հինգշաբթի, 17 մայիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի պետության արտակարգ և լիազոր դեսպան Էհուդ Էյտամին: Շնորհավորելով դեսպանին Իսրայելի ազգային տոնի՝ անկախության օրվա կապակցությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ափսոսանք է հայտնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացում առաջացած ճգնաժամի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այն հնարավորինս արագ կկարգավորվի՝ վերջ դնելով զինված բախումներին, բռնություններին: ՀՀ վարչապետը կարևորել է բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով հարցի լուծման փոխշահավետ տարբերակին հանգելը: Ըստ վարչապետի, Իսրայելը տնտեսապես հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար և հարկ է ակտիվացնել մասնավոր հատվածի համագործակցությունը, ստեղծելով գործակցության անհրաժեշտ իրավական դաշտ: ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը դեսպան Էհուդ Էյտամը ներկայացրել է պաղեստինա-իսրայելական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած սրացումների հաղթահարման իսրայելական մոտեցումները: Դեսպանը հիշեցրել և հավաստել է, որ ուժի մեջ է մնում 2000թ. ՀՀ նախագահի և Իսրայելի նախագահի ձեռք բերած համաձայնությունը՝ Հայաստանի գործարարների և պետական պաշտոնյաների՝ Իսրայել այցի միջոցով երկու երկրների միջև շփումների ու գործնական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված հրավերը: