ուրբաթ, 15 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Համեդ Հասանին, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը մեր երկրում: Վարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա աշխատանքում՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանը կշարունակի այն համագործակցությունը, որ մինչ այժմ եղել է Հայաստանի իշխանությունների և մեր երկրում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության միջև: Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման գործում Անդրանիկ Մարգարյանը կարևորեց դեսպան Համեդ Հասանի անձնական ներդրումը: Ըստ վարչապետի, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմամբ հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքներ ունենալ տնտեսական գործակցության ոլորտում:
Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան պարոն Համեդ Հասանը, շնորհակալություն հայտնեց վարչապետին ջերմ ընդունելության համար և նշեց, որ Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքի ամբողջ ընթացքում մշտապես ստացել է մեր երկրի իշխանությունների աջակցությունը: Նա վստահեցրեց, որ նոր դեսպանը ևս կանի հնարավորը հայ-սիրիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: