չորեքշաբթի, 18 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է մեր երկրում Իրաքի Հանրապետության գործերի նորանշանակ հավատարմատար պրն Տարիկ Մուհամմադ Յահյային: Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել հավատարմատարին, հույս հայտնելով, որ նրա նշանակումը հայ-իրաքյան հարաբերությունների զագացմանը նոր խթան կհաղորդի: Ընդգծելով, որ հայ-արաբական, այդ թվում՝ հայ-իրաքյան շփումներն ունեն հազարամյակների պատմություն, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները շահագրգիռ են իրաքյան խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը: Վարչապետը ողջունել է Իրաքի ղեկավարության վերջին որոշումը՝ ՄԱԿ-ի միջազգային տեսուչների Իրաք վերադառնալու թույլտվության վերաբերյալ, որը զերծ կպահի երկիրը ռազմական գործողություններից:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական, մշակութային ոլորտներում առկա համագործակցության ներուժի լիարժեք օգտագործումը: Վարչապետն առաջարկել է այդ նպատակով ակտիվ գործակցել Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ, ակտիվացնել երկու երկրների գործարարների շփումները:
Հանդիպման ժամանակ Իրաքի հավատարմատարը դրվատանքով է խոսել Իրաքի հայ համայնքի մասին նշելով, որ հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման գործում մեծ է նաև նրանց դերը: