երեքշաբթի, 5 փետրվարի 2002
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի և հարակից տարածքներում հողօգտագործման վիճակի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեց, որ անցած տարիներին հիշյալ տարածքներում եղել են հողի վարձակալման, պայմանագրերի կնքման ու գրանցման, դրանցում շինարարության իրականացման հետ կապված իրավախախտումներ, որոնց բացահայտման արդյունքում անտառտնտեսության մի շարք պատասխանատուներ արդեն իսկ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նշվեց, որ Ծաղկաձոր քաղաքի վարչական սահմանների ճշտման խնդիրը լուծված է և մոտ ժամկետում կներկայացվի կառավարության հաստատմանը: Որոշվեց չեղյալ համարել հիշյալ տարածքներում ՀՀ պետռեգիստրում գրանցում չունեցող հողային վարձակալության բոլոր պայմանագրերը և դադարեցնել առանց իրավունքի դրանցում իրականացվող շինարարական աշխատանքները:
Խորհրդակցության մասնակիցները հաստատեցին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի և հարակից տարածքներում հողօգտագործման խնդիրների կանոնակարգման միջոցառումների ժամանակացույցը, որով նախատեսվում է, մասնավորապես, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Ծաղկաձորին ազգային պարկի կարգավիճակ տալու հարցը: