երեքշաբթի, 5 հոկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Էրկկի Տուոմիոային: Հայ-ֆինլանդական հարաբերությունների առավել զարգացման և փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից, վարչապետն անչափ կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումների շարունակությունը: Ըստ կառավարության ղեկավարի, Ֆինլանդիայի և Հայաստանի հարաբերություններում վերջին շրջանում նկատելի որոշակի ակտիվացումը պայմանավորված է նաև Եվրամիության «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարևաններ» քաղաքականության շրջանակում մեր տարածաշրջանի նկատմամբ հետարքրության աճով:
Վարչապետը, հյուրի խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացի ներկայիս վիճակը, իրականացվող քայլերը, որոնք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, ոչ այնքան պարտավորությունների կատարում են, որքան եվրոպական արժեքային համակարգն ընդունելու և այդ չափորոշիչներով արժանավայել ապրելու՝ մեր պետության և ժողովրդի ձգտում:
Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերություններին, ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է այդ կապերի խթանմամբ: Հայաստանի և Ֆինլանդիայի միջև, ըստ վարչապետի, ապրանքաշրջանառության ցուցանիշները շատ ցածր են, և տնտեսական գործակցության առումով զգալի աշխատանք կա իրականացնելու: Անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը, նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը, Անդրանիկ Մարգարյանի հավատմամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ֆինլանդական տնտեսական կապերի ամրապնդման գործում:
Ֆինլանդիայի արտգործնախարար պարոն Տուոմիոայան ևս կարևորել է եվրոպական ինտեգրացիան, նշելով, որ իր երկիրը, իբրև ԵՄ անդամ, առաջնորդվում է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության ընդհանուր հիմունքներով ու Միության անվտանգությունը պայմանավորում է նաև հարևան երկրներում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմամբ ու պահպանմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, երկուստեք կարևորելով տարածաշրջանային համագործակցությունն ու ընդհանուր ծրագրերի իրագործումը՝ իբրև հակամարտությունների կարգավորմանը նպաստող քայլ: Կողմերը համակարծիք են եղել, որ 21-րդ դարում նոր մարտահրավերների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում որևէ երկիր միայնակ չի կարող պայքարել և անհրաժեշտ է այդ ուղղությամբ ևս համախմբել ուժերը: