որ հուլիս-օգոստոսին ևս կարձանագրվի գնանկում»։

Կարգավորվում է ընդերքօգտագործման ոլորտը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք ուղղված են կարգավորելու ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքում ստացված ամփոփ տեղեկության գրանցման, հաշվառման գործընթացները, ինչը կնպաստի ընդերքի արդյունավետ և լիարժեք օգտագործմանը և ոլորտի հետագա զարգացմանը։
Փոփոխելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկը, կառավարությունը դրանով իսկ խնդիր է դրել նպաստել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված բնակարանային ապահովմանը, ինչպես նաև աշխատանք փնտրող երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը։ Նպատակ ունենալով պարզեցնել գյուղական բնակավայրերի կառուցապատման գործառույթի իրականացումը, խնայել ժամանակը և միջոցները, գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ընդլայնել շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների թվարկը։
Լրացնելով իր նախկին երկու որոշումները և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը, կառավարությունը քաղաքացիական ծառայողների առողջական վիճակի համապատասխանության ստուգումը վերապահել է ոստիկանության բժշկական հանձնաժողովին` երաշխավորելով ոստիկանության քաղծառայողների բժշկական ստուգման հետ կապված վարչարարության օրինականությունը։
«1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշմամբ Երևանի Աճառյան 20/3 հասցեի ուսանողական հանրակացարանում բնակվող անձինք ստացել են բնակելի տարածքներ։
Փոփոխություններ կատարելով ՀՀ 2011թ. պետբյուջեում և կառավարության որոշումներից մեկում, Երևանի քաղաքապետարանին հատկացնելով ավելի քան 1 մլրդ 208 հազար դրամ, գործադիրը Երևանում կազմակերպվելիք միջոցառումների, մասնավորապես ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների անցկացումն ապահովելու է արդիական տեխնիկայով, քաղաքն զբոսաշրջիկներին ներկայացնելու նոր տեսքով։ Հոբելյանին նվիրված գովազդային նյութերի և հուշանվերների պատրաստման նպատակով «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 214 մլն 486 հազար դրամ։
Անհարկի փաստաթղթաշրջանառությունից խուսափելու, մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի վրա ծախսվող աշխատաժամանակը կրճատելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի կիրարկմամբ ապրանքային շուկաների հետ առնչություն չունեցող իրավական ակտի նախագծերը չեն ուղարկվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։
Կառավարության որոշմամբ ստեղծվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և երկրորդ տրանշի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով։
Գործադիրն ընդունել է երկաթուղային գծի ապամոնտաժում թույլ տալու և Երևանի քաղաքապետարանին անհատույց սեփականության իրավունքով գույք տրամադրելու որոշում, որը կնպաստի մայրաքաղաքի ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, կենտրոնական փողոցների բեռնաթափմանը և տրանսպորտի երթևեկության կանոնակարգմանը։
 

Հստակեցվում է ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Արձանագրությամբ ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին է վերադարձվում հինգ զինավան։
Գործադիրը որոշել է համաձայնություն տալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանակում-1, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում» վարկային ծրագրով տնտեսված միջոցների օգտագործման առաջարկությանը։ Դրա արդյունքում կբարձրանա Վրաստանի էներգահամակարգի հետ գործող ռելեական պաշտպանության հուսալիությունը, կապահովվի հեռակապի, հեռակառավարման և տվյալների փոխանցման հնարավորությունը։
Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությունը։


Լուծվում է սոցիալապես խոցելի խմբերին պատկանող անձանց բնակարանային խնդիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը` լուծելով առանց ծնողական խնամքի մնացած 361 երեխաների և 160 անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց բնակարանային խնդիրները,
- ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը, որտեղ նկարագրվում են ներկայումս կիրառվող սակավաթիվ ֆինանսական աղբյուրները և առաջարկվում է երկրի բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման առավել օպտիմալ կառուցվածք` հաշվի առնելով ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը և դրանց կիրառման միջազգային փորձը,
- ՀՀ տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների ծրագիրը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում բիզնես գործընթացների վերակազմակերպման և իրականացման միջոցառումների ժամանակացույցը,
- ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները, ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգին», որը մշակվել է ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի հիման վրա և որի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել տարածքային համաչափ զարգացումը,
- ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014թթ. ռազմավարական ծրագրին, եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելու մեթոդաբանությանը։
ՀՀ կառավարությունը սահմանել է`
- բնապահպանական թողքերի գնահատումը, խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը, ջրի պահանջարկի նորմերը,
- «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը»,
- որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների մրցույթներն անցկացվելու են 2011 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։


Սահմանվում են պարզ ընթացակարգեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ներքին արտադրողի համար մրցակցային բարենպաստ դաշտի ապահովմանը։
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում կհստակեցվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները, կվերացվեն օրենքում առկա բացերն ու հակասությունները։
Գործադրի հավանությունն է ստացել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ կառավարությանը լիազորություն կվերապահվի սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կամավոր նախա- և հետսթրեսային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է ֆինանսավորել Լոռու մարզի Ղուրսալ և Ուռուտ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2011 թ. հուլիսի 31-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսը։ Կառավարությունը որոշել է դադարեցնել համայնքի բյուջեն ավագանու կողմից չհաստատվելու հանգամանքով պայմանավորված Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղական համայնքի ղեկավարի հրաժարականի հարցի հետագա քննարկումը։
Գործադիրը հաստատել է Սյունիքի մարզի Շենաթաղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և հողերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա` փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։ Հաջորդ երեք որոշումներով այլ կատեգորիա է փոխադրվել Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային, Գեղարքունիքի մարզի Նորատուսի և Կոտայքի մարզի Արզնիի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման և հասարակական կառուցապատման համար։
Կառավարության որոշմամբ «Մեդիսար» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2012 թ. հունիսի 30-ը Հայաստան ներմուծել 180 տոննա նատրիումի ցիանիդ, որն օգտագործվում է ազնիվ մետաղների հանքաքարի հարստացման նպատակով։
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի «Տոնուս-Լես» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տալ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի արտոնագիր։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել հինգ անձի, որոնցից երկուսն ընդունվել է արտասահմանյան հեղինակավոր բուհեր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է, որ վերջին տարվա ընթացքում կտրուկ ավելացել է աշխարհի լավագույն բուհեր ընդունվողների քանակը, ինչը շատ ուրախալի երևույթ է։ «Երիտասարդության շրջանում այդ առումով մրցակցություն է նկատվում և, ավելին, այսօր աշխարհի լավագույն բուհերն ընդունվել ցանկացողների քանակը նույնպես կտրուկ ավելացել է, - նշել է նա։ -Մենք այս տարի «Լույս» հիմնադրամով երկու անգամ ավելի շատ ուսանողների ֆինանսավորում ենք ապահովելու, քան նախորդ տարի։ Մեր կանխատեսմամբ այդ ցուցանիշը երկու տարվա ընթացքում քառապատկվելու է։ Այնպես որ, մենք մեր մտավոր և կադրային ներուժը մոտ ապագայում կկարողանանք համալրել մեր տաղանդաշատ երիտասարդներով, որոնք աշխարհի լավագույն բուհերում են սովորում»։
Գործադրի որոշմամբ Վահե Էլոյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

***
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Վայոց ձորի Աղավնաձոր համայնք, ծանոթացել Արփի և Աղավնաձոր համայնքներում իրականացվող գազիֆիկացման աշխատանքներին, որոնք սկսվել են 2010թ. մայիսին և իրականացվում են «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ-ի միջոցներով։ Կառավարության ղեկավարը հանդիպել է նաև համայնքների բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները, ծանոթացել համայնքների խնդիրներին։
 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ