հինգշաբթի, 19 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Յոհաննես Լիննի գլխավորությամբ: Հանդիպմանն անդրադարձ եղավ փարիզյան խորհրդատվական հանդիպման արդյունքներին, հայաստանյան պատվիրակության մասնակցությանը, ՀԲ-ի կողմից այդ աշխատանքների համակարգմանը, որից կողմերը գոհ էին:
ՀԲ ներկայացուցիչները ՀՀ վարչապետին ներկայացրին այս այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, ընդհանուր տպավորությունները, որոնք Փարիզում հնչած տեսակետներից շատ չէին տարբերվում: Քննարկվեցին նաև հետագա համագործակցությանն ուղղված քայլերը, նախատեսված ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսավորման ժամկետները, դոնորների հետ տարվելիք առաջիկա աշխատանքները: