երկուշաբթի, 1 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի մանկավարժներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, որը տարիներ ի վեր նշվում է իբրև Գիտելիքի տոն, խորհրդանշելով գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ակնածանքը, նաև հոգածությունը նրա մշակների նկատմամբ: Այսօր առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել նրանց, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական և ուսանողական կյանքի շեմը, հրաշալի մի աշխարհ, որտեղ նրանց բազում հետաքրքրություններ և լուսավոր պահեր են սպասվում: Դուք՝ այսօրվա դպրոցականներդ և ուսանողներդ եք լինելու մեր անկախ պետականության, կիրթ ու բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները, հայրենանվեր գործ, որ այսօր բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում են մեր ուսուցիչները:
Այս գեղեցիկ և հիշարժան օրվա առիթով մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ուսման մեջ և ձեր գիտելիքները հետագայում ի նպաստ մեր պետության ու ժողովրդի կիրառելու գործում: