ուրբաթ, 31 հոկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Քննարկվել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի լրամշակված տարբերակը, որը հավանության է արժանացել նաև կոալիցիա ձևավորած քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և Օրինաց Երկրի կողմից: Հանձնաժողովը հավանություն է տվել ռազմավարության նախագծին: Առաջարկվել է այն ներկայացնել կառավարության առաջիկա նիստի քննարկմանը, որից հետո գործադրի կողմից հավանության արժանացած փաստաթութղը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությունում ներկայացված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ևս իրենց աջակցությունն են ցուցաբերել վերոհիշյալ նախագծի ստեղծման աշխատանքներին: Հանձնաժողովի նիստի ժամանակ նշվել է նաև, որ կառավարության կողմից այս ընթացքում՝ մինչ նախագծի մշակումը, նախաձեռնվել են շուրջ երկու տասնյակ օրենքների նախագծեր, որոնք ընդունվել են և ունեն ակնհայտ հակակոռուպցիոն ուղղվածություն: