չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դր. Մարիուս Կալիգարիսին (նստավայրը` Վիեննա), որը համատեղության կարգով դեսպան է նշանակվել հարավկովկասյան երեք հանրապետություններում: Դեսպանը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարբեր բնագավառներում հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, վստահեցնելով, որ երկու երկրների միջև համագործակցության ու հարաբերությունների ամրապնդման նպատակով պատրաստ է հարկ եղած դեպքում, ավելի հաճախակի այցելել Հայաստան: Երկուստեք նշվել է, որ հայ-ավստրիական քաղաքական հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են, ինչը այդ հարաբերությունները առավել խորացնելու` կողմերի շահագրգռության վկայությունն է:
Հայաստանը, ըստ վարչապետի, նաև եվրոպական ինտեգրացման քաղաքականության համատեքստում է տարեցտարի զարգացնում հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Ավստրիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության մասին, ընդգծելով միջազգային կառույցներում ևս փոխշահավետ գործակցությունը և հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ավստրիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշումը:
ՀՀ վարչապետը և Ավստրիայի Հանրապետության դեսպանը կարևորել են քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց տնտեսական փոխգործակցության զարգացումը, ինչին է կոչված նաև հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Դեսպան Դր. Մարիուս Կալիգարիսը նշել է, թե հանձնաժողովի վերջին նիստում նկատելի էր Հայաստանի տնտեսության նկատմամբ ավստրիական ընկերությունների հետաքրքրվածությունը, որն արդեն հայկական շուկայում որոշ չափով դրսևորվում է: Դեսպանի համոզմամբ, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության լայն հնարավորություններ կան, և ջանքերը պետք է նպատակաուղղել այդ հնարավորությունների լիարժեք օգտագործմանն ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: