Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 հունիսի 2007




ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս



 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,



Հարգելի պատգամավորներ,




Տիկնայք և պարոնայք




Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։



Մինչև կառավարության գործունեության ծրագրի բովանդակային կողմին անցնելը, նախ ցանկանում եմ անդրադառնալ այն մոտեցումներին, որոնք քաղաքական զարգացումների արդյունքում ձևավորեցին գործադիր իշխանություն։




Ս.թ. մայիսի 12-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից հետո, քաղաքական բանակցությունների արդյունքում, չորրորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված հիմնական քաղաքական ուժերի կողմից ստեղծվեց կոալիցիա և համագործակցության կողմ, որոնք էլ ձևավորեցին նոր կառավարություն։



Հիմնական նպատակը հասարակության առավել մեծ վստահություն վայելող և արդյունավետ գործող կառավարության ձևավորումն է, որն ապահովելով նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը, առանձնակի ուշադրություն կդարձնի տարիների ընթացքում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։




Կոալիցիոն և համագործակցության ձևաչափով կազմավորված կառավարությունը ներկայացված ծրագրով պարտավորվում է իրականացնել միասնական քաղաքականություն` գործադրելով այն արդյունավետ իրականացնելու բոլոր ջանքերը։



Մեր երկիրն անցնում է պետականության կայացման բարդ ուղին։ Փաստորեն, հաղթահարելով տնտեսական ճգնաժամը, բարդ սոցիալական կոն‎ֆլիկտները, կուսակցական և գաղափարախոսական հակասությունները, մենք կառուցում ենք նոր կյանք։ Որպես արդյունք, հետզհետե, առայժմ իհարկե դանդաղ, մեր կյանքը փոխվում է դեպի լավը։ Ընդ որում, մենք հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր ապագայի տեսլականի իրականացման համար։ Այն ապագայի, որը կապահովի անվտանգ, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։



Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է` փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումը, որը չափազանց կարևոր նախապայման է կառավարության արդյունավետ գործունեության համար։ Այս մոտեցման լավագույն ձևակերպումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում»։ Սա, ըստ էության, դեմոկրատական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգևոր հենքն է։




Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որը մեր առջև գլոբալ մարտահրավերներին պատասխանելու հարցեր է դնում։ Կառավարության ծրագիրը կազմելիս մենք մեր առջև խնդիր էինք դրել ապահովել ծրագրի համահնչունությունն այդ մարտահրավերներին և առաջարկել համապատասխան լուծումներ` հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը։



Արագացող տեմպերով «փոքրացող» աշխարհն իր նոր մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է նոր հնարավորությունների պատուհան։ Մեր կառավարությունը պարտավոր է օգտվել այդ հնարավորություններից` հետևյալ առանցքային եզրահանգումների հիման վրա`



1. երկրների միջև տնտեսական, ‎ֆինանսական և մշակութային համագործակցությունն առավելապես կառուցվում է միջազգայնորեն ընդունված ունիվերսալ կանոնների հիման վրա,



2. Հայաստանի համար բաց և մրցակցության վրա հիմնված տնտեսական համակարգն այլընտրանք չունի,



3. 21-րդ դարի հասարակության շարժիչ ուժն ազատ և ստեղծագործ անհատն է. սա պետք լինի մեր մրցակցային առավելությունը,



4. տեղեկատվության և կապի ժամանակակից տեխնոլոգիաները բացառիկ հնարավորություններ են ստեղծում համայն հայության համախմբվածության և համագործակցության համար, ինչը կարող է բազմապատկել մեր մրցակցային առավելությունը։



Մեր տարածաշրջանը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի կենտրոնում, և հակասություններն անխուսափելի են։ Կայուն և անվտանգ զարգացման լավագույն ռազմավարությունն ազատական սկզբունքների ներքո միջազգային պրակտիկային համահունչ դեմոկրատական հասարակության կառուցումն է։



Կառավարությունն առաջ է քաշում հավակնոտ խնդիր. տարածաշրջանային մրցակցային պայքարում ձեռք բերել միջազգային ճանաչում` որպես գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր։ Սա է տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհը։



Մենք պետք է զարգացնենք մեր մրցակցային առավելությունները հանքարդյունահանման, քիմիական, շինարարական արդյունաբերություններում, գյուղատնտեսության և գիտության մեջ։



Ավելին, մենք պետք է ստեղծենք նոր մրցակցային առավելություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կազմակերպված հանգիստը, ‎‎ֆինանսական ծառայությունները։ Այս ոլորտների բարձրորակ ծառայությունները պետք է հասանելի լինեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև իրենց մրցակցային առավելություններով գրավիչ լինեն տարածաշրջանում, ինչու չէ նաև՝ աշխարհում։



Բոլոր թվարկված ոլորտներում անհրաժեշտ է, որ խոշորագույն ձեռնարկությունները վերաձևավորվեն սոցիալական պատասխանատվություն կրող հասարակական ընկերությունների։ Ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ արտասահմանյան ներդրողները պետք է ունենան այդ ձեռնարկությունների կապիտալին մասնակցելու հնարավորություն։ Կառավարությունն այդ գործընթացն ապահովելու համար պատրաստ է ստեղծել նպաստավոր պայմաններ, այդ թվում` մասնակցել ենթակառուցվածքների ձևավորմանը։




ՀՀ կառավարությունը կներդնի առավելագույն ջանքեր, որպեսզի ապահովի.




-ՀՆԱ-ի ամենամյա աճ 8-10 %-ով,



- ներդրումների աճ, ոչ պակաս, քան տարին 10 %



- հարկերի հավաքագրման աստիճանի բարձրացում տարեկան ՀՆԱ-ի



0.3-0.4 %-ային կետի չափով



- աղքատության կրճատում մինչև շեմային ցուցանիշը, Հայաստանի ամբողջ բնակչության 12 %-ից ոչ ավելի



- կենսաթոշակների իրական մակարդակի ամենամյա բարձրացում, սկսելով 2008 թ. հունվարի 1-ից` 60 % բարձրացմամբ



- և այլ նպատակային ցուցանիշներ, որոնց կարող եք ծանոթանալ ծրագրում։



Մենք գիտակցում ենք, որ պետական սահմանափակ ռեսուրսների պայմաններում կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ դրանց անարդյունավետ օգտագործումը։



Կառավարության ծրագիրը նպատակային բնույթ ունի և ուղղված է գերակա խնդիրների հանգուցալուծմանը, որն իր հերթին կապահովի շարունակական առաջընթաց զարցացում։



Հիմնական գերակա խնդիրները մեզ համար հետևյալն են`



Առաջին գերակա խնդիրն ազգային անվտանգության և կայուն զարգացման ապահովումն է։ Դա առաջին հերթին նշանակում է ազգային անվտանգության հիմնարար արժեքներին հավատարիմ մնալը, այն է`



- անկախություն



- ժողովրդի և պետության պաշտպանվածություն



- խաղաղություն և միջազգային համագործակցություն



- հայապահպանություն



- բարեկեցություն։



Ազգային անվտանգության ապահովման տրամաբանության ներքո կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունության, աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունը, կենսաապահովման համակարգերի ամբողջականությունն ապահովող ենթակառուցվածքների նախագծերի իրագործումը։



Զինվորական շինարարությանն ուղղված մեր ջանքերն արդեն բերել են կոնկրետ արդյունքների, սակայն դեռևս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ։



Երկրորդ գերակա խնդիրը կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումն է։ Պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի բոլոր մակարդակներում կառավարման արդյունավետ համակարգերի ստեղծումը մեր առջև կանգնած հիմնական մարտահրավերներից մեկն է։



Կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մրցակցային անհավասար պայմաններ, այս խնդիրների լուծումը գտնվում է արդյունավետ կառավարման ոլորտում և պահանջում է կառավարման տեխնոլոգիաների, միջոցների և մեթոդների ներդաշնակ փոփոխություն։




Ես այս խնդիրը կբաժանեմ երեք մասի`



Առաջին.




Ժամանակակից արդյունավետ պետական կառավարման համակարգ նշանակում է`



- գործունեության պրոցեսի նկարագրության ունակություն




- պրոցեսի նկարագրության հիման վրա աշխատատեղի նկարագրություն



- աշխատանքների արդյունքների գնահատման համակարգ




- արդյունքների գնահատման հիման վրա նյութական խրախուսման մեխանիզմի ներդրում



- գործընթացների ռիսկերի գնահատման համակարգի ներդրում



- թափանցիկության և հանրության հետ կապի ապահովում



Մենք պետք է հասնենք նրան, որ գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը տարեկան կտրվածքով գնահատվի հենց այս սկզբունքների ներքո։ Սա նշանակում է, որ վերահսկող մարմինները, այդ թվում` և վերահսկիչ պալատն առաջին հերթին պետք է իրականացնեն գործընթացային աուդիտ։




Երկրորդ.



Կառավարությունը պետք է խրախուսի կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումն իրական հատվածում։ Այս գործընթացը պետք է սկսենք մեզանից, այսինքն` պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտադիր կերպով պետք է ներդնեն կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտները։ Հասարակությունը և պետությունը պետք է մշտապես նախապատվություն տան նման ձեռնարկություններին։




Երրորդ.




Մենք ձեռնամուխ ենք լինելու պետական-մասնավոր գործընկերության հայեցակարգի ներդրմանը, որը նշանակում է`



- կարևորագույն ազգային և տեղական ծրագրերի մշակում ու իրականացում` մասնավոր հատվածի հետ համատեղ




- պետությունը չպետք է միջամտի և գործունեություն ծավալի այն ոլորտներում, որտեղ մասնավոր հատվածն ի վիճակի է սեփական կարողություններով ապահովել զարգացում




- պետությունը պետք է զերծ մնա այնպիսի գործառույթներից, որոնք կարող են հանգեցնել շուկայական շեղումների



- պետությունը պետք է խրախուսի մասնավոր հատվածում բիզնեսի կազմակերպման, կառավարման լավագույն փորձի և գիտելիքների ներդրմանը։




Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը բացի թվարկված մոտեցումներից ենթադրում է նաև հոգեբանական բարդույթի հաղթահարում։ Հարկերից խուսափելը և կաշառակերությունը պետք է դիտարկվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթ։ Մեր շարքերում չպետք է հանդուրժենք ներողամիտ մոտեցում և պետք է սկսենք մեզանից։ Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը և ընկեր, բարեկամ, կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը։ Մեզանում պետք է գերիշխի այն գիտակցությունը, որ դա պետությունը քայքայող ամենալուրջ հիվանդությունն է։ Մենք իրավապահ մարմիններից պահանջելու ենք էապես խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ և հանրային քննարկումների առարկա ենք դարձնելու բացահայտված հանցագործությունները։ Այս առումով դատախազության, ոստիկանության, հարկային և մաքսային մարմինների գործունեությունը պետք է դառնա առավել թափանցիկ։ Թափանցիկությունն է ապահովելու, որ այս խստությունը լինի միևնույն ժամանակ արդարացի։




Երրորդ գերակայությունը կրթությունն է և գիտությունը։ 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական կռվանն ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարները և հայտնագործություններն են և դրանք մյուսներից արագ առօրյա կյանք ներդնելու ունակությունը։ Ելնելով այս դրույթից պետության գործառույթները զգալիորեն փոխվում են։ Մենք պետք է ապահովենք հասարակական կապիտալի բոլոր տարրերի գիտելիքների շրջանառության առավելագույն արագության ապահովման համար պայմանների ստեղծում։ «21-րդ դարում ունենան կրթության ցածր մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»։



Կառավարությունը հետևողականորեն կշարունակի արդեն սկսած բարեփոխումները կրթության և գիտության բնագավառում։




Մեզ անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական և ինտելեկտուալ ներուժը։



Լավագույն առաջադիմություն ցուցաբերած երիտասարդները պետք է համաշխարհային համբավ ունեցող կրթական համալիրներում իրենց կրթությունը շարունակելու հնարավորության ստանան:



Միաժամանակ, անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել մեր համալսարաններին ներկայացվող պահանջները` աչքի առաջ ունենալով միջազգային փորձը:



Համալսարանները պետք է դառնան նաև գիտական լուրջ կենտրոններ. չի կարելի գիտությունը կտրել կրթությունից:




Պետք է հնարավորություն տրվի միջազգային համբավ ունեցող, այդ թվում` նաև հայկական ծագմամբ մասնագետներին, դասավանդել Հայաստանի կրթօջախներում:



Կձեռնարկվեն միջոցառումներ գիտության և իրական հատվածի կապն ապահովող ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ:




Չորրորդ գերակա խնդիրը տարածքների համաչափ զարգացումն է: Ժամանակակից պետությունների կարևորագույն գործառույթներից մեկը տարածքային համաչափ զարգացման ապահովումն է: Այսօր Հայաստանում տարածքային անհամաչափությունները դարձել են սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ: Երևանը գերծանրաբեռնված է մշակութային, առողջապահական, արդյունաբերական, ֆինանսական, պետական կառավարման, արդարադատության, կրթական գործառույթներով` ի վնաս իրեն և ի հաշիվ այլ տարածքների: Որոշ գործառույթների դուրսբերումը Երևանից դառնալու է կառավարության քննարկման առարկան:





Կառավարության կարևոր քայլը կլինի տարածքային կառավարման համակարգի փոփոխությունը` ուղղված ինքնակառավարման մակարդակի և տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները: Պետք է ապահովվի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների աճը: Հասարակական ծառայությունների մատչելիությունն առաջին հերթին պետք է ապահովվի շրջաններում:



Մենք պետք է կանխենք հեռավոր և սահմանային շրջաններից բնակչության արտագաղթը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է կամ էլ նեղ մասնագիտացումը, ցածր սոցիալական ակտիվությունը, որը հանգեցնում է սոցիալական անտարբերության: Գիտակցելով դա, կառավարությանն անհրաժեշտ է ցուցաբերել համալիր մոտեցում Հայաստանի ամբողջ տարածքի զարգացման խնդրին:




Պետություն-մասնավոր գործընկերություն հայեցակարգի ներքո կմշակվի տարածքների զարգացման ազգային ծրագիր, և ճիշտ կլինի այն սկսել Շիրակի մարզից, Գյումրի քաղաքից:




Հինգերրորդ գերակայությունը Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունն է:



Սոցիալական ոլորտում ես կառանձնացնեի երեք կարևորագույն խնդիրներ`



առողջապահություն,



սոցիալական ապահովվածություն և կենսաթոշակային համակարգ,



մշակույթ:




Թվարկված նախորդ չորս գերակայությունները պետք է ստեղծեն նպաստավոր պայմաններ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Աշխատանքը պետք է փնտրի մարդուն»: Մենք պետք է ստեղծենք աշխատուժի արդյունավետ շուկա, բացահայտենք կառուցվածքային գործազրկության խնդիրը, իրականացնենք նպատակային վերապատրաստման ծրագրեր` մարդկանց հմտությունները և մասնագիտացումն աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով:




Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ այսօր դժվարին պայմաններում հայտնված հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները, բազմազավակ ընտանիքները, պատերազմի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, փախստականները, առանց պետության հոգածության չեն կարող լուծել իրենց առջև ծառացած խնդիրները: Մենք ընդլայնելու ենք սոցիալական թիրախային ծրագրերը` դրան մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածին, ինչը նաև կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:




Մենք անցում ենք կատարում առողջապահության և կենսաթոշակային համակարգերի բարեփոխման փուլ: Առողջապահական համակարգի մատուցվող ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես արդեն նշեցի, պետք է համապատասխանեն լավագույն չափանիշներին: Կբացահայտվեն տարածաշրջանի համար առանձին պահանջարկ ունեցող առողջապահական ուղղությունները և քայլեր կձեռնարկվեն Հայաստանը տարածաշրջանում առողջապահական կենտրոն դարձնելու նպատակով: Առողջարանային կենտրոնների (Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Աղվերան) արդիականացումը էապես կնպաստի այս խնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ առողջապահությունը ոչ միայն հիվանդներին բարձրակարգ առողջապահական ծառայություններ մատուցելն է, այլև առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգ: Մենք զարգացնելով ֆիզիկական կուլտուրան և սպորտը պետք է խթանենք առողջ կենսակերպ:



Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակի համակարգը և այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից: Դրան զուգահեռ կառավարությունը շարունակելու է աշխատանքները բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ` ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:




Մեր բնակչությունը պետք է սովորի խնայել: Երիտասարդ սերունդը պետք է ինքն իր վրա վերցնի ապահով ծերության պատասխանատվությունը` մասնակցելով կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին:



Սոցիալական գերակայությունների մյուս բաղադրիչը մշակույթն է: Մշակութային մակարդակի բարձրացումը` ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանմամբ, գավառամտության հաղթահարումը, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնումը նոր տեսակի հասարակության կառուցման կարևոր պայմաններ են:



Կառավարությունը պարտավոր է լիարժեք կատարել մշակութային ռեսուրսները Հայաստանի ամբողջ բնակչության համար հասանելի դարձնելու իր առաքելությունը: Խոսքը պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման, Հայաստանի տարածքում գրադարանային ցանցի զարգացման, աշխարհի լավագույն գրադարաններին տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հասանելիության, ստեղծագործական միությունների և կոլեկտիվների ակտիվացման մասին է:



Ես թվարկեցի առաջիկա 5 տարիների կառավարության գերակա խնդիրներից մի քանիսը: Ձեր դատին հանձնված ծրագիրը բավականին հավակնոտ է և առավելագույն լարում կպահանջի պետական կառավարման մարմինների բոլոր աշխատակիցներից: Ծրագրերի իրականացման գործում մենք էապես թարմացնում ենք մեր մոտեցումները: Յուրաքանչյուր նոր նախագիծ ներկայացվելու է հասարակությանը, քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և որ ամենակարևորն է, իրագործվելու է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքի հիման վրա:



Մենք բաց ենք նոր կառուցողական առաջարկությունների, քննարկումների և համագործակցության համար:




Ավարտին կուզենայի ավելացնել. վերլուծաբանները կառավարության գործունեությունը գնահատում են հիմնականում քանակական ցուցանիշներով. ՀՆԱ-ի աճով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, միջին աշխատավարձի չափով, կենսաթոշակների, հարկերի մակարդակի աճով և այլն: Սրանք, անշուշտ, չափազանց կարևոր ցուցանիշներ են, սակայն ինձ համար առավել կարևոր է մի ցուցանիշ, որը չի ենթարկվում քանակական գնահատման. դա մարդկանց հավատն է վաղվա օրվան և մեր երկրի ապագային: Եվ մեր հիմնական նպատակն է լինելու միավորել մեր հասարակությունը այս նշանաբանի շուրջ. «Քեզ համար Հայաստան»:




Շնորհակալ եմ ուշադրության համար:


Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ