Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 օգոստոսի 2015

«Պարույր Սևակ» համայնքը ևս կօգտվի սահմանամերձ բնակավայրերի համար սահմանված արտոնություններից


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, կազմակերպված և տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է, որը պետք է լինի կյանքի ամենավառ և հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու համար:
ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:
ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերում էր համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի մարզերի դպրոցների և մարզասրահների, քաղաքային այգիների և փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը: Հաջորդ որոշումներով գումար է հատկացվել Հ-73-Մ-4–Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և կամրջի, ինչպես նաև տնտեսված գումարի վերաբաշխման միջոցով՝ Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման նպատակով:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների: Ըստ այդմ, տեղական ինքնակառավարման մարմիններն ազատվում են լրացուցիչ ծավալուն աշխատանքից. վերջիններիս մնում է օրենսդրությամբ իրենց վերապահված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական փաստագրումը: Այս գործընթացն ապակենտրոնացվում է և դառնում ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց շինարարական օբյեկտի ամենաշահագրգիռ կողմը` կառուցապատողը: Վարչապետի դիտարկմամբ այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից:

Համակարգվում է տեղեկատվության փոխանակման գործընթացը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում և այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵԱՏՄ անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը: Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա շարունակել զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, կնպաստի տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:


Կապահովվի ՀՀ օրենսդրական դաշտի լիարժեքությունը

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության և կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքի իրականացման կարգերը: Որոշումների ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ՀՀ ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը հաստատելու մասին» որոշման կատարման պահանջով:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով կանոնակարգվում են հարկային հաշիվների, ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման, ինչպես նաև դրանց չեղյալ ճանաչման հարցերը:

Այլ հարցեր

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, 1958թ. աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ: Մուշեղյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2010թ. կրթօջախի տնօրենն է եղել:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ