երեքշաբթի, 9 հուլիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային գործադիր տնօրեն Փիթեր Սթեքին, որը շուրջ վեց տարի է, ինչ բանկի խորհրդում ներկայացնում է Հայաստանը: Պրն Սթեքը վարչապետին ներկայացրել է հայաստանյան այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, քննարկումները: ՀՀ վարչապետի — ՀԲ-ի տարածաշրջանային գործադիր տնօրենի զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը: Պրն Սթեքը նշել է, որ անչափ տպավորված է ջրային տնտեսության կառավարման ոլորտում նկատվող առաջընթացով, որտեղ դեռևս բավականին աշխատանք կա կատարելու: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Աղքատության կրճատման ռազմավարական ամփոփ ծրագրին, էներգետիկ ոլորտի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի և ՀԲ-ի համագործակցության ծրագրերին ու մեր երկրի տնտեսության առանձին ոլորտներին բանկի հնարավոր աջակցության խնդիրներին: