Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 դեկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքաշինական հարցերի վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Երևանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի շինարարների միության վարչության «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը, «Երևաննախագիծ» ՊՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը, քաղաքաշինական խորհրդի կազմում ներգրավված, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող անվանի ճարտարապետներ և քանդակագործներ:


Խոսելով Երևան քաղաքում առկա հիմնական քաղաքաշինական խնդիրների մասին, վարչապետը ներկայացրել է դրանց վերաբերյալ իր մտահոգություններն ու մայրաքաղաքը նրա բնակիչների, նաև` այցելուների համար ավելի հարմարավետ դարձնելու պատկերացումները` քննարկման թեմա դարձնելով նաև այն հարցը, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի Երևանը կարողանա շարունակել և լավագույնս կատարել համայն հայության մայրաքաղաքը լինելու իր առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանում, իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան` սկսած աղբահանությունից, տրանսպորտից .., սակայն, իր համոզմամբ, այդ ամենի հիմքը, առանցքը, քաղաքաշինական հիմնախնդիրներն են: Նշելով, որ տարեցտարի պետությունն ավելացնում է Երևանի քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը հատկացվող միջոցները, վարչապետը կարևորել է նաև դրանք արդյունավետ օգտագործելու խնդիրը, որպեսզի հետագայում նոր հարցեր չառաջանան արդեն իսկ իրականացված նախագծերի վերաբերյալ: «Ի վերջո, այս հարցում ամենից շահագրգիռ կողմը դուք պետք է լինեք,- դիմելով մասնագետներին, ասել է վարչապետը,- քանի որ կառավարություններն ու վարչապետները գնում են, ձեր անունն է մնում, և մնում են այն կոթողները, որ կերտում եք դուք»:


Երևանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանը, նշելով, որ մինչև 2005թ. Երևանի գլխավոր հատակագծի հաստատումը, քաղաքի զարգացումը ինչ-որ չափով հախուռն, տարերային ընթացք է ունեցել, և այժմ արդեն փորձ է արվում խնդիրը կանոնակարգել, խորհրդակցության մասնակիցներին ընդհանուր գծերով ներկայացրել է իր պատկերացմամբ հիմնական այն խնդիրները, որոնք այսօր առավել մտահոգիչ են, և որոնց լուծման ուղղությամբ համընդհանուր մոտեցումներ ամրագրելով, անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ իրականացնել: Քաղաքապետն առանձնացրել է մայրաքաղաքի զարգացմանը զուգընթաց, տրանսպորտային կոմունիկացիաների զարգացման, մետրոպոլիտենի շինարարությունը վերսկսելու, մեծ խտություն և գերծանրաբեռնվածություն ունեցող քաղաքի կենտրոնում, բակային տարածքներում քաղաքաշինական ծրագրերի սահմանափակումների անհրաժեշտության հարցերը:


Քննարկման մասնակիցներն այս ամենին հավելել են նաև կանաչ տարածքների նվազման, պատմա-ճարտարապետական շերտերի պահպանման, հնարավորինս արագ ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցմանն անցնելու, քաղաքաշինական չափորոշիչների հստակ սահմանման ու վերահսկման, շինարարական նախագծերի փորձաքննության ուժեղացման և մի շարք այլ հարցեր: Ընդգծվել են հատկապես քաղաքաշինական ծրագրեր իրականացնելիս քաղաքի ուրույն դիմագիծը պահպանելու և այդ դիմագծին համահունչ զարգացնելու, քաղաքն իր բարձրաճաշակ շինարարությամբ ու հարմարավետությամբ մարդու կարիքներին ծառայեցնելու, այդպիսով` թամանյանական ճարտարապետության հիմքում դրված հումանիստական մոտեցումը պահպանելու, մայրաքաղաքն իբրև բարդ և, միաժամանակ միասնական օրգանիզմ ընդունելու և առկա խնդիրներն այդ միասնականության մեջ քննարկելու հարցերը:


Խորհրդակցության մասնակիցները չափազանց կարևոր են համարել ՀՀ կառավարության ղեկավարի հետ այսպիսի քննարկումները, որոնք համընդհանուր մտահոգությունների արդյունք են և հնարավորություն են տալիս անկաշկանդ խոսել ինչպես դրական զարգացումների, այնպես էլ առկա խնդիրների, սխալների, թերացումների ու հնարավոր ճիշտ լուծումների մասին: Նրանք հիշել են նաև ամիսներ առաջ ՀՀ վարչապետի այցը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան և շահագրգիռ քննարկումը դարձյալ քաղաքաշինական խնդիրների շուրջ, ինչը նրանց հավաստմամբ, խոսում է կառավարւթյան ղեկավարի հետևողականության ու կարևորագույն այս հարցերի նկատմամբ ուշադրության մասին:


Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար` վարչապետ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդակցությունը երկուստեք օգտակար էր: Նա նշել է, թե ամենևին ակնկալիքներ չուներ, որ մեկ քննարկման արդյունքում առկա բոլոր խնդիրների լուծման դեղատոմսերը կգտնվեն, այնուհանդերձ, հանդիպումը վերոնշյալ խնդիրների նկատմամբ շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները ճշգրտելու, լուծման ուղիները քննարկելու լավ հնարավորություն է: Վարչապետը հանձնարարել է քաղաքաշինական խորհրդի նախագահին` ընդհանրացնել ու ամփոփել քննարկման արդյունքները և դրանց հիման վրա պարբերաբար այսպիսի հանդիպումներ կազմակերպել` առկա խնդիրներին վերջնական լուծումներ տալու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ