չորեքշաբթի, 28 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Գարեգին Նժդեհի 115-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի անդամներին, որոնք վարչապետին ներկայացրին հանձնաժողովի հաստատած միջոցառումների ծրագիրը: Այն կմեկնարկի ապրիլից և կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում: Ծրագիրը կհրապարակվի և հանրությանը տեղյակ կպահվի միջոցառումների ժամկետի, անցկացման վայրի և այլ մանրամասների մասին:
Հանդիպմանը վարչապետը կարևորեց Նժդեհի հոբելյանը, նաև այս տարի լրացող Լեռնահայաստանի 80 ամյակը պետական մակարդակով և հավուր պատշաճի նշելու հանգամանքը: Քննարկվեցին ծրագրի իրագործման հետ կապված ներկազմակերպական մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ, այդ թվում՝ մարզպետներին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ներկայացնել տեղերում անցկացվելիք միջոցառումների ցանկ, որը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների հետ կգա ամբողջացնելու հոբելյանական միջոցառումների պետական ծրագիրը և կնպաստի Նժդեհի, իբրև ռազմական, քաղաքական, պետական և ազգային գործչի, գաղափարախոսության մասսայականացմանը: