Հինգշաբթի, 4 Փետրվար 2010
Կբարելավվի փոստային ծառայության որակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը սահմանել եւ կանոնակարգել է
Իր ընդունած երկու որոշումներից մեկով կառավարությունը լրացում է կատարել նախկին որոշման մեջ, մյուսով կանոնակարգել փորձաքննությունների կատարման ծառայությունների գծով ՀՀ դատախազության կողմից 2010թ. իրականացվող պետպատվերը։ Որոշման հավելվածով սահմանվում է, որ 2010թ. ընթացքում ՀՀ դատախազությունը պետք է ձեռք բերի 5 հազար 635 փորձաքննության կատարման ծառայություն 28 փորձագիտական տեսակով` 2010թ. պետբյուջեի ծախսային ծրագրով 161836.3 հազար դրամի չափով նախատեսված միջոցների հաշվին։
Գործադիրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված ֆիզիկական եւ բարոյապես մաշված հեռախոսակայանի վաճառքից ստացված եկամուտը թույլատրել է օգտագործել կապի համակարգի զարգացման նպատակով։
Կառավարությունը, ընդունելով «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2010թ. պետպատվերի մասին» որոշումը, սահմանել է, որ ընթացիկ տարում պետք է վերապատրաստվի 680 հատուկ ծառայող եւ հատուկ ուսուցում ստանա 703-ը։
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում եւ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկում ավելացրել մաքսային միջնորդական գործունեությունը։ Դրանով իսկ, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, ակնկալվում է «Հայփոստ» ՓԲԸ մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության եւ մատչելիության ապահովում։
Գործադիրը որոշում է կայացրել ՀՀ Ազգային Ժողովի արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին` նկատի առնելով ԱԺ կարողությունների զարգացման համար նվիրատվության տեսքով գումարների շրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը։
Նոր օրինագծեր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար։ Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար։ Այսպիսով ընդունելի է համարվում եվրոպական երկրների փորձը, երկրներ, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց` հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը։
Գործադիրը սկզբունքային առարկություն չունի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխմամբ, որի համաձայն 2009թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը։
Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հաստատել է «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձեւի 15 (Ա) կետի համաձայն ներկայացվող ՀՀ ազգային զեկույցը», որը ս.թ. մայիսին պաշտպանվելու է ՄԱԿ-ի աշխատանքային խմբում` երկրի պատվիրակության եւ անդամ երկրների միջեւ ծավալվող ինտերակտիվ երկխոսության միջոցով։ Նշված ընթացակարգն արդյունավետ անցնելու, ինչպես նաեւ երկրի պատրաստվածությունը ժամանակին ապահովելու համար անցած տարվա ընթացքում կառավարությունը հաստատել է մարդու իրավունքներին առնչվող վեց զեկույց։
Իր նիստում գործադիրը հաստատել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ երրորդ եւ չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը»։
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերի եւ նախագծերի համաֆինանսավորման սկզբունքով իրականացմանը, գիտնականների եւ մասնագետների փոխանակմանը, ինչպես նաեւ գիտական կադրերի պատրաստմանը։
Այլ հարցեր
Կառավարությունը «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին եւ «Վանդսա» ՍՊԸ-ին թույլատրել է մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել որոշակի տեսակով եւ քանակով պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ, որոնց արտադրությունը Հայաստանում չի իրականացվում։
Գործադիրը որոշումներ է ընդունել 2010թ. հունվարի 17-ին կայացած Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, 2010թ. հունվարի 24-ին կայացած Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի ղեկավարի, Արագածոտնի մարզի Սուսերի գյուղական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Պարտիզակի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010թ. հունվարի 31-ին կայացած Գեղարքունիքի մարզի Երանոսի եւ Ձորագյուղի գյուղական համայնքների ղեկավարների, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի գյուղական համայնքների ավագանիների անդամների եւ Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։
Կառավարությունը որոշել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,05 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար։
Կառավարությունը Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան եւ մաղթել բեղմնավոր աշխատանք։ Վարչապետն անդրադարձել է նաեւ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ մամուլում եղած տարաբնույթ մեկնաբանություններին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախկին փոխնախարարն ինքն է ցանկություն հայտնել թողնելու այդ պաշտոնը եւ նվիրվելու ստեղծագործական աշխատանքին։ Դավիթ Մուրադյանի գործունեությունը, վարչապետի խոսքով, միշտ էլ բարձր է գնահատվել։ Այժմ նույնպես նրանից ակնկալվում են ստեղծագործական ակնառու արդյունքներ։
Իր նիստում գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ ուսումնառության ավարտը տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։


