Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հոկտեմբերի 2023

Կառավարության որոշմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 100 000 դրամ միանվագ աջակցություն










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։

Բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը նախատեսվում է իրականացնել ինչպես հանրային հաղորդակցման ծրագրի մշակմամբ, այնպես էլ դրա ներքո հանրային իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացման միջոցով: Հատկանշական է, որ հաղորդակցության և հանրային իրազեկվածության համապարփակ արշավներն առանձնակի կարևորվում են հենց դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների առնչությամբ: Մասնավորապես, այս կապակցությամբ պատշաճ հանրային իրազեկվածությունը կնպաստի բարեփոխումների հետևողական իրականացմանը և կնպաստի տարբեր շահառու խմբերի մոտ բարեփոխումների առնչությամբ դրական ակնկալիքների և աջակցության ձևավորմանը: Այն կապահովի նաև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, ի թիվս այլնի, միտված է բարելավելու ներդրումային միջավայրը և բարձրացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի հեղինակությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, այն միտված է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և խրախուսել ավելի արագ, ծախսարդյունավետ վեճերի լուծման մեխանիզմը, ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ գործարարության զբաղվողների համար:

Հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Որոշմամբ, սահմանվում բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը: Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի իրականացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված ԱՌԿ համակարգի ձևավորում, որը կունենա՝ ա. աղետների ռիսկի նվազեցմանը, բ. օպերատիվ արձագանքմանը, գ. հետաղետային վերականգնմանն ուղղված որոշումների կայացման, դրանց իրականացման և մշտադիտարկման մեխանիզմներ:

Որոշմամբ սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝ մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ։ Միաժամանակ, որոշման գործողության ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում մինչև 2026 թվականը արձանագրվելու են հետևյալ ցուցանիշները՝ 1) Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման հաստատված գործիքակազմի առկայություն, 2) ԱՌԿ վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում առնվազն 30% -ով, 3) Սեյսմիկ խոցելիության գնահատում անցած կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության նվազեցում առնվազն 20%-ով, 4) Համայնքների առնվազն 30%-ում ԱՌԿ պլանների առկայություն և դրանց կիրառման վերաբերյալ պարբերական մշտադիտարկում, 5) Առնվազն 384 բնակավայրերի ռիսկի գնահատում և դրա հիման վրա համայնքային զարգացման ծրագրերի լրամշակում, 6) Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղադրված կամ վերազինված հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանների առկայություն, 7) Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և տեղեկատվության տրամադրման (վաղ ազդարարման) արդյունավետության բարձրացում 60%-ով, 8) Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավային ռիսկերի նվազեցում առնվազն 15%-ով, 9) Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 15%-ով, Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի, Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով և այլն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե այս ռազմավարությունը տեխնիկական կանոնակարգերի և քաղաքաշինական ստանդարտների լավարկման պլան և հստակ պատասխանատուներ ունի՞, թե ոչ: Այս հարցին ի պատասխան Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ ամենակարևոր ուղղություններից մեկը հենց քաղաքաշինության ոլորտի փոփոխություններն են և հավելել. «Մենք ունենք արդեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից բավական լուրջ զարգացումներ այս ոլորտի տեսանկյունից, կան բավական լավարկումներ, բայց ինչպես նշեցի՝ մեր փորձը հենված է եղել աղետներին հենց կոնկրետ արձագանքման վրա, բայց ոչ ամբողջ աղետի ռիսկի կառավարման ցիկլի վրա: Հետևապես՝ քաղաքաշինական ստանդարտները նաև այս ուղղությամբ պետք է վերանայվեն: Ընդ որում՝ ոչ միայն շենքերի որակական ասպեկտին պետք է նայենք, այլ նաև դիզայնին, որովհետև շատ ու շատ դեպքերում դիզայնը հատկապես շատ կարևոր նշանակություն ունի սեյսմակայունության և մնացած ռիսկերի կառավարման առումով: Կա հստակ դերաբաշխում Ներքին գործերի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շրջանակում: Հիմնական ուղղորդող կառույցը կլինի Ներքին գործերի նախարարությունը, բայց պրակտիկ շատ ու շատ ուղղություններ բնականաբար ճյուղային նախարարությունների տիրույթում կլինեն»:

Այս թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է. «Այստեղ ես կարծում եմ ստանդարտների բովանդակությունից զատ նաև պետք է վստահ լինեք, որ ստանդարտների պահանջների կատարման իրականացման մեխանիզմներն աշխատում են, որովհետև եթե հանկարծ ստանդարտները մնան թղթի վրա գեղեցիկ բովանդակությամբ և չիմպլեմենտացվեն՝ այդ դեպքում ռազմավարությունը կարող է նպատակին չհասնի: Խնդրում եմ այս հարցին ուշադիր եղեք»:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանն իր հերթին նշել է. «Նաև նախատեսվում է ստեղծել ազգային գեոպորտալի հատուկ բաղադրիչ, որով կարտապատկերվի նաև տարածական տվյալների համակարգում աղետների գոտիավորումը: Տարածական տվյալների իմաստով այստեղ նաև կարևոր եմ համարում ստանդարտների, թեմատիկ շերտերի ստանդարտների ընդունման փաստն արձանագրել, որովհետև մենք անցած տարի արդեն իսկ հաստատել մենք թեմատիկ և բազային շերտերի տարածական տվյալների որոշակի ստանդարտներ և մեթոդական ուղեցույցներ: Կուզենայի նաև նշել, որ Կադաստրի կոմիտեն այսօր էլ պատրաստ է, եթե մեր գործընկերն ունի արդեն իսկ որոշակի ձևաչափով հավաքագրված տարածական տվյալներ, մենք կինտեգրենք արդեն այսօր գործող Հայաստանի Հանրապետության Ազգային գեոպորտալին, որը թույլ կտա անշարժ գույքի գնորդներին արդեն իսկ ստանալ բաց, հասանելի տեղեկատվություն, թե այդ գույքը, որը պատրաստվում են գնել, որոշակի իմաստով սողանքային զոնաներին մոտիկ է, հեռու է և այլն և կողմնորոշվել նաև քաղաքաշինական հեռանկարի մասով»:

Վերանայվել է դպրոցներում և արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը

Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման:

Մինչ զեկույցին անցնելը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար, որը, ըստ նախարարի, հատկապես այս օրերին լրացուցիչ ջանք է պահանջում՝ հաշվի առնելով, որ այս պահին Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 000 դպրոցահասակ երեխա, որոնց կրթության ապահովումը նույնպես այսօր ուսուցիչների ուսերին է:

Այպիսով՝ ըստ նախարարի զեկույցի, սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային լայնածավալ բարեփոխումների տրամաբանությունից: Իրականացվող փոփոխությունը նպատակ ունի ուսուցչի դրույքաչափում կատարելու փոփոխություն, ինչի անհրաժեշտությունը մեծապես պայմանավորված է նոր չափորոշչի ներդրմամբ: Չափորոշչի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է ապահովել կրթական որակյալ բովանդակություն, ուսուցչական բարձրորակ համակազմի առկայություն, որը մասնագիտական շարունակական զարգացման, ինքնակրթության միջոցով կկարողանա ապահովել քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորումը:

Վերոգրյալը ենթադրում է ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն գործարկելու միջոցով հասնել ուսուցիչների որակյալ համակազմի այնպիսի ցուցանիշի, որը կլինի նաև ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի ներդրման շահառու՝ հնարավորություն ունենալով պատշաճ վարձատրություն ստանալու: Այս ամենը ենթադրում է ուսուցչի պարտականությունների շրջանակի ընդլայնում, աշխատանքային ծավալի մեծացում, որով պայմանավորված է ուսուցչի՝ պարապվող դասաժամերի նվազեցումը՝ վերջինիս ընձեռելով մասնագիտական զարգացման և կատարելագործման, պաշտոնի անձնագրով նախատեսվող ծավալուն, բայց անհրաժեշտ լրացուցիչ գործառույթների իրականացման հնարավորություն:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 100 000 դրամ միանվագ աջակցություն

Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, սույն որոշմամբ առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ աջակցությունը տրամադրելու նպատակով: «Այս ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան: Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում: Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել՝ մենք բազմիցս հորդորել ենք, հիմա էլ հորդում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության 60-ից ավելի համայնքներում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում: Հասցեները տեղադրված է www.irazekum.am կայքում, կամ Միասնական սոցիալական ծառայության կենտրոնացված Փարաքարի կենտրոնում, որտեղ միգրացիայի մեր գործընկերները հաշվառում են իրականացնում:

Կարևոր մի քանի տեղեկատվություն, թե ինչպես պետք է մեր հայրենակիցները ստանան այդ աջակցությունը: Նախ՝ նշեմ, որ բոլոր նրանք, ովքեր ունեն բանկային քարտեր՝ նրանք կարիք չունեն կրկին բանկ գնալու, և դրամական աջակցությունը՝ այս որոշումն ընդունելուց հետո, առաջիկա օրերի ընթացքում կսկսենք իրենց վճարել:

Նրանք, որոնք քարտեր չունեն՝ շատ կարևոր է, որպեսզի մոտենան բանկեր և բանկերն անվճար իրենց կսպասարկեն, կտրամադրեն բանկային քարտեր, որից հետո Կենտրոնական բանկը այդ տվյալները կփոխանցի Միասնական սոցիալական ծառայությանը, և մենք կսկսենք նրանց նույնպես վճարել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն մի քանի բանկային քարտեր, դրամական աջակցությունը կտրամադրվի վերջին ակտիվ բանկային քարտի հաշվին: Այսինքն՝ Կենտրոնական բանկը մեզ կփոխանցի այն քարտերի տվյալները, որոնցով ամենավերջին գործարքներն են իրականացվել:

Մեր այն քաղաքացիները, որոնք չունեն անձնագրեր, կամ անձը հաստատող փաստաթղթեր՝ անհրաժեշտ է, որպեսզի մոտենան Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա կարող են կրկին մոտենալ բանկեր, բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցությունը:

Մենք ունենք նաև դեպքեր, երբ որոշակի դժվարություններ կարող են ունենալ մեր հայրենակիցները, օրինակ՝ 75 տարին լրացած, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներն աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով Հայփոստից: Ըստ անհրաժեշտության՝ նաև փոստատարի միջոցով, բնականաբար, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Մեկ այլ կարևոր դիտարկում. քանի որ 100 հազար դրամ աջակցությունը տրամադրվելու է բոլորին, անչափահասների մասով առաջիկայում, այսինքն՝ այս որոշումն ընդունելուց հետո, Միասնական սոցիալական ծառայության օնլայն դիմումների հարթակում առանձին հատուկ հարթակ կգործի: Մեր հայրենակիցները կարող են իրենց անչափահաս երեխաների մասին ինֆորմացիան այդտեղ մուտքագրել, որից հետո ծնողներից մորը, կամ օրինական, այսպես ասած, ներկայացուցչին դրամական աջակցությունը կտրամադրվի: Կամ կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում 49 են: Այնտեղ նրանց կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և աջակցություն, որպեսզի մուտքագրեն իրենց անչափահաս երեխաներին տվյալները:

Մի տեղեկատվություն ևս նշեմ. չնայած Կենտրոնական բանկի մեր գործընկերներն այս մասին հայտարարել են, քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի Մելլաթ և Ֆասթ բանկերում, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:

Մնացած բոլոր տեսակի հարցերի համար մենք գործարկել ենք 114 համարով շուրջօրյա թեժ գիծ, կարող են նաև այս թեժ գծին նույնպես զանգահարել և տեղեկատվություն ստանալ»
,-ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երեխաների տվյալների կցագրման գործընթացն առավել մանրամասն ներկայացման կարիք ունի, ինչին ի պատասխան Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, այն ժամանակ էլ այս հարթակը գործարկվել է, և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների մեծ մասը տեղյակ է այդ հարթակից. «Պետք է երեխայի ծննդյան վկայականի պատճեն ներբեռնել, որից հետո Միասնական սոցիալական ծառայության կողմից կնույնականացվի»,-ասել է նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով, բացի այդ, բոլոր շահառու անձանց տվյալները Կենտրոնական բանկից ստացվելու են և ավտոմատ կերպով երեխայի գումարը կփոխանցվի մոր հաշվեհամարին: Նախարարը նաև նշել է, որ շուտով ուղեցույցներ կուղարկվեն, որպեսզի դժվարություններ չառաջանան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, որպեսզի անպայման հաշվառվեն, որպեսզի պետության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը հասանելի լինեն բոլորին:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին հավելել է, որ անհրաժեշտություն կլինի ավելացնել 114 թեժ գծի սպասարկման կետերը: Փոխվարչապետի խոսքով, վստահաբար կլինեն բազմաթիվ զանգեր՝ կապված 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման հետ, և անհրաժեշտ է այնպես կազմակերպել, որպեսզի բռնի տեղահանված անձինք, ովքեր այս միջոցառման շահառու են լինելու, իրենց հարցերի պատասխանները ժամանակին ստանան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ պետք է հետևողական լինել, որպեսզի ոչ մի շահառու դուրս չմնա աջակցության ծրագրերից:

Կլրամշակվեն Բնապահպանության և ընդերքի տեսչական կողմից մի շարք ոլորտներում իրականացվող ստուգումների համար անհրաժեշտ ստուգաթերթերը

Կառավարությունը որոշում է կայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական կողմից մի շարք ոլորտներում իրականացվող ստուգումների համար անհրաժեշտ ստուգաթերթերը լրամշակելու մասին՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին: Միաժամանակ, ստուգաթերթերում նախատեսվում է լրացնել սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման մասով սահմանված պահանջներին, ինչպես նաև լիազոր մարմնին տեղեկատվություն ներկայացնելուն վերաբերվող մի շարք հարցեր և ապահովել ստուգաթերթերի հարցաշարերում տեղ գտած հարցերի ոճաբանական միատեսակությունը: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի առկայությունը:

Կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը

Կառավարության որոշմամբ, կկանոնակարգվի Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Ըստ որոշման, սահմանվել է աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։ Որոշումը կայացվել է ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ըստ որի Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և առաջարկվել է որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Արդյունքում՝ որոշման ընդունմամբ, կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը;


Կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումները

Կառավարության որոշմամբ, կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումները, միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացը արագացնելու և ավարտին հասցնելու նպատակով կլրացվեն առկա օրենսդրական բացերը, կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի մատչելիությունը։

Որոշմամբ, վերանայվում են կարգավորումները՝ 1․կանոնավոր երթուղիները սպասարկող օպերատորների ընտրության մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ նրա կողմից հայտ-պարտավորությամբ նախատեսված տրանսպորտային միջոցները ժամանակացույցով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով սպասարկման պայմանագիր չկնքելու և այդ հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից մրցույթը անվավեր ճանաչվելու դեպքում հայտ-պարտավորագրով մրցույթին մասնակցության գումարի հետ վերադարձի մասով, 2․ մրցութային կարգով նախատեսված կրկնակի կամ նոր մրցույթի չկայացած հայտարարվելու դեպքերում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկելու իրավունք հատկացնելու մրցույթ հայտարարելու վերաբերյալ, 3․մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակի սահմանման վերաբերյալ, 4․ մրցութային կարգով սահմանված ձևերով պահանջվող տեղեկատվության մասով, 5․ հայտ-պարտավորությամբ մրցույթին ներկայացող կազմակերպությունների կողմից երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին փոխանցված երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումարը 2,5 տոկոսի չափով սահմանելու մասով։

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրության ստորագրման առաջարկությանը: «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կողմից ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 17-ին և բացվել է ստորագրման համար մայիսի 12-ին Արձանագրության ստորագրումը կապահովի ՀՀ համապատասխան մարմինների համագործակցությունը օտարերկրյա և միջազգային կառույցների հետ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ