չորեքշաբթի, 26 մարտի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվեն Հիրդմանին։
Կողմերը հավաստել են, որ հայ-շվեդական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, և վերջին տարիներին նույնիսկ դրանցում որոշակի աշխուժացում է նկատվում։ Միաժամանակ նրանք նշել են, որ համագործակցության լայն և դեռևս լիարժեք չօգտագործված ներուժ գոյություն ունի տնտեսական, մշակութային, գիտա-կրթական բնագավառներում։ Դեսպանի խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում տնտեսական զարգացումների, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքը։ Իր գոհունակությունը հայտնելով մեր երկրում այդ գործընթացներից, պարոն Հիրդմանը հայտնել է Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը միտված Շվեդիայի կառավարության տրամադրվածության մասին։ Ըստ նրա, վերջին տարիներին մեր երկրում նկատելի քաղաքական ու տնտեսական կայունությունը, տնտեսական աճի տեմպերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի և Շվեդիայի երկկողմ համագործակցության խորացման համար։ Դիվանագետը խոստացել է հաջորդ անգամ Հայաստան վերադառնալ շվեդ գործարարների պատվիրակության հետ։