ուրբաթ, 8 փետրվարի 2002
Փետրվարի 11-13-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի հրավերով, Հայաստան կայցելի Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի և կառավարության անդամների, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ:
Այցի ընթացքում Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և ՀՀ Շիրակի մարզի միջև կստորագրվի համատեղ հռչակագիր համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին:
Ֆրանսիական պատվիրակության անդամները կլինեն Մատենադարանում, կայցելեն Նորք-Մարաշ հիվանդանոց, «Փյունիկ» մարզադաշտ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Հայաստանի ֆրանսիական համալսարանում կհանդիպեն ուսանողության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: