չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիին հղած ցավակցական ուղերձում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին վշտակցություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանն ու ժողովրդին՝ սեպտեմբերի 11-ի աննախադեպ անմարդկային ահաբեկչության կապակցությամբ, որը մեծ ավերածությունների և հազարավոր մարդկային զոհերի պատճառ դարձավ. «Այս խելահեղ գործողությունն առանձնանում է իր չափերով և դաժանությամբ: Մարդկության դեմ գործված այդ ոճիրը դառը հիշեցում է առ այն, որ այլևս հրամայական է դարձել համակարգված ջանքերի գործադրումը ժողովրդավարական աշխարհի կողմից՝ միջազգային ահաբեկչության դեմ միացյալ ճակատով հանդես գալու համար», - ասված է ուղերձում: Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ահավոր այդ հանցագործության կատարողներն ու կազմակերպիչներն անպայման կբացահայտվեն և կստանան իրենց արժանի պատիժը: