երեքշաբթի, 7 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության մի խումբ գործարարների, ովքեր Հայաստանում են գտնվում հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերի խորացման և համագործակցության ընդլայնման նպատակով։
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ համագործակցության ծավալները դեռևս բավարար չեն, և բելառուս գործարարների այցը Հայաստան նոր թափ կհաղորդի փոխշահավետ կապերի զարգացմանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, կաթնամթերքի վերամշակման տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման և բելառուսական ներդրումների իրականացման վերաբերյալ հարցեր։
Բելառուս գործարարները, ովքեր ներկայացնում են սննդամթերք արտադրող խոշորագույն ձեռնարկություններ, շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին համագործակցության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար և վստահեցրել, որ փոխգործակցությունը կլինի արդյունավետ։
Քննարկվել է նաև Հայաստանում Բելառուսական առևտրի տան ստեղծման հարցը, որը հնարավորություն կընձեռի բելառուսական ապրանքների ողջ տեսականին ներկայացնել հայկական շուկայում։