Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 ապրիլի 2011

Հետևողականորեն նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի ձևավորմանն անցնելը նա քննարկման առարկա է դարձրել վերջին շրջանում հնչող այն տեսակետը, որ կառավարությունն իբր փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Ոլորտի պատասխանատու, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարզաբանումները լսելուց հետո Տիգրան Սարգսյանը եզրափակել է. «Այսպիսով, մենք արձանագրում ենք, որ կառավարությունը չի փորձում լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում, այլ հակառակը` վերջին երեք տարիների օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև կառավարության որոշումները հստակ ցույց են տալիս, որ մենք էապես ընդլայնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ավելին, վերացնում ենք այն խոչընդոտները, որոնք առկա են, վերացնում ենք պետական կառույցների միջամտությունը` եթե կան գործառույթներ, որ ՏԻՄ-երը կարող են ինքնուրույնաբար իրականացնել։ Մասնավորապես, օրինակ բերվեց արոտավայրերի օգտագործման գործընթացում պետական կառավարման բոլոր մարմիններին այդ գործընթացից մեկուսացնելը, ինչի շնորհիվ գյուղացին այսօր հնարավորություն ունի ուղղակիորեն պայմանագիր կնքել տեղական ինքնակառավարման մարմնի հետ և օգտագործել արոտավայրերը։ Օրենսդրական փոփոխությունները ևս հստակ այս ուղղությունն են ցույց տալիս։ Սա կարևոր էր, հարգելի գործընկերներ, որովհետև եթե հրապարակային քննադատություն է հնչում, ապա մենք պարտավոր ենք նաև հրապարակային պատասխանել, թե մեր քաղաքական դիրքորոշումը որն է և ինչ քաղաքականություն ենք իրականացնում»։


Մատուցվող ծառայությունների որակը կբարձրանա

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որն անհետաձգելի է համարվել և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Առաջարկվում է վերացնել ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելիության սահմանափակումը` թույլ տալով նաև շրջանների բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության «Ամուսնության պալատ» տարածքային բաժնում, հստակեցնել, կատարելագործել և վերախմբագրել օրենքի մի շարք այլ դրույթներ ևս։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է ՀՀ Նախագահի այն հանձնարարականը, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը։ «Վերջին շաբաթների ընթացքում ընդունվել են արմատական որոշումներ, - ասել է նա։ - Խոսքը վերաբերում է ոչ միայն անձնագրերի տրամադրման կարգին, որտեղ հաջողություն կա, այլ նաև վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման ոլորտում։ Այս ծառայությունից տարեկան օգտվում է 300 հազար, վարորդական իրավունք է ստանում առնվազն 50 հազար քաղաքացի։ Մեքենաների հաշվառման գործառույթում տարեկան 170 հազար քաղաքացի է ներգրավվում։ Հասկանալի է, որ եթե այս բնագավառում մեր կողմից մատուցվող ծառայություններն անորակ լինեն և կոռուպցիոն ռիսկեր պարունակեն, մեր նկատմամբ վստահություն չի լինի։ Այսօր քննարկվող հարցը վերաբերում է տարեկան 70 հազար քաղաքացու։ Այդքան մարդ օգտվում է այս ծառայությունից։ Ներկայացված առաջարկը վերացնում է կոռուպցիայի օբյեկտիվ հիմքերը, բայց, միևնույն է, վարչարարության առումով անհրաժեշտ է, որպեսզի նախարարներն այս խնդիրը պահեն իրենց անձնական հսկողության տակ։ Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է խստագույնս պատժվի, հակառակ դեպքում այս որոշումներն իրենց բուն նպատակին չեն ծառայի։ Մոնիտորինգը, որ իրականացնում են երիտասարդները, շարունակվում է։ Նրանք գնում են և օգտվում այս ծառայություններից, այնուհետև իրենց հաշվետվության մեջ նկարագրում, թե որտեղ, որ փուլում օրենքից շեղում կա, որտեղ կաշառք են պահանջում, ինչքան է այդ կաշառքի չափը, ինչպիսի արհեստական քաշքշուկներ են ստեղծվում»։
Կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից։ ՀՀ վարչապետն ասել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած դժգոհություն կա։ «Սա այն ոլորտն է, որտեղ նույնպես իրականացվել է մոնիտորինգ,- նշել է Տիգրան Սարգսյանը։ - Համատարած կաշառակերություն է գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին, միանգամից գումարը վերցնում են։ Պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները։ Պետք է նաև այդ խնդրին անդրադառնալ։ Սահմանել ենք որոշակի միջանցք, ասենք, ծառայությունն արժե 3000-5000 դրամ։ Համատարած 5000 դրամ են վերցնում, չկա որևիցե մեկը, որ ասենք, 3000 դրամով այդ ծառայությունը մատուցի։ Հետևաբար պետք է անդրադառնանք սակագներին և վերանայենք դրանք, ուղղակի վերացնենք այդ սանդղակը։ Օրենսդրական այս փոփոխությունը մեզ խիստ անհրաժեշտ է« որովհետև ուզում ենք նոտարների քանակն ավելացնել« բայց չենք կարողանում։ Փակ համակարգ ենք ստեղծել և կախվածության մեջ ընկել նոտարներից։ Հիմա քայլ առ քայլ պետք է շտկենք իրավիճակը»։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2005թ. հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ։ Փոփոխություններով վերանում է անվան փոխման մասին դիմումի հետ ինքնակենսագրություն, երկու հատ լուսանկար և սպառիչ սահմանված փաստաթղթերից բացի անհրաժեշտ այլ փաստաթղթեր, այդ թվում բնակության մասին տեղեկանք (եթե անձնագրում կա հաշվառման նշումը) ներկայացնելու պահանջը։ Ակնկալվում է, որ սույն որոշման արդյունքը կլինի վերոհիշյալ ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացումը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի քանակի կրճատումը, անվան փոխման ցանկություն ունեցող քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազումը։
 

Կանոնակարգվում է ընդերքօգտագործման ոլորտը

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Որոշումն ընդերքօգտագործման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի լուծել նպատակային այլ նշանակության հողերին արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության հողամասերի կատեգորիա փոխադրելու խնդիրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս որոշումն արմատական է համարել։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդերքօգտագործման արտոնագիր ունի շուրջ 500 սուբյեկտ, որոնք շահագործում են հանքերը։ Եվ պարզվում է, որ մեծ մասը հողերի կատեգորիան չի փոխել, և դրանք մինչև այսօր համարվում են գյուղատնտեսական նշանակության հողեր։ Արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կրում են ահռելի վնասներ, որովհետև այդ գումարները պետք է գնան ՏԻՄ-երի բյուջե և առնվազն հինգ անգամ ավելի, քան այժմ։ Այդ գումարներն ըստ էության այսօր փոշիանում են։ Հիմնական խնդիրն այն է, որ բյուրոկրատական գործընթացը շատ երկար է, քաշքշուկները` շատ և մարդիկ չեն կարողանում բոլոր ընթացակարգերն անցնել։ Այս որոշումով մենք հնարավորություն ենք տալիս այն սուբյեկտներին, որոնք դեռևս չեն փոխել կատեգորիան, արագացված գործընթացով դիմել Տարածքային կառավարման նախարարություն և շատ կարճ ժամկետում փոխել հողերի կատեգորիան։ Արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները երկու ամսում կտրուկ ավելանալու են։ Հուսով եմ, որ ընդերքի մասին օրենքն էլ մեզ կօգնի արմատականորեն լուծել այս հարցը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն արդեն պատրաստել է ամբողջ փաթեթը, որ մենք քարտեզներն էլեկտրոնային եղանակով տեղադրենք կայքերում։ Սա էլ լուրջ խթան կլինի այս բնագավառում թափանցիկություն ապահովելու գործում։ Եվս մեկ խնդիր. կան շահագործման թույլտվությամբ աշխատող հանքեր, որոնք չեն կարողանում հողի հարցը լուծել, որովհետև գյուղատնտեսական հողի սեփականության հարցը լուծված չէ։ Պետք է հնարավորինս սեղմ ժամկետում նախարարությունը ներկայացնի ցանկերը, որպեսզի մենք կառավարության որոշմամբ հանրային շահ ճանաչենք և օրինական դաշտ բերենք բոլոր այդ հանքերը»,- ասել է վարչապետը։

Կզարգանա սննդի արդյունաբերությունը

Գործադիրը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. դեկտեմբերի 30-ը։ Ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել է ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա։ Արդեն կատարվել է 12,5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում. այդ թիվը հասցվելու է 27 մլն ԱՄՆ դոլարի, ստեղծվելու է մինչև 220 նոր աշխատատեղ` հետագայում կրկնապատկելու ակնկալիքով։ Որոշումը թելադրված է արտաքին ներդրումների ներգրավման, սննդի արդյունաբերության զարգացման, մարզերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությամբ։ Բոլոր այսպիսի որոշումները, վարչապետի դիտարկմամբ, մշտապես ներկայացվում են հանրության դատին։ «Բնական է, որ այն բոլոր դեպքերը, երբ կառավարությունն արտոնություն է տրամադրում կամ ֆինանսավորում իրականացնում` նպատակ ունենալով աջակցել բիզնեսին, պետք է գտնվեն հանրության հսկողության տակ։ Այս ծրագիրը ևս պետք է ներկայացվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այս արտոնությունը ծառայի բուն նպատակին։ Առայժմ հաջողությամբ են ընթանում այն բոլոր ծրագրերը, որոնց մենք արտոնություն ենք տվել կառավարության կողմից։ Ունենք երևի 1-2 խնդրահարույց դեպք, որոնք պայմանավորված են շուկայի կոնյունկտուրայով, բայց ընդհանուր առմամբ հանրության վերահսկողությունը նաև զսպում է ներդրողներին, որպեսզի այդ արտոնությունները բուն նպատակին ծառայեն»։

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2010թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագծին։
Գործադիրը հավանության է արժանացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «2008թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական նպատակն է օրենքով սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված, սակայն ըստ էության չաշխատող տնտեսավարող սուբյեկտների լուծարումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց իրավաբանական գոյությունից որևէ տնտեսական օգուտ չեն ակնկալում ինչպես հիմնադիրները, այնպես էլ պետությունը։ Վարչապետի խոսքով բոլոր ձեռնարկատերերը պետք է իմանան, որ նրանց համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում կատարելու կուտակված պարտավորությունները, որպեսզի ազատվեն տույժ-տուգանքներից։ Ըստ էության սա յուրատեսակ համաներում է։
Կառավարության հավանությունն է ստացել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է զինվորական ծառայության մեջ հավասարության սկզբունքի ապահովմանը։
Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և ևս ՀՀ երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն ուժը կորցրած է ճանաչվելու, իսկ այդ հոդվածով սահմանված հարաբերությունները կարգավորվելու են «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Սա մեր քաղաքական բարեփոխումների կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունն է, որն առաջին հերթին վերաբերում է մեզ` կառավարության անդամներիս։ Մենք` 500 պաշտոնատար անձինք, պարտավոր ենք լինելու այս օրենքն ընդունվելուց հետո ներկայացնել հրապարակային հայտարարագրեր և ենթարկվել հասարակության վերահսկողությանը։ Պաշտոնատար անձանց գործունեությունը լինելու է խիստ հրապարակային, թափանցիկ, բնականաբար, նվազելու են կոռուպցիոն ռիսկերը։ Դրականը նաև այն է, որ հազարավոր հայտարարագրերը, որ լրացնում էինք և որոնք վերաբերում էին նաև միջին մակարդակի պետական չինովնիկներին, ըստ էության որևիցե քաղաքական բովանդակություն չունեին։ Այս օրենքով մենք կենտրոնանում ենք հենց 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վրա։ Կարևոր է նաև, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է Համաշխարհային բանկի, մի քանի փուլ` Եվրամիության փորձագետների հետ, որոնց առաջարկով հրաժարվել ենք ծանր կառույց ստեղծելու գաղափարից, որովհետև ի վիճակի չէինք լինելու այս հայեցակարգը ներդնել և արդյունավետություն ապահովել։ Ցավոք սրտի, քվորումի բացակայության պատճառով այս նախագիծն Ազգային ժողովի կողմից չի ընդունվել, բայց մենք վստահ ենք, որ պատգամավորները մեզ կաջակցեն և այս կարևորագույն բարեփոխումը կիրականացնենք։ Սա ոչ միայն հակակոռուպցիոն, այլև առաջին հերթին քաղաքական բովանդակություն ունի, և մենք նոր ընտրությունները պետք է դիմավորենք ունենալով այս օրենքը, որովհետև սա նաև զսպաշապիկ է լինելու շատերի համար, որոնք ծանոթանալով, թե ինչպիսի հրապարակայնություն է ենթադրվում, չեն ձգտի զբաղեցնել այն պաշտոնները, որոնց նկատմամբ հիմա բոլորը մեծ ձգտումներ ունեն»։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Կպահպանվեն ավտոսեփականատերերի իրավունքները

Կառավարությունն իր նիստում տարբեր տարիներին ընդունած երեք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով տրանսպորտային միջոցների ցանկ են մտցվել տրիցիկլները և քվադրոցիկլները։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կնվազի հաշվառման համարանիշներից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը հատկացնելիս տրանսպորտի միջոցի սեփականատիրոջ կողմից կատարվող ծախսը, կպահպանվեն սեփականատերերի` օրենքով ամրագրված իրավունքները հաշվառումից ժամանակավոր հանելու և տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար պատասխանատվություն չկրելու խնդրում, կապահովվեն այն բազմաթիվ մարդկանց շահերը, ովքեր մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը չեն հասցրել հաշվառումից ժամանակավորապես հանել տրանսպորտային միջոցները։


Գույքը նվիրաբերվում է գյուղական համայնքներին

ՀՀ կառավարությունն իր ընդունած երկու որոշմամբ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի իրականացրած «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերով կառուցված և վերականգնված ենթակառուցվածքների և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով այդ գույքը նվիրաբերել է գյուղական համայնքներին, ինչպես նաև նշված ծրագրերն ապահովել անհրաժեշտ ֆինանսավորմամբ, ինչի շնորհիվ կիրականացվեն նախատեսված աշխատանքները։ Մեկ այլ որոշմամբ «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով ձեռք բերված և տեղակայված հակակարկտային համակարգը, որը բաղկացած է հինգ կայանից և կառավարման կենտրոնից, նվիրաբերել է Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքին։ Շահագործման պահից` 2009թ. ի վեր, համակարգն արդյունավետ է աշխատել` վնասազերծելով գրեթե բոլոր կարկտավտանգ իրավիճակները։
Գործադիրը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Լոռու մարզի Կաթնաջուրի համայնքում կառուցված շենքը, շրջակա պատվարը և սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը նվիրաբերել համայնքին` որպես հասարակական մշակութային կենտրոն օգտագործելու համար։ Կառավարության որոշմամբ փոխվել է Բյուրականի գյուղական համայնքի վարչական սահմանում գտնվող մեկ հեկտար անտառային հողի կատեգորիան և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը` խաղահրապարակ կառուցելու համար։ Կազմակերպությունը, որի նպատակն է դաստիարակել գիտակից, ակտիվ, հոգեպես ամուր և հայրենասեր երիտասարդ սերունդ, ունի շուրջ 800 անդամ և գումարում է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային միջոցառումներ։


Ապահովվում է պետական սահմանի համալիր կառավարումը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագիրը։ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն առաջարկություն ներկայացնել ծրագրի կետերի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման վերաբերյալ, իսկ ֆինանսների նախարարին` յուրաքանչյուր տարվա պետբյուջեն ծրագրելիս քննարկել սույն որոշմամբ հաստատված ծրագրի համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը։
Իր որոշումներով գործադիրը սահմանել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների, ՀՀ ԿԱ ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների (բացառությամբ քննչական գործառույթ իրականացնող ծառայողների և պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների առավելագույն չափերը։


Ստեղծվում է կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ

ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ լրացում կատարելու միջոցով գործադիրը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինն օժտել է հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությամբ։ Հաջորդ քայլը ՊՈԱԿ-ի կազմում «Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ» անվամբ մասնաճյուղի ստեղծումն է, որի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրել են նաև Երևանի պետհամալսարանը և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նորաստեղծ մասնաճյուղը կարող է դառնալ տարածաշրջանում եզակի գիտական գերազանցության կենտրոն, որի աշխատանքում առանցքային դեր կունենա կրթական բաղադրիչը։
Վերաբաշխելով 2011թ. պետբյուջեն, փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2011թ. երկրորդ եռամսյակում հատկացրել է 58000.0 հազար դրամ` կրթական համակարգի բարելավմանն ուղղված և տեղեկատվական ծրագրերի իրականացման նպատակով։
ՀՀ Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացման համար ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը։
Գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»-ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը։


Ներդրվում են միջազգային առողջապահական կանոններ

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել դեռևս 2005թ. ընդունված «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչի շնորհիվ փաստաթուղթը դարձել է եվրոպական մոտեցումներին համահունչ։
Կառավարությունը որոշել է 2011 թվականին Երևանում կազմակերպել «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք», «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց», «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով» և «Սրտաբանության եվրակովկասյան համաժողով» համաժողովները։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ արտգործնախարարության «Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվը, ըստ որի Լոռու մարզի Դսեղ գյուղում անցկացվելու է տիկնիկային թատրոնների արդեն ավանդական դարձած միջազգային փառատոնը։


Այլ որոշումներ

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2011թ. հունվարի 13-ի «ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (01.01.2011-31.03.2011 ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 25 հանձնարարականների կետերից ս.թ. ապրիլի 11-ի դրությամբ կատարվել է 23-ը։ Կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 25 կետից 3-ն ուշացումով է կատարվել։
Նկատի ունենալով Վլադիմիր Ենգիբարյանի` համաշխարհային սպորտում ունեցած մեծ նվաճումներն ու Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը կոչել անվանի մարզիկի անվամբ։ Նա ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ է, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ Եկող տարի լրանում է Վլադիմիր Ենգիբարյանի 80-ամյակը։
Գործադիրը որոշել է Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշել որպես գյուղատնտեսության աշխատողի օր։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ