Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 դեկտեմբերի 2007



 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:



Նախքան նիստն սկսելը, վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի հրամանագրով խրախուսանքի արժանացած մի շարք պետական պաշտոնյաների հանձնել է ՀՀ նախագահի պարգևները և շնորհավորել այդ կապակցությամբ ու մաղթել հաջողություններ: ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի հրամանագրով, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը` Անանիա Շիրակացու մեդալով, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:



Տարեվերջյան նիստի բավականին հագեցած օրակարգի հարցերի թվում կառավարությունը քննարկել և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, հաշվի առնելով ՀՀ 2008թ. պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները: Կատարված փոփոխությունները պայմանավորված են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26-ի նիստի արձանագրության հանձնարարականով (կենսաթոշակի չափի բարձրացման հետևանքով նպաստառու ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքը կորցնելը բացառելու մասին), ինչպես նաև համակարգը հնարավորինս պարզեցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականով: Նշվել է, որ 2008թ. հունվարի 1-ից նախատեսված կենսաթոշակների չափերի 65%-ով բարձրացման հետևանքով նպաստառու 124 հազար ընտանիքներից 35748-ը (որից 35309-ը կենսաթոշակառու ունեցող ընտանիքներ) կարող է կորցնել ընտանեկան նպաստի իրավունքը: Ելնելով այդ ընտանիքների սոցիալական շահերի պաշտպանությունից, 2008թ. համար ընտանիքների անապահովության սահմանային միավորի մեծությունը 33.00-ի փոխարեն սահմանվել է 30.00 միավոր, որը շուրջ 14 հազար ընտանիքների հնարավորություն է տալիս պահպանել իրենց նպաստի իրավունքը: Որոշումը հատուկ դրույթ է նախատեսում նաև միայնակ չաշխատող, անժառանգ կենսաթոշակառու ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի իրավունքի որոշման համար: Ըստ այդմ, հաստատված կարգը լրացվել է նոր կետով, որի համաձայն ընտանեկան նպաստի իրավունք կունենան նշված կազմն ունեցող այն ընտանիքները, որոնց կենսաթոշակի չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար չի գերազանցի 30 հազար դրամը: Արդյունքում հիշյալ կազմն ունեցող 9 357 ընտանիքները ևս կընդգրկվեն ընտանեկան նպաստի համակարգ: Ընդհանուր առմամբ, կենսաթոշակների բարձրացման հետևանքով, ընտանեկան նպաստից զրկված 12 հազար 527 ընտանիքներից 8277-ը համակարգից դուրս են մնում «դրական հաշվեկշռով», այսինքն` կենսաթոշակի բարձրացման չափն ավելի մեծ է, քան կորցրած նպաստի գումարը: Համակարգից «բացասական հաշվեկշռով» դուրս մնալու ենթակա ընտանիքների խնդիրը ևս կարգավորելու նպատակով, հիշյալ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 12-ի N 110 որոշման դրույթներով, սոցիալական աջակցության խորհուրդների քննարկմանն առաջնահերթ ներկայացնել նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին տվյալ տարվա բոլոր եռամսյակներում հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու հարցը:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող «Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի: Նշված ծառայությանն են վերապահվել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Պարզեցված հարկի մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները: Որոշմամբ հաստատվել են նաև ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Սահմանվել է, որ նախքան վերակազմակերպումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները` մինչև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգ ընդգրկելը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության գործառույթների կրկնությունը բացառելու, ինչպես նաև ծառայության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, կազմել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել նախարարության և ծառայության կառուցվածքների, աշխատողների թվաքանակի, գույքի կազմի և գործառույթների, ինչպես նաև ծառայության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքների մասին համապատասխան իրավական ակտերի նախագծեր: Այս հարցի կապակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախ կատարված փոփոխություններից, կարևորն այն է, որպեսզի համակարգը շարունակի բնականոն գործել: Վարչապետն ընդգծել է, որ թոշակների ժամանակին ստացման պատասխանատուներն են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը:



Որոշմամբ կարգավորվում են մի շարք կարևոր խնդիրներ ևս. բարձրացվել է ընտանեկան նպաստի չափը, որի համար բազային նպաստի չափը սահմանվել է 8000 դրամ (շուրջ 9 տոկոսով ավելի, քան 2007թ.-ին), 500 դրամով (շուրջ 8-10 տոկոս) բարձրացվել են երեխաներին տրվող հավելումների չափերը: Կատարված միջոցառումներն ապահովում են ընտանեկան նպաստի միջին ամսական չափի բարձրացում 20.5 տոկոսով (2007թ. 17500 դրամի փոխարեն` 21100 դրամ): Պահպանվում է հավելումների չափերի տարբերակման սկզբունքը` սահմանվում է անապահովության միավորի 3 տիրույթ. յուրաքանչյուր տիրույթի համար երեխային տրվող հավելման չափը` 5000-5500-6000 դրամ, յուրաքանչյուր տիրույթում` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում (հատուկ բնակավայր) բնակվող ընտանիքի երեխայի համար` 5500-6000-6500 դրամ և չորս ու ավելի երեխա ունեցող ընտանիքների (բազմազավակ) համար` 6000-6500-7000 դրամ, յուրաքանչյուր տիրույթում հատուկ բնակավայրերում բնակվող բազմազավակ ընտանիքների համար` 6500-7000-7500 դրամ: Բարձրացվում է նաև ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների համար տրվող հրատապ օգնության չափը` 2007թ. 200 հազար դրամի փոխարեն սահմանելով 300 հազար դրամ և նշանակություն չտալով տվյալ ընտանիքի` ընտանեկան նպաստի համակարգում նախապես հաշվառված չլինելու հանգամանքին: Որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2317-Ն, 2006թ. հունվարի 12-ի N 110-Ն որոշումներում: Սահմանվել է, որ որոշումը տարածվում է 2008թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ որոշման ընդունմամբ հունվարի 1-ից բոլոր նպաստառուները ժամանակին և ավելի մեծ չափով են ստանալու իրենց նպաստները, քանի որ, ըստ նրա, կենսաթոշակների ավելացման հետևանքով ոչ մի նպաստառու դուրս չի մնալու առկա ցուցակներից:



Այլ որոշումներով գործադիրը ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման հիման վրա ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի բնակիչներին ազատել է բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով ՀՀ 1997-2000թթ. պետական բյուջեներով տրամադրված վարկերի վերադարձման պարտավորություններից: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով 1997թ. պետական բյուջեի վարկերի հաշվին Շիրակի և Լոռու մարզերում շահագործման հանձնված բնակելի տների բնակիչների կողմից իրենց բնակարանների համար վճարման ենթակա գումարները մարվել են, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ միասնական քաղաքականություն վարելու և աղետի գոտու բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով: Որոշվել է ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 8-ի N 279 որոշման հիման վրա, ՀՀ 1998թ. պետական բյուջեով նոր բնակարան գնելու համար տրամադրված վարկերի վերադարձման պարտավորությունից ազատել նաև Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիներին` Արծվաշեն համայնքի 66 ընտանիքներին: Որոշումների համաձայն, վարկառուներին հատկացված վարկային գումարները կձևակերպվեն որպես ՀՀ կառավարության կողմից հիշյալ քաղաքացիներին տրամադրված պետական աջակցություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշումներում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուների հետ կնքել համապատասխան նվիրատվության պայմանագրեր:



Հաշվի առնելով նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի համաձայնությունը, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ պաշտպանության նախարարին` Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման և շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկել ՀՀ պաշտպանության նախարարության 2008թ. բնակարանային շինարարության ծրագրում: Որոշմամբ հաստատվել է նաև հիշյալ բազմաբնակարան շենքի բնակարանների կառուցվածքը` ըստ սենյակների թվի: Սահմանվել է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո, շենքի 120 բնակարաններից 90-ը սեփականության իրավունքով կտրամադրվի Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամներին, 30-ը կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը: Սահմանվել է նաև, որ որոշման համապատասխան հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի և արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման: Հիշյալ անձանց նկատմամբ ՀՀ կառավարության 1997թ. ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ նախկին «Մասիս-3» կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվել են դադարեցված: Որոշման համաձայն, նախկին «Մասիս-3» կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները մինչև 2007թ. ապրիլի 1-ը չներկայացնելու պատճառով հիշյալ ցուցակում չընդգրկված կոոպերատիվի 30 փայատերերին` Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց կտրամադրվի դրամական օգնություն, ՀՀ կառավարության 2002թ. մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` 2010 թվականին: Սահմանվել է նաև, որ յուրաքանչյուր փայատիրոջ տրամադրման ենթակա օգնության գումարի չափը որոշվում է ՀՀ կառավարության 2000թ. օգոստոսի 2-ի N 432 որոշմամբ հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի համաձայն, առանց հաշվի առնելու փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքի ու շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ցուցանիշները:



Ի դեպ, ՀՀ վարչապետի 2007թ. դեկտեմբերի 4-ի N 855-Ա որոշմամբ` ՀՀ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված այսօրինակ և այլ հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով, ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի գլխավորությամբ, որը գործում է քաղ. Երևան, Խորենացու 7 հասցեում: Վարչապետի հիշյալ որոշմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է` դիմում-բողոքների ուսումնասիրման նպատակով աշխատանքային խմբի աշխատանքներում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ներգրավել անկախ փորձագետների:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Երևանի Սիլիկյան թաղամասում կառուցված` պետական սեփականություն հանդիսացող, 51 մլն 378.3 հազար դրամ արժեքով ջրահեռացման համակարգն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում նշված գույքը վարձակալական իրավունքով տրամադրել «Երևան Ջուր» ՓԲԸ-ին: Որոշումն ընդունվել է հիշյալ ջրահեռացման համակարգի շահագործման ու սպասարկման աշխատանքները լիարժեք և անխափան կազմակերպելու նպատակով:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների գումարն ավելացնել շուրջ 33.6 մլրդ դրամով, ծախսերինը` 35.2 մլրդ դրամով, դեֆիցիտի գումարը` 1.6 մլրդ դրամով: Նշվել է, որ եկամուտների ավելացվող գումարը ձևավորվել է «Լինսի» հիմնադրամի կողմից ՀՀ-ին 2007թ. հատկացված դրամաշնորհների գումարի` (շուրջ 12.7 մլրդ դրամ), պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման 2007թ. նախահաշիվներով նախատեսված ընթացիկ տարվա եկամուտների գումարի (շուրջ 11.2 մլրդ դրամ), պետական մարմինների կողմից պետական բյուջե կատարվող վճարումների դիմաց հաշվանցված գումարի (8.5 մլրդ դրամ) և պետականացված ինքնակամ կառուցված շինությունների օտարումից, ինչպես նաև ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում կատարվող վճարներից պետական բյուջե ստացված 1.2 մլրդ դրամ եկամուտների գումարների հաշվին: Որոշմամբ ՀՀ 2007թ. պետական բյուջեով հաստատված ՀՀ 2007թ. պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտներն ու ծախսերը ևս ավելացվել են շուրջ 1.2 մլրդ դրամով (այդ գումարի չափով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տարեկան գումարի ավելացման հաշվին)` 2008թ. կենսաթոշակառուների ապահովագրական կենսաթոշակների նույն ամսում վճարումն ապահովելու համար:



ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի «ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարված լրացման համաձայն, նախատեսվում է «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող տրանսպորտային միջոցների վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության ստուգման իրականացում, որի կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:



Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Շիրակի 2ա, Կիևյան 8ա, Գրիբոյեդովի 1-ին նրբ, Արցախի 4-րդ նրբ. և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքի ճարտարագիտական քոլեջի, և Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Աէրացիա N 2 հասցեների, ինչպես նաև «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Նոր Նորքի ուսանողական ավանի, Գրիբոյեդովի 1-ին նրբ. 11 շենքի հասցեների հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջնորդություններին: Սահմանվել է նաև, որ որոշումներում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «ՀՀ 2007թ. պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 652-Ա որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է 5 մլն 929 հազար դրամի 13 անուն գույք հատկացնել Արմավիրի քաղաքապետարանի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցին, 4 մլն 743.3 հազար դրամի 16 անուն գույք «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին` ՀՀ կառավարության 2007թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում հատկացված մարզադահլիճի կահավորման նպատակով:



Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշման մեջ: Որոշումն ընդունվել է հիշյալ որոշման պահանջներին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2007թ. սեպտեմբերի 13-ին և 14-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները: Լիազորվել է Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկել որոշման մեջ նշված տարածքներում սեփականության և պետական գրանցում ունեցող գույքային իրավահարաբերություններ ունեցող անձանց:



Մեկ այլ որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007թ. հունիսի 8-ի հրամանագրով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Որոշմամբ նաև կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում: Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման մեջ: Չեղյալ է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 113-Ն որոշումը:



Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է` մինչև «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, հիշյալ օրենքով կարգավորել դատավորների կենսաթոշակի իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում էր դատավորների կենսաթոշակի իրավունքը, ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մտնելուց հետո, կորցրել է իր իրավական ուժը:



ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստի գյուղական համայնքի առաջարկությունը, կառավարությունը որոշել է նոր պոմպակայան կառուցելու համար «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքից 0.05 հա հողամաս, առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Արծվանիստի գյուղական համայնքին` վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով: Որոշումն ընդունվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստի գյուղական համայնքը և «Սևան» ազգային պարկը ոռոգման ջրով ապահովելու նպատակով:



«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը, որով ամբողջանում է հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի շարքը: Մինչ այդ ՀՀ կառավարությունն արդեն իսկ որոշումներ էր ընդունել` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր և անհատական չափաքանակների սահմանման և առաքման թույլտվությունների վերաբերյալ: Կարգի ընդունմամբ ապահովվում է այն անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթը, որոնք թույլ կտան պատշաճ ձևով կատարել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ սահմանված երկրի պարտավորությունները:



Նիստում կառավարությունը որոշել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության նվիրատվության 4-րդ ծրագրի շրջանակներում 2006թ.-ին Հայաստան ներկրված և կազմակերպված աճուրդների ժամանակ չվաճառված 10 միավոր փոքրածավալ հացահատիկահավաք կոմբայնները ուսուցման նպատակով, անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ ուսումնական կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը:



Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» ծրագրի վերաբերյալ հայտագրերի փոխանակման առաջարկություններին:



«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը: Որոշման նպատակն է կանոնակարգել ՀՀ ավտոկայարանների և ավտոկայանների գործունեությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ տարածքից ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը:



«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի, ինչպես նաև միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, դրանց տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 3-ի N 1103-Ն որոշումը:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի արտոնություններ սահմանել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով ՀՀ այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամների համար:



Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, ինչպես նաև դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա, որն արդյունավետորեն գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայեցակարգի ներդրմամբ մեծապես կապահովվի ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացած վնասների հատուցման արդյունավետ մեխանիզմ, որով կլուծվի տուժած անձանց սոցիալական պաշտպանվածության խնդիրը:



«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից փոխանցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը: Որոշման կատարումն ապահովող համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ոստիկանության պետին: Այլ որոշումներով, 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 441 մլն 670.768 հազար դրամ է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարությանը` «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների պահպանության գործառույթն իրականացնելու նպատակով: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաստիքները համալրվել են անհրաժեշտ հաստիքային միավորներով:



Նիստում կառավարությունը հավանություն է տվել հարկային օրենսգրքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:



Գործադիրը հավանություն է տվել նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ապահովված հիպոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքների նախագծերի և դրանցով պայմանավորված մի շարք գործող օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ծխախոտի արտադրանքի հարկման մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս, որը կարգավորում է ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող սիգարների, սիգարելաների և սիգարետների համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը:



«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը Աշոտ Ղազարյանին` իր դիմումի համաձայն, ազատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:



Այլ որոշումներով նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի, Տավուշի մարզի Հաղարծնի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Սյունիքի մարզի Տաթևի, Վայոց Ձորի մարզի Արենիի, Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքների, ինչպես նաև Լոռու մարզի Թումանյանի, Արմավիրի մարզի Մեծամորի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծերի իրականացման մոնիթորինգն ապահովել` ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի համաձայն: Հանձնարարվել է նաև պետական կառավարման մարմիններին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծերի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության: Առաջարկվել է հիշյալ համայնքների ղեկավարներին` համայնքների զարգացման ծրագրում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության: Սահմանվել է, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:



Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշում է ընդունվել նաև ՀՀ Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:





 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ