չորեքշաբթի, 28 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլուն և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերը նշեցին հայ և վրաց ժողովուրդների ու պետությունների բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Նկատի առնելով Եվրոխորհրդին Վրաստանի ու Հայաստանի անդամակցությունը, ընդգծվեց միջազգային ասպարեզում երկու երկրների սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ ուղղակի կապերի խորացման, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը հստակեցվեց երկու երկրների տնտեսական փոխհարաբերություններին վերաբերող հարցերի շրջանակը, որոնք առավել մանրամասն կքննարկվեն ապրիլի 2-րդ կեսին Երևանում կայանալիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ նաև Ջավախքի հայության հիմնախնդիրներին: Նշելով, որ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ ունեն և դրանց լուծումը Վրաստանի ներքին գործն է, վարչապետը միաժամանակ հավաստեց, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել ինչպես ամբողջ Սփյուռքի, այնպես էլ ջավախահայության ճակատագրի նկատմամբ և պատրաստ է հնարավորինս աջակցել առկա հիմնախնդիրների լուծմանը: