չորեքշաբթի, 5 սեպտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ներկայացվել է կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Մասնավորապես նշվել է սոցիալական ապահովության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, պետական գույքի կառավարման, արդյունաբերության և առևտրի նախարարություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Հանձնարարվել է ներկայացնել բարեփոխումների իրականացման ժամանակացույցը և մինչև տարեվերջ կառուցվածքային բարեփոխումների ուսումնասիրություններ կկատարվեն մյուս նախարարություններում և կառավարությանն առընթեր գերատեսչություններում:
Վարչապետին ներկայացվել է նաև քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կանոնակարգող հայեցակարգը և քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության ու գնահատման ուղեցույցը, որի հիման վրա էլ ԱԺ-ում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո, նախարարություններում և գերատեսչություններում կսկսվի պաշտոնների նկարագրության գործընթացը:
Կարևորելով պետության դերը կառուցվածքային բարեփոխումների գործընթացում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այդ աշխատանքների իրականացման պարտադիր պայման համարեց հրապարակայնության թափանցիկության ապահովումը: