ուրբաթ, 5 հոկտեմբերի 2001
Սիրելի ուսուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ՝ ավանդույթ դարձած տոնի, որն այս տարի Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ պետականորեն նշվում է կառավարության որոշմամբ:
Անգնահատելի է այն դերը, որ դուք ունեք մատաղ սերնդի կրթության, հանրապետության ապագա քաղաքացիներին ազգային, քաղաքացիական ու բարոյական ճշմարիտ արժեքների ոգով դաստիարակելու գործում: Բոլորիս քաջ հայտնի են այն դժվարությունները, որ հաղթահարել և հաղթահարում եք դուք ձեր ազգանվեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին՝ մշտապես ձեր կոչմանը հավատարիմ: Կառավարությունն աշխատում է անել հնարավորը կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության ուսուցչների կենսապայմանների բարելավման համար, և արդեն անցած տարիների համեմատ որոշակի առաջընթաց կա: Այդ աշխատանքներն այսուհետ էլ հետևողականորեն կշարունակվեն:
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում ձեզ քաջառողջություն և հոգսերից ազատ ստեղծագործական բազում տարիներ:
ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյան