հինգշաբթի, 14 հունիսի 2001
Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2001թ. ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը հուլիսի 1-ից երկու հերթափոխով կկազմակերպի 3.000 դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության կառնի մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ տեսականիով և քանակությամբ սննդամթերքով ապահովելու հարցը:
Աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին հանձնարարականներ են տրվել նաև մի շարք նախարարությունների և գերատեսչությունների, այդ թվում Երևանի քաղաքապետին և հանրապետության մարզպետներին՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակների և գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցանկը ճշտելու, ինչպես նաև ճամբարները համապատասխան մանկավարժական և բժշկական կադրերով ապահովվելու համար:
Դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքները կավարտեն հունիսի 30-ին, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 25-ին: