հինգշաբթի, 4 հուլիսի 2002
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Յոթ տարի առաջ 1995-ին ընդունված ՀՀ Հիմնական օրենքը, կյանքի կոչվելով մեր անկախ պետականության կայացման դժվարին շրջանում, անկասկած, նպաստել է մեր երկրում իրավական, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման նպատակների իրագործմանը: Կյանքը, սակայն, առաջ է ընթանում, և պետության ու հասարակության զարգացման յուրաքանչյուր ժամանակահատված իր նոր պահանջներն է առաջադրում, որոնք անհրաժեշտաբար պետք է իրենց արտացոլումը գտնեն Հիմնական օրենքում: Սահմանադրության բարեփոխման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հուսով եմ, հասարակության, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությամբ կատարելագործվելիք, ժամանակի պահանջներին համահունչ դարձվելիք մեր պետության Հիմնական օրենքը առավելագույնս կհամապատասխանի մեր ժողովրդի նվիրական իղձերին ու նպատակներին, անկախ Հայաստանի Հանրապետության հռչակած սկզբունքներին: