Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 մարտի 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ծրագրին: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով տեխնոպարկի նշանակությունն ու անհրաժեշտությունը Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրի քաղաքի տնտեսության ոլորտում գիտաարտադրական ներուժի ակտիվացման, ներդրումային միջոցների ներգրավման, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման և գործարարության խթանման համար: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով նաև այդ բնագավառում առկա միջազգային փորձը: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և շահագրգիռ այլ պետական մարմինների ղեկավարներին՝ օժանդակել Գյումրիի տեխնոպարկի ստեղծմանն ու գործունեության իրականացմանը:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը, ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, 67 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման նպատակով տարածքի գեոդեզիական նկարահանումների և երկրաբանական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը: Որոշումն ընդունվել է՝ նշված կարգը 2005թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 254 որոշման 1-ին կետը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաև երկամսյա ժամկետում հաստատել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի ձևը:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մի շարք ծրագրերով նախատեսված գումարների եռամսյակային համամասնություններում՝ ՀՀ Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում տեղացած առատ ձյան պատճառով մարզային ճանապարհների ձմեռային պահպանման և շահագործման լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Երևան քաղաքում բնակություն հաստատած տեղաբնակ անօթևան և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորելու նպատակով, կառավարությունը որոշել է հետ վերցնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ից՝ Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան N 20 հասցեում գտնվող (Ավան թաղային համայնք), «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ից՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 5 հասցեում գտնվող (Արաբկիր թաղային համայնք) և «Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ից՝ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոց N 68 հասցեում գտնվող (Էրեբունու թաղային համայնք) հանրակացարանային մասնաշենքերը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հանձնարարվել է վարչության պետին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ, նշված հանրակացարանային մասնաշենքերում բնակվող՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց որպես բնակֆոնդ, սահմանված կարգով, անհատույց սեփականաշնորհել զբաղեցրած տարածքները, հանրակացարանային մասնաշենքերը (բացի հիշյալ տարածքներից) նվիրաբերել Երևան քաղաքի համապատասխան համայնքներին՝ որպես բնակֆոնդ հանրակացարաններում բնակվող անօթևան բնակիչներին սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհելու պայմանով, իսկ մասնաշենքերում ազատ մակերեսների առկայության դեպքում, դրանց 10 տոկոսը որպես բնակֆոնդ ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ուսումնական հաստատությունների բնակարանի կարիք ունեցող աշխատողներին տրամադրելու համար:

Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 25-ի «ՀՀ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշման մեջ, գործադիրը նշված ցանկի «Սյունիքի մարզ» բաժնում ավելացրել է Կապանի N 10 և N 13, Գորիսի N 5, Վերիշենի դպրոցները ևս: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին», «ՀՀ կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», ինչպես նաև «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ավստրիայի Հանրապետության տրանսպորտի, նորարարության և տեխնոլոգիայի դաշնային նախարարության միջև միջազգային բեռնափոխադրումների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Օրակարգային այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը: Որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով 1954թ. սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև ելնելով ՀՀ-ում բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից: Որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագիրը և ձևը:

Այլ որոշումներով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը, աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները, մրցույթով ընտրված լրատվամիջոցով պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը, հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները: Սահմանվել է նաև, որ ելնելով ՀՀ-ի ողջ տարածքում ծառայությունների մատուցումն ապահովելու պայմանից՝ կարող են կազմակերպվել առանձին մրցույթներ:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Գավառի պետական համալսարան», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Երևանի տնտեսագիտական ինստիտուտ» և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնում համապատասխանաբար Հրաչյա Գասպարյանի, Ռուզաննա Հակոբյանի, Հովհաննես Թոքմաջյանի, Յուրի Սուվարյանի և Գոհար Քյալյանի ընտրության արդյունքները:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում 2005թ. նոյեմբերի 11-ին կատարված փոփոխություններով: Որոշման համաձայն, գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար հաշմանդամ զինծառայողին և զոհվածի ընտանիքին ամսական 5.000 դրամի փոխարեն կտրվի 6.000 դրամ, իսկ զոհվածի՝ հինգից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ 1.000 դրամի փոխարեն՝ 2.000 դրամ օգնություն:

Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ: Հաշվի առնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-մարտական «Ա» ստորաբաժանման զինծառայողներն իրենց գործառնական պարտականությունները շատ հաճախ կատարում են կյանքին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում, որոշվել է նրանց համար սահմանել 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ, իսկ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելիս, մեկ ամսվա ծառայությունը հաշվարկել 1,5 ամիս:

Նիստում լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ՝ կենսաթոշակային հիմնադրամին միայն կենսաթոշակային ապահովության ենթակա անձանց վերաբերյալ անհատական տվյալներ տրամադրելու նպատակով, որը, որոշման համաձայն, պետք է կատարվի հիմնադրամի կողմից էլեկտրոնային կրիչով ներկայացվող ցուցակների հիման վրա համապատասխան տեղեկատվություն տրամադրելով:

Մեկ ալ որոշմամբ գործադիրը, ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 10 մլն 160 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի ընտրության մրցույթների հայտարարության գործընթացը կազմակերպելու նպատակով:

Կառավարությունը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդից ևս 70 մլն դրամ հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ հեռահաղորդակցության միջազգային միությանն անդամավճարների գծով ՀՀ-ի պարտքը մարելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել մինչև «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորվելը 2005թ. գործունեության արդյունքներով առաջացած ՀՀ 2006թ. պետական բյուջե վճարվելիք շահութաբաժնի պարտավորություններից առնվազն 70 մլն դրամ գումարի վճարումը ս/թ առաջին կիսամյակի ընթացքում, իսկ մնացածը՝ երկրորդ կիսամյակում:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման համաձայն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2004թ. ֆինանսական արդյունքներով հաշվարկված և ՀՀ պետական բյուջե փոխանցման ենթակա 259 մլն 298,4 հազար դրամ շահութաբաժնի գումարի չափով սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նշված ընկերությունն իր սեփական միջոցների հաշվին իրականացնում է նաև սակագնում չնախատեսված ծրագրեր:

Կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած և ՀՀ կառավարության 2005թ նոյեմբերի 24-ի N 2024-Ն որոշմամբ «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը թողնել նշված կառավարչական հիմնարկի տնօրինության տակ: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ հիշյալ գույքն օտարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ դասական աճուրդով:

Գործադիրը դրական եզրակացություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ պատգամավորական օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծին:

Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Արարատի մարզի Ռանչպարի, Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ են ընդունվել նաև ինչպես այդ, այնպես էլ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավանի, Մրգաշատի, Արարատի մարզի Արևաբույրի, Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելու և հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ