կիրակի, 29 դեկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցավակցական խոսքը Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ.
«Խորապես վշտացած եմ Տիգրան Նաղդալյանի չարանենգ սպանության կապակցությամբ։ Մեր լրատվության ամենաաչքի ընկնող դեմքերից մեկի դեմ գործված այդ դաժան, անմարդկային և փոքրոգի ոճիրը որևէ արդարացում չունի։ Տիգրան Նաղդալյանը կանգնած էր հանրապետությունում նոր որակի լրատվական քաղաքականության, հատկապես հանրային հեռուստատեսության ձևավորման ակունքների մոտ և, վերջին տարիներին լինելով այդ բնագավառի ղեկավարներից մեկը, մեծ ջանքեր էր գործադրում ոլորտի հետագա զարգացման համար։ Այս իմաստով, կարծում եմ, կատարվածն ուղղված էր նաև ավելի հեռահար նպատակի մեր երկրում բացախոսության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների արմատավորման դեմ ընդհանրապես։ Վստահ եմ, որ այդ քստմնելի ոճրագործության հեղինակները անպայման կհայտնաբերվեն և կկրեն իրենց արժանի պատիժը օրենքի ամբողջ խստությամբ։
Խորապես ցավակցում եմ Տիգրան Նաղդալյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցներին նրա անժամանակ և ծանր կորստի կապակցությամբ»։