երկուշաբթի, 16 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցության մասին»: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Լլոյդ Դեյքինը:
Հուշագրի ստորագրումից հետո նախարար Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակին՝ համագործակցության համար և հավաստեց այդ համագործակցությունն ակտիվորեն շարունակելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Լլոյդ Դեյքինը իր հերթին շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը համագործակցության համար, բարձր գնահատեց այն ջանքերը, որ Հայաստանում գործադրվում են փախստականների հիմնախնդիրների լուծման՝ մասնավորապես հասարակության մեջ նրանց ինտեգրման, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման համար: Ըստ պարոն Դեյքինի, Հայաստանում այդ ուղղությամբ զգալի հաջողություններ են արձանագրվել՝ այն դեպքում, երբ որոշ երկրներ դրանց լուծման ճանապարհին մեծ դժվարությունների են հանդիպում: