երեքշաբթի, 15 մայիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսին, որի հերթական այցի նպատակը Հայաստան՝ քրիստոնեության, իբրև պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումներին իր ներդրումը բերելն է: Բարոնուհին նախաձեռնել է ուխտագնացություն Արցախի և Հայաստանի պատմական վայրեր՝ միջոցառմանը մասնակից դարձնելով իր հետ ժամանած արտասահմանյան մի շարք երկրների չորս տասնյակ ուխտագնացների: Ուխտագնացությունն սկսվել է Արցախից:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով Բարոնուհու հերթական այցը Հայաստան և բարձր գնահատելով նրա հայանպաստ գործունեությունը, շնորհակալություն հայտնեց հիշյալ նախաձեռնության համար, որը, ըստ նրա, օգտակար և գնահատելի է:
Հանդիպման ընթացքում Բարոնուհի Քերոլայն Քոքսը վարչապետին ներկայացրեց Հայաստանի հետ կապված իր առաջիկա ծրագրերը, որոնք արժանացան Անդրանիկ Մարգարյանի հավանությանը, և նա պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել դրանց իրագործմանը: