Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 սեպտեմբերի 2005

 



Այսօր երկօրյա այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորած պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են Վրաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Խետագուրին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Գուգունիշվիլին, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Գվինդաձեն, տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Դավիթ Ծիկլաուրին և Գենրիխ Մուրադյանը, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Ջուղելին, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Միրիան Դեկանոիձեն, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Զաալ Լոմթաձեն, կրթության և գիտության նախարարի տեղակալ Թեյմուրազ Սամադաշվիլին, մաքսային դեպարտամենտի նախագահ Զուրաբ Անթելիձեն, «Վրաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ռամազ Գիորգաձեն, Վրաստանի վարչապետի խորհրդականներ, կառավարության, արտաքին գործերի նախարարության այլ պաշտոնատար անձինք:



Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը մեկնարկել է օրվա երկրորդ կեսին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը: Մինչ այդ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը:



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի առանձնազրույցը



Հանդիպման ժամանակ, նշելով երկու պետությունների միջև փոխադարձ վստահության և համագործակցության ավանդաբար բարձր մակարդակը, կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակի երկկողմ շփումների ակտիվացումից: Նրանք ընդգծել են, որ դրանում մեծ է նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի վերջին տարիների արդյունավետ աշխատանքի դերը: Զրույցի ընթացքում դրական է գնահատվել Հայաստանին Վրաստանի պետական պարտքի կարգավորման հարցում ակտիվ երկխոսության հաստատումը:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ է նշել այս տարվա սկզբին Կավկազ և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցության բացումը, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ լաստանավային երթուղով բեռների փոխադրման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ բանակցությունների շարունակմամբ՝ ներգրավելով նաև գործարար շրջանակներին: Այդ համատեքստում նա մեկ անգամ ևս արտահայտել է հայկական կողմի տեսակետը նաև վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման վերաբերյալ, ինչը, ըստ նրա, տնտեսական տեսակետից ավելի արդյունավետ է:



Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին հույս են հայտնել, որ առաջիկայում երկու կողմերի համար ընդունելի ավարտ կունենա նաև հայ-վրացական պետական սահմանի դելիմիտացման, սահմանաբաժան գծի անցկացման (դեմարկացման) գործընթացը, որի լուծման նպատակով ստեղծված համապատասխան հանձնաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա նոյեմբերին:



Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև Ջավախքի ու ջավախահայության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների խնդիրներին: Կարևորելով Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ծրագրի մշակման և իրականացման՝ Վրաստանի ղեկավարության լուրջ մտադրությունը, Հայաստանի վարչապետը մեկ անգամ ևս հաստատել է այդ գործում վրացական իշխանությունների հետ համագործակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման խնդրին ևս, այդ համատեքստում տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, նաև Վրաստանում վրաց-հակական համալսարան հիմնելու հարցին, Ջավախքում դպրոցաշինության հետ կապված խնդիրներին, զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնմանը՝ նկատի ունենալով Երևան-Բաթումի-Կոբուլետի ուղիղ չվերթերի բացման հնարավորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:




Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը


Վարչապետների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Տնտեսական հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի բացումը: Բացման խոսքում, կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ կապերի ու հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը ևս կդառնա Հայաստանի ու Վրաստանի միջև արդյունավետ երկխոսության շարունակություն և կընթանա մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության ու բարիդրացիության ոգով: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ նիստի օրակարգը ներառում է երկկողմ հարաբերություններում առկա հրատապ հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են, մասնավորապես, արդյունաբերության, առևտրի, էներգետիկայի, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցությանը: Նա վստահություն է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելիք հիմնախնդիրների իրականացումը հնարավորություն կտա առավել ամրապնդելու երկկողմ տնտեսական համագործակցությունը: Խոսքի ավարտին վարչապետը բեղմնավոր և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:



Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա նշել է, որ ներկայումս լայն հնարավորություններ կան տարբեր ոլորտներում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ համագործակցության զարգացման համար, ինչը, ըստ նրա, կարող է նպասել նաև տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը: Վրաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ մի շարք կարևորագույն ոլորտներում, մասնավորապես, հաղորդակցության ուղիների, զբոսաշրջության, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործակցության վերաբերյալ քննարկումներ տեղի կունենան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում և կկայացվեն որոշումներ, որոնք, նրա համոզմամբ, կնպաստեն նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճին, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Զուրաբ Նոգաիդելին հույս է հայտնել, որ փոխըմբռնման մթնոլորտում հնարավոր է լուծել ծագող բոլոր խնդիրները, իսկ ձեռք բերված համաձայնությունները կնպաստեն հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը:




Այնուհետև, մասնակիցները ձեռնամուխ են եղել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը, որոնք վերաբերել են, մասնավորապես, հանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքին, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի, առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին, տրանսպորտի և կապի, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցությանը:


Հանձնաժողովի նիստը շարունակվել է աշխատանքային խմբերի հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քննարկումներով:


Օրակարգի առաջին հարցի՝ հանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ նշվել է, որ անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կողմերը որոշակի աշխատանքներ են իրականացրել. որոշումների հիմնական մասը կատարվել է, մյուսներն ընթացքի մեջ են: Հարցի կապակցությամբ առաջարկվել է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին՝ տարին երկու անգամ խորհրդատվություններ անցկացնել միմյանց միջև:


Երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների քննարկման արդյունքում որոշվել է արագացնել աշխատանքները «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ավտոտրանսպորտային միջոցների առևանգման դեմ պայքարի և դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Հայ-վրացական պետական սահմանի դելիմիտացման և սահմանաբաժան գծերի անցկացման (դեմարկացման) հանձնաժողովին ևս առաջարկվել է արագացնել նշված գործընթացը:



Քննարկումներում մեծ տեղ է հատկացվել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության խնդիրներին: Նշվել է, որ այդ ոլորտում փոխգործակցության կարևոր ուղղություններից է երկու կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև ուղղակի կապերի հաստատման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, արտադրական կոոպերացիայի ընդլայնման ու խորացման համար բարենպաստ պայմանների ապահովումը: Ընդգծվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը երկու երկրների տնտեսությունների ներուժի զարգացման համար, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի գործարարների միջև համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Ի գիտություն է ընդունվել, որ 2004թ. հոկտեմբերի 22-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև:



Կատարման փուլում գտնվող աշխատանքների հետագա հաջող ընթացքն ապահովելու նպատակով, հանձնաժողովը մի շարք հանձնարարականներ է տվել երկու երկրների համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություններին՝ մինչև ընթացիկ տարվա վերջը բանակցություններ վարել «Աշխարհագրական անվանումների և առևտրային նշանների պաշտպանության ու փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ և այն ներկայացնել ստորագրման, նպաստել մինչև 2005թ. նոյեմբերի 1-ը երկկողմ աշխատանքային խմբի ստեղծմանը՝ առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված համալիր առաջարկությունների ներկայացման նպատակով, ակտիվացնել աշխատանքները 2004թ. հոկտեմբերի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման ուղղությամբ, կազմակերպել համատեղ գործարար համաժողովներ, նպաստել կոոպերատիվ կապերի հաստատմանն ու տնտեսվարող սուբյեկտների միջև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, ինչպես նաև ապահովել տեղեկատվության կանոնավոր փոխանակումը պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների մասնավորեցման ոլորտում առկա հրատապ նախագծերի ու ծրագրերի վերաբերյալ: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին և Վրաստանի մաքսային դեպարտամենտին հանձնարարվել է մինչև 2005թ. ավարտը ստորագրման նախապատրաստել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Մաքսային գործում համագործակցության ու փոխօգնության մասին» համաձայնագիրը, մաքսանենգության փաստերի կանխարգելման նպատակով, անհրաժեշտ փոխգործակցություն իրականացնել՝ ուղղված դրանց մասնակից անձանց, ինչպես նաև երկու երկրների տարածքներ անօրինական ապրանքների ներմուծման-արտահանման մեթոդների, ուղիների ու միջոցների բացահայտմանը, նախապատրաստել և ձևակերպել այդ ոլորտում համագործակցության վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Որոշվել է նաև, կողմերի պայմանավորվածության համաձայն, քննարկել՝ առանց միջանկյալ երկաթուղային կայարաններում կանգառների, Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղիղ երթուղու կազմակերպման հարցը: Համապատասխանաբար, մինչև 2005թ. ավարտը, մշակել երկկողմ սահմանային ու մաքսային հսկողության մեխանիզմ, որը կիրականացվի առանց Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորատար գնացքի կանգառների: Առաջարկվել է նաև վերանայել կողմերի միջև ստորագրված միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնագրերը՝ մաքսային քաղաքականության ժամանակակից միջազգային սկզբունքներին համապատասխանող նոր համաձայնագրերի նախապատրաստման նպատակով:



Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է երկու կողմերի ֆինանսների նախարարություններին՝ արագացնել երկու երկրների ֆիսկալ օրենսդրության ներդաշնակեցման հարցերով դիրքորոշումների համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբերի հանդիպման կազմակերպումը: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ նախորդ նիստի հանձնարարականի համաձայն, ՀՀ էներգետիկայի նախարարությունը Վրաստանի էներգետիկայի նախարարությանը ներկայացրել է համատեղ աշխատանքային խմբի հայկական մասի կազմը, ինչպես նաև այն, որ «Հայէներգո» ՓԲԸ-ին վրացական «Էներգոմաշկորպորացիա» ընկերության ունեցած պարտքի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի նախարարությունը բազմիցս դիմել է Վրաստանի էներգետիկայի նախարարությանը՝ համատեղ աշխատանքային խմբի գործունեությունն սկսելու և հարցի կարգավորման հնարավոր ուղիները գտնելու նպատակով:



Առկա խնդիրների քննարկման արդյունքում հանձնարարվել է Հայաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարություններին՝ մեկամսյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ ու մինչև 2005թ. ավարտը կատարել անհրաժեշտ աշխատանքների ծավալի և դրանց իրականացման ժամկետների գնահատություն, կազմակերպել Հայաստանի ու Վրաստանի էլեկտրահամակարգերի զուգահեռ աշխատանքը՝ Վրաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը հաշվի առնելով: Որոշման համաձայն, աշխատանքային խումբը կքննարկի Հայաստանի ու Վրաստանի էլեկտրահամակարգերի միջև նոր բարձրավոլտ գծի կառուցման խնդիրը ևս, ինչպես նաև առաջարկություններ կներկայացնի այդ ծրագրի ֆինանսավորման հնարավոր աղբյուրների և դրա իրականացման նախագծերի վերաբերյալ: Երկու երկրների էներգետիկայի նախարարություններին հանձնարարվել է նաև մեկամսյա ժամկետում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ գծի իրավաբանական ձևակերպման հարցի կարգավորման նպատակով:


Իրենց ոլորտների վերաբերյալ տեղեկատվության, փորձի, պատվիրակությունների փոխանակումների իրականացման, ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային, այդ թվում՝ Եվրամիության ծրագրերի շրջանակներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ որոշակի հանձնարարականներ են տրվել նաև Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների նախարարություններին:


Հանձնաժողովի նիստում նշվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարեհաջող ու փոխշահավետ տնտեսական հարաբերությունները մեծապես պայմանավորված են արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության մակարդակով և կապի բնագավառում համագործակցության զարգացմամբ: Նշվել է, որ Հայաստանն ու Վրաստանը «TRACECA» միջազգային ծրագրի ակտիվ մասնակիցներից են: Հայաստանի երկաթուղու միջազգային բեռնափոխադրումների հիմնական մասը կատարվում է Վրաստանի երկաթուղու մջոցով: Կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով: Ի գիտություն ընդունելով հանձնաժողովի նախորդ նիստից հետո ընկած ժամանակաշրջանում երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը և Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանը՝ բեռնափոխադրումների հետագա խթանման համար մինչև 2005թ. ավարտը նախապատրաստել Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի նոր նախագիծ և ապահովել դրա գործարկումը մինչև 2006թ. ապրիլի 1-ը: Կողմերին հանձնարարվել է մինչև 2005թ. ավարտը քննարկել նաև Երևան- Բաթումի-Երևան ավտոբուսային կանոնավոր չվերթերի կազմակերպման, երկու պետությունների միջև օդային հաղորդակցության մասին նոր համաձայնագրի նախապատրաստման, Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ավիաչվերթի վերաբացման, Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղիղ օդային, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության կազմակերպման և այլ հարցեր: Առաջարկվել է կողմերին շարունակել բանակցությունները դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ Փոթի նավահանգստով ուղիղ երկաթուղային-լաստանավային հաղորդակցության օգտագործմամբ բեռների փոխադրման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: Նշվել է, որ վրացական կողմը վերահաստատում է իր շահագրգռվածությունը Կավկազ-Փոթի երկաթուղային-լաստանավային երթուղու հետագա զարգացմամբ, երթևեկության ինտենսիվության, ինչպես նաև բեռների՝ այդ թվում Հայաստանից և դեպի Հայաստան տեղափոխվող բեռների ներգրավման աճով: Հանձնարարվել է շարունակել 1998թ. սեպտեմբերի 8-ի Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման նպատակով միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի դրույթների իրականացումը՝ նշված միջանցքով լրացուցիչ բեռնահոսքերի ներգրավման համար:


Հանձնաժողովն առանձին որոշումներ է ընդունել նաև սոցիալական և հումանիտար ոլորտներում՝ մասնավորապես, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, երիտասարդության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:


Նիստում որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ հինգերորդ նիստն անցկացնել Թբիլիսիում: Ժամկետն ու օրակարգը կորոշվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:


Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին կայացել է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Երկու երկրների վարչապետները ստորագրել են «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման վերաբերյալ» համաձայնագիրը, «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 1997թ. մայիսի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, ինչպես նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքներն ամփոփող արձանագրությունը:


Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի համատեղ մամուլի ասուլիսը:



Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ