շաբաթ, 27 հուլիսի 2002
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նիստում լսվել է հիմնադրամի գործադիր գրասենյակի հաշվետվությունը՝ 2002թ 2-րդ եռամսյակում կատարված աշխատանքների մասին: Այն ներկայացրել է ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Նա նշել է, որ 2002թ. 2-րդ եռամսյակի պլանն ըստ վճարումների կատարվել է 104.8 տոկոսով, իսկ շինարարական աշխատանքների գծով՝ 109.6 տոկոսով: Եռամսյակի ընթացքում կատարվել են 986 հազար778 ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներ, ընդ որում 325 հազար 457 դոլարը վճարվել է համաֆինանսավորողների անունից: Հաշվետու ժամանակաշրջանում, ըստ գործադիր տնօրենի, համայնքների անունից ներդրվել է 178 հազար 404 ԱՄՆ դոլար: Զեկուցվել է, որ մինչև տարեվերջ կավարտվի ևս 30 ծրագիր, որի գերակշիռ մասը դպրոցական շենքերի կառուցումն է՝ հիմնականում աղետի գոտում:
Նիստում խորհուրդը քննարկել է ընթացիկ մի շարք հարցեր, ինչպես նաև սահմանել է այն մարզերի հաջորդականությունը, որտեղ հիմնադրամը առաջիկայում գործունեություն կսկսի: Դրանք են՝ Կոտայքը, Արմավիրը, Սյունիքը: