երկուշաբթի, 24 հոկտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը հոկտեմբերի 24-ին Երևանում անցկացվող Հայ-ճապոնական գործարար կլոր սեղանի մասնակիցներին
Մեծարգո դեսպան Նոմուրա
Հարգարժան հյուրեր
Թույլ տվեք ի սրտե ողջունել Ձեզ հայ- ճապոնական գործարար կլոր սեղանի բացման կապակցությամբ:
Ինձ համար առանձնապես հաճելի է այն փաստը, որ Հայաստան է ժամանել ճապոնացի գործարարների ստվար պատվիրակություն` առաջատար ճապոնական ընկերությունների մասնակցությամբ:
Հայ-ճապոնական գործարար կլոր սեղանի անցկացումը վկայում է մեր երկկողմ առևտրատնտեսական կապերը խթանելու փոխադարձ շահագրգռվածության մասին:
Այս միջոցառումը նաև ուղղակի դրական արձագանքն է սույն թվականի հունիսին Ճապոնիա կատարած իմ այցի, որի նպատակն էր մասնակցել Աիչի նահանգում «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսին և որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ ճապոնական կողմի հետ:
Համոզված եմ, որ մեր երկրների գործարարների այս հանդիպումը հնարավորություն կընձեռի նոր և հեռանկարային գործնական կապերի ստեղծման, ճապոնական ուղղակի ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար, որոնք մեր կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակներից են:
Կարևորություն տալով ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ հարաբերությունների, հատկապես` տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստանի կառավարությունը պատրաստ է այսուհետ ևս աջակցել նման միջոցառումներին, որոնք բխում են մեր երկու երկրների տնտեսական ու քաղաքական շահերից և լիովին համահունչ են «Հարավային Կովկաս- Ճապոնիա» նոր նախաձեռնության գաղափարների հետ:
Մաղթում եմ հանդիպման մասնակիցներին բեղմնավոր աշխատանք, և հույս հայտնում, որ այսուհետև նման գործարար շփումները շարունակական բնույթ կկրեն` մոտ ապագայում տալով իրենց դրական արդյունքները: