Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 նոյեմբերի 2014

Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին, որոնց նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ կառավարության կազմը համալրել նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով: Այդ կապակցությամբ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Վարչապետը նաև անդրադարձել է խիստ մտահոգիչ մի հարցի. «Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհում վերջին տեղը: Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ ծնունդների սեռային հարաբերակցությանը: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետևանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր»:

 

Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով լուծում է տրվում օրենքի կիրառման ընթացքում առաջացած իրավակիրառական խնդիրներին:
Հավանության է արժանացել նաև «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում են օրենքում կիրառվող գյուղատնտեսական մթերքներ հասկացությունները, պարզեցվում է գյուղատնտեսության արտադրանք մթերող տնտեսվարողների գործունեությունը:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենքներում, կառավարությունը հաշվի առնելով ներկայացված առաջարկության սոցիալական ուղղվածությունը, նախագծերի փաթեթը ընդունելի է համարել իր կողմից առաջարկված խմբագրական փոփոխություններով:
Կառավարությունը ներկայացված տեսքով նպատակահարմար չի համարել Արհեստակցական միությունների մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթի ընդունումը:
ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը գտնում է, որ այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացմանը: Միաժամանակ, գնահատելով բարձրացված խնդրի կարևորությունը, նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքների աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում:
Գործադիրը աննպատակահարմար է համարել նույն պատգամավորների ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, նպատակ ունենալով հավասար պայմաններ ստեղծել բուհական ՊՈԱԿ-ների և կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար, ինչը հնարավոր չէ տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների դեպքում:
«Կրթության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմնավորմամբ մերժվել է նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին


ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 7.145.000,0 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ԱԱՀ-ի վերադարձի գումարների տրամադրումը, ասել է. «Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»:
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2015» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Երևան քաղաքի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ «Հին Երևան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին, որը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը, նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը: «Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - ասել է վարչապետը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ընդունվել է համապատասխան որոշում, ՀՀ երեք խոշոր քաղաքներում և խիտ բնակեցված տարածքներում աէրոլուսանկարների խտացման համար պլանաբարձրունքային հիմքի ստեղծման աշխատանքներ կատարելու նպատակով վերաբաշխում և փոփոխություններ է կատարվել ՀՀ 2014թ. պետբյուջեում և նախկինում ընդունված որոշման մեջ:
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն կառավարությունը համաձայնություն է տվել «Արտաքին պարտքի և ակտիվների մասին» 1992թ. մարտի 13 արձանագրության գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Մեկ ուրիշ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 

Կառավարությունը հաստատել է


Մաքսային գործի իրականացման նպատակով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման՝ Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը, հավանություն է տրվել 2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննությունների ծրագրին, ինչը տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ, խթանելով արտադրության ծավալների աճը, հաստատել է առևտրի վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի ճանաչման մասին» 1992թ. նոյեմբերի 13-ի, «ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» 1997թ. հոկտեմբերի 9-ի համաձայնագրերի, «ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության աջակցության հիմնադրամի ստեղծման մասին» 1998թ. սեպտեմբերի 11-ի հիմնադիր պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին արձանագրությունների կնքման առաջարկություններին:
ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու, ապրանքների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով համաձայնություն է տրվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009թ. նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին. արձանագրության կնքման առաջարկությանը, ինչը թույլ կտա որպես ներմուծվող ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթուղթը ներկայացնել ապրանքի ծագման մասին հայտարարագիրը, եթե ապրանքների ընդհանուր արժեքը չի գերազանցում 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:


Անվճար բուժօգնություն՝ անօթևաններին


Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ, ինչի արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք, ովքեր, անօթևանի կարգավիճակով պայմանավորված, չեն օգտվում պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից և հիմնականում ունեն առողջական լուրջ խնդիրներ:
Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին պետական նմուշի փաստաթուղթ (դիպլոմ) ստանալու գործընթացը կանոնակարգելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել կառավարության 2011թ. մարտի 3-ի թիվ 197-Ն որոշման մեջ:
Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է տրամադրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկին որոշման մեջ, համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ մարզպետարաններին հատկացված գումարների տնտեսման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները վերաբաշխելով այլ նպատակային ծրագրերի իրականացմանը:
Ընդունվել են ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին գումար հատկացնելու, ՀՀ ԱԳՆ աշխատողների նոր թվաքանակը հաստատելու, ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանը աջակցելու որոշումներ, հաստատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գործունության կազմակերպման կարգը:


Այլ որոշումներ


Կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանը պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ թվով 6 տրանսպորտային միջոցներ, օտարել դասական աճուրդով:
Ոչ մեծ արժեք ունեցող, ինչպես նաև լիկվիդային շարժական գույքի օտարման գործընթացը պարզ ընթացակարգով կազմակերպելու նպատակով գործադիրը կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշման մեջ կատարել է համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
«Իմունոֆարմ» ՍՊԸ-ին մեկ այլ որոշումով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա, երեք տարի գործողության ժամկետով:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մագիստրանտ Նարեկ Թովմասյանի՝ զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. ձմեռային զորակոչ:
Կառավարության որոշմամբ Հարություն Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել աշխատանքում:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ