երկուշաբթի, 24 սեպտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի փոխնախագահ Օլեգ Ռիբաչուկին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում մեր երկրում բանկի գործունեության եռամյա ծրագրի մշակման առաքելությամբ: Այդ նպատակով բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քանի որ, ըստ պրն Ռիբաչուկի, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործունեության հիմնական մասը մասնավոր հատվածի հետ աշխատանքն է:
ՀՀ վարչապետը, մեր երկրի համար կարևորելով բանկի գործունեությունը, նշեց, որ անցած տարիներին Հայաստանը լիարժեքորեն չի օգտվել բանկի ընձեռած հնարավորություններից և այժմ, երբ բանկն իր ռազմավարության հիմնական ուղղություններն է ճշտում առաջիկա երեք տարիների համար, ժամանակն է ակտիվ աշխատել՝ ներկայացնելով իրատեսական, փոխշահավետ ծրագրեր:
Զրուցակցի խնդրանքով, վարչապետն ամփոփ ներկայացրեց մեր տնտեսության առաջնահերթությունները, կառավարության գործունեության ռազմավարությունը, իրականացվող ծրագրերն ու կարիքները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: