ուրբաթ, 18 հոկտեմբերի 2002
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությամբ։
Պատվիրակության կազմում են կոնգրեսի գործադիր փոխտնօրեն Ուլրիխ Բոները, կոնգրեսի քարտուղարության ներկայացուցիչ Իվան Վոլոդինը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Պատվիրակության խնդրանքով համակարգող նախարարը հանգամանորեն ծանոթացրել է հանրապետության 654 համայնքներում համայնքապետերի և 645-ում ավագանիների ընտրությունների անցկացման կարգին, գործող օրենքներին, կազմակերպական խնդիրներին։ Կարևորելով հատկապես ընտրությունների արդարացիությունն ու թափանցիկությունը, Հովիկ Աբրահամյանը հավաստել է դրանք բարձր կազմակերպվածությամբ անցկացնելու, ինչպես նաև իրենց առաքելությունն իրականացնելու ընթացքում եվրոպական դիտորդներին հնարավորինս աջակցելու կառավարության պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում համակարգող նախարարը նաև պարզաբանումներ է տվել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։