Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 սեպտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը: Այն կազմվել է` հաշվի առնելով ՀՀ-ում այդ հիվանդության բռնկումները և Վրաստանի Հանրապետությունում առկա անասնահամաճարակային վիճակը, ինչպես նաև խոզաբուծության բնագավառի վնասը նվազագույն չափերի հասցնելու նպատակով: Որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ-ում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանրապետական արտակարգ հակաանասնահամաճարակային հանձնաժողովի կազմը և նշված հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների պլանը: ՀՀ-ում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանվել է կարանտին: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` ըստ անհրաժեշտության հաստատել ՀՀ տարածքում կարանտին հսկիչ կետերի տեղադրման ցանկը` համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության պետի և համապատասխան մարզպետի հետ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների նպատակով 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամ, այդ թվում` ՀՀ Արագածոտնի մարզպետարանին 888.341.7 հազար դրամ, Արարատի մարզպետարանին 1072.440.0 հազար դրամ, Արմավիրի մարզպետարանին 933.736.0 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին 877.700.0 հազար դրամ, Լոռու մարզպետարանին 1248.770.0 հազար դրամ, Կոտայքի մարզպետարանին 1384.800.0 հազար դրամ, Շիրակի մարզպետարանին 906.123.0 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանին 825.700.0 հազար դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին 783.500.0 հազար դրամ և Տավուշի մարզպետարանին 896.772.0 հազար դրամ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ մարզպետներին: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին` հսկողություն իրականացնել որոշման կատարման նկատմամբ: Նկատի առնելով, որ հատկացված միջոցների ծախսումը դրված է մարզպետարանների վրա, վարչապետը հանձնարարել է նաև ճյուղային նախարարություններին` իրականացվելիք աշխատանքների որակի և ծավալի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Տարվա ընթացքում վերանայված ՀՀ պետական բյուջեի մեծացման շնորհիվ, կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսվում է, որ կլուծվեն հանրապետության մարզերում առաջնահերթ կամ հրատապ լուծում պահանաջող բազմաթիվ խնդիրներ:


Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի և ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկշաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ` «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին` լրամշակել նախագիծը ՀՀ վարչապետի մոտ կայանալիք քննարկումների արդյունքների հիման վրա: Որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին ևս, որը կներկայացվի ՀՀ ԱԺ: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանին` հնգօրյա ժամկետում քննության առնել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերը, սույն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ օրենքների նախագծերին համապատասխան լրամշակել դրանք և ներկայացնել ՀՀ կառավարություն:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 46 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, այդ թվում` 14 մլն դրամ` ՀՀ Արմավիրի մարզի Գայ համայնքում ինքնաշատրվանող խորքային հոր, 23 մլն դրամ Երևանի Նոր Նորքի համայնքում խորքային հոր հորատելու նպատակով, ինչպես նաև 9 մլն 900 հազար դրամ` ՀՀ 2008թ. պետական բյուջեում ընդգրկվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման համար: Եվս 15 մլն դրամ է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետարանին` մարզի Շենիկ համայնքում խորքային հոր հորատելու նպատակով: Որոշմամբ Արագածոտնի մարզի Արագածոտն և Կարպի համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով նշված համայնքների բյուջեներին տրամադրելու համար ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 29 մլն դրամ հատկացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 2008թ. օգոստոսի 8-26-ը Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիական թիմին աջակցելու, օլիմպիական ավանից դուրս օթևանող պատվիրակության անդամների հյուրանոցային ծախսերը հոգալու համար «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» միությանը գումար տրամադրելու նպատակով:


Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված «Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգում, որի համաձայն բացառիկ դեպքերում ՀՀ կառավարության որոշմամբ կարիքավոր ընտանիքներին կարող է աջակցություն տրամադրվել նաև առանց որոշման մեջ սահմանված այս կամ այն պահանջները հաշվի առնելու: Այդ դեպքերում կարիքավոր ընտանիքներին աջակցության տրամադրումն իրականացնում է հիշյալ կարգում նշված հանձնաժողովը:


Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀՀ ԱԺ 2007թ. ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքած ձայների թվի մասին ՀՀ ԿԸՀ-ի տվյալները, կառավարությունը հաստատել է ՀՀ ԱԺ 2007թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով 2007թ. երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին կուսակցությունների:


Մեկ այլ որոշմամբ, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավոր (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» 1995թ. օգոստոսի 14-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «1996թ. հունվարի 26-ին ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ի շահ ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունների կնքման առաջարկություններին:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված 11 մլն 617.5 հազար դրամ սկզբնական և 4 մլն 955.702 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 16 հասցեի 1647.51քմ մակերեսով մասնաշենքը և 127.85քմ մակերեսով շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.258569 հա հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով, որ հիշյալ տարածքը դեռևս 1983թ-ից մինչև օրս օգտագործվում է Շիրակի մարզպետարանի կողմից` որպես վարչական մասնաշենք:


Մեկ այլ որոշմամբ «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի 14 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 59.4 քմ ընդհանուր մակերեսով թիվ 3 և 4 սենյակները հետ վերցվել և ամրացվել են «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված տարածքում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային ստորաբաժանումը տեղակայելու նպատակով:


Նիստում կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու վերաբերյալ: Մասնավորապես, որոշվել է 5 մլն 433 հազար դրամ գնահատված արժեքով «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան», 26 մլն 922 հազար դրամ գնահատված արժեքով «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա», 2 մլն 890 հազար դրամ գնահատված արժեքով «Թիվ 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ՓԲԸ-ների բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել այդ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվներին` դրանք վերանվանելով համանուն փակ բաժնետիրական ընկերությունների: Որոշվել է ուղղակի վաճառքի ձևով աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնել նաև «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի` 26 մլն 52 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերը: Թույլատրվել է ՀՀ Կոտայքի մարզպետարանի «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող` Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող 236.7քմ մակերեսով անշարժ գույքով և գույքին հատկացված 286քմ հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված նշված գույքը` իրեն ամրացված հողատարածքով, ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, ինչպես նաև թույլատրվել է պետական գույքի կառավարման վարչությանը` Արզական գյուղում գտնվող 236.7 քմ մակերեսով անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Հարություն Հարությունյանին:


Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 19-ի «ՀՀ Շիրակի մարզի Ձորակապի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 201-Ն որոշումը` հարևան համայնքների միջև առկա սահմանային վեճը լուծելուց և համայնքների վարչական սահմանների նկարագրերը հաստատելուց հետո հարցին անդրադառնալու նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաև վարժարանի խորհրդի որոշումը:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 16-ի «Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 42 որոշման մեջ, որը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ 2007թ. փետրվարի 22-ի ՀՀ օրենքի ընդունմամբ, ըստ որի ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը պետք է տրամադրի միայն չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, սահմանվել է նաև դրույթ` ինքնակամ կառույցների նույն կարգով նախատեսված ժամկետներում օրինականացման համար սահմանված վճարների չվճարման դեպքերի համար:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներով, որոշումներ են ընդունվել ՀՀ մի շարք օրենքների նախագծեր անհետաձգելի համարելու վերաբերյալ:


Նիստում կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007թ. իր պահուստային ֆոնդից 2 մլն 631.615 հազար դրամ հատկացնել ՀՀ ԿԸՀ-ին` 2007թ. սեպտեմբերի 2-ին կայացած Լոռու մարզի Եղեգնուտ գյուղական համայնքի ղեկավարի, 2007թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք Վայոց Ձորի մարզի Գողթանիկ, Տավուշի մարզի Վարագավան գյուղական համայնքների ղեկավարների, Տավուշի մարզի Պառավաքար գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007թ. սեպտեմբերի 16-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղական համայնքի ղեկավարի, 2007թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007թ. սեպտեմբերի 30-ին կայանալիք Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղական համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Չկալով գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ