չորեքշաբթի, 18 սեպտեմբերի 2002
ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Վարչապետը՝ խորհրդի անդամներին միմյանց ներկայացնելուց հետո, անդրադարձել է խորհրդակցական այդ մարմնի ստեղծման անհրաժեշտությանը, խորհրդի կանոնադրական խնդիրներին, գործառույթներին: Այնուհետև քննարկվել են կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ խորհրդի նիստերի օրակարգի ձևավորմանը վերաբերող: Հաջորդ նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ քարտուղարությանն առաջարկություններ ներկայացնելու համար խորհրդի անդամներին տրվել է մեկ ամիս ժամկետ:
Նիստի ընթացքում վարչապետը խոսել է եկեղեցի-պետություն հարաբերությունների, խորհրդի կանոնադրական խնդիրների լուծման գործում նրանցից յուրաքանչյուրի դերի մասին: Այնուհետև խորհրդի անդամները, ողջունելով այս մարմնի ստեղծումը և անչափ կարևորելով դրա աշխատանքը պետության և եկեղեցու համար, արտահայտել են իրենց մոտեցումները, դիրքորոշումները հետագա աշխատանքների վերաբերյալ:
Առաջին նիստի ավարտին, խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել նորաստեղծ մարմնի աշխատանքներին և նշել, որ խորհրդի անդամներից ակնկալում է գործուն և ակտիվ մասնակցություն: