Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Երեքշաբթի, 17 Մայիսի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում

Մեծարգո Գերագույն Հանձնակատար պարոն Անտոնիո Գուտերեշ,
Կառավարությունների հարգարժան ներկայացուցիչներ,
Նորին Գերազանցություն դեսպաններ,
Միջազգային և համահայկական կազմակերպությունների hարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և Պարոնայք,

Թույլ տվեք Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ` այս համաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար: Նախ կցանկանայի համառոտ ներկայացնել Ձեզ այն իրավիճակը, երբ Հայաստանը ստիպված էր դիմագրավելու փախստականների աննախադեպ ծավալների հոսքին, պայմանավորված ժամանակի մարտահրավերներով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից 360 հազարը գաղթեց Հայաստան: Այդ տարիներին մեր երկրին բաժին էր հասել մեկ այլ արհավիրք ` 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը, որի հետևանքով զոհվեց 25.000 մարդ, Հայաստանի տարածքի շուրջ 1/3-ի ամբողջությամբ ավերվեց, 530 հազար մարդ մնաց անօթևան: 1992-94թթ. Հայաստանի սահմանամերձ շրջանների ռմբակոծությունների արդյունքում անօթևան մնացին ևս 72 հազար ներքին տեղահանվածներ: Փաստորեն, նորանկախ Հայաստանին բաժին հասավ մեկ միլիոնից ավելի անօթևան մնացած մարդկանց անհետաձգելի կարիքների լուծման պատասխանատվությունը: Այս իրադարձությունների առաջին իսկ օրերից Հայաստանն արել է հնարավորը՝ մեղմելու փախստականների կրած զրկանքները: Մարդկանց ծածկով ապահովելու հիմնախնդիրը լուծելու համար գործի դրվեցին բոլոր ռեսուրսները` հյուրանոցները, հանգստյան տները, հանրակացարանները, դպրոցական և ադմինիստրատիվ շենքերն ու շինությունները: Բռնագաղթվածների մի մասն էլ հյուրընկալվեցին ծանոթների, բարեկամների, անգամ անծանոթ անձանց տներում: Մեր հայրենակիցների նկատմամբ հասարակությունում պատրաստակամ մթնոլորտի շնորհիվ հնարավոր եղավ խուսափելու փախստականների համար վրանային քաղաքներ և թաղամասեր ստեղծելու անցանկալի հեռանկարից:
1990-ական թվականների կեսերին պարզ դարձավ, որ փախստականների կամավոր վերադարձը իրենց բնակության նախկին վայրեր իրատեսական չէ` կյանքի և անվտանգության երաշխիքների բացակայության պատճառներով: Հայաստանը ձեռնամուխ եղավ փախստականների ինտեգրացման քաղաքականության իրականացմանը, որի առաջնային նպատակը փախստականներին Հայաստանի հասարակությունում արդյունավետ ներգրավման և ինքնիրացման պայմանների ապահովումն էր՝ կապված կենսական կարևորություն ներկայացնող մի շարք խնդիրների լուծման հետ:
Այս խնդիրները տարբեր էին.
սոցիալ-տնտեսական
իրավա-քաղաքական
հոգևոր-մշակութային
բարոյա-հոգեբանական
պայմանավորված անհատական մտածելակերպով
Միայն այդ խնդիրների համալիր լուծումը կարող է հանգեցնել փախստականների հասարակության հետ վերջնական ինտեգրմանը, որի կարևորագույն իրավա-քաղաքական դրսևորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիրության ընդունումն է: Իրավա-քաղաքական հարցերի առնչությամբ վիճակը էապես փոխվեց 1999թ. մարտի 3-ին «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Այդ օրենքի դրույթների իրազեկման ուղղությամբ պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործադրված ակտիվ ջանքերի շնորհիվ հաղթահարվեցին քաղաքացիության ընդունման կապակցությամբ փախստականների ունեցած մտավախությունները: Իրականացրած լայնածավալ քարոզչական-բացատրական աշխատանքի արդյունքում կտրուկ մեծացավ ՀՀ քաղաքացիություն ընդունած փախստականների թիվը և ներկայումս այն կազմում է ավելի քան 85 հազար:
Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է և շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Սկսած 1994 թ-ից, երբ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը` այդ կազմակերպության, ինչպես նաև այլ երկրների ու կազմակերպությունների ծրագրերի շնորհիվ փախստականների համար կառուցվել է շուրջ 6000 բնակարաններ և առանձնատներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում այս հարցի լուծման գործում իրենց օժանդակությունը բերած երկրների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին: Հարկ է նշել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և համայն հայության մեծ օժանդակությունը՝ փախստականների առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում:
Հայաստանի կառավարությունը իր հերթին ջանքեր է գործադրում հիմնախնդրի լուծման նպատակով: 2001թ. սկսած փախստականները կարող են անվճար սեփականաշնորհել հանրակացարաններում իրենց զբաղեցրած սենյակները, և առ այսօր այդ իրավունքից օգտվել են ավելի քան 1200 ընտանիք: 2002 թ. ընդունված մեկ այլ օրենքով փախստականները ճանաչվել են միջազգային հանրության միջոցներով կառուցված բնակարանների սեփականատերեր: Իրականացրած քայլերի թվում հիշատակության է արժանի ՀՀ կառավարության կողմից 2004 թ. Հաստատված «Առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը», որով ուրվագծվեց հանրային նշանակության շենքերում ու շինություններում բնակվող 3470 փախստական ընտանիքների հիմնախնդիրների լուծումը: Սկսած 2005 թ. Հայաստանի պետական բյուջեում գումարներ էին նախատեսվում այդ ծրագրում ընդգրկված ընտանիքներին բնակարանների գնման սերտիֆիկատներ տրամադրելու համար: Ցավոք, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով ոչ 2010թ. և ոչ էլ այս տարվա պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվել և շուրջ 1200 փախստական ընտանիքների բնակարանային հիմնախնդիրը դեռևս մնում է չլուծված: Պահանջվող միջոցների ծավալը կազմում է շուրջ 45 մլն. ԱՄՆ դոլար:
Հարգելի գործընկերներ,
Վերջին շրջանում տարբեր տարածաշրջաններում առաջացող քաղաքական լարվածությունը, զինված հակամարտությունները ինչպես նաև բնական աղետները առաջացնում են փախստականների նորանոր հոսքեր: Բնական է նաև համաշխարհային հանրության ուշադրությունը այդ նոր օջախներում հայտնված մարդկանց կարիքներին: Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը:
Այս խնդիրն առավել սուր է Հայաստանի իշխանությունների համար հետճգնաժամային փուլում, պայմանավորված այն հանգամանքով, որ մենք ունենք դեռևս ունենք շուրջ 4000 անօթևան ընտանիքների չլուծված խնդիր աղետի գոտում: Այդ խնդրի լուծման համար կառավարությունը տրամադրել է շուրջ 250 միլիոն դոլար գումար, ստանալով վարկային միջոցներ, և այդ վարկային միջոցների հաշվին մենք փորձում ենք լուծել նաև աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների խնդիրը: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մեր ֆինանսական միջոցներն այսօր չեն բավարարում այս կարիքավոր ընտանիքների խնդիրները ամբողջությամբ և կարճ ժամանակում լուծելու համար:
Ես խորհրդանշական եմ համարում, որ մեր երկրի համար կարևորություն ունեցող այս համաժողովը համընկնում է մեծ մարդասեր, նորվեգացի նշանավոր բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին: 1918թ. փախստականների հարցերով Ազգերի Լիգայի առաջին հանձնակատար Նանսենը, հսկայական ծառայություն մատուցեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Նանսենյան անձնագրերը տասնյակ հազարավոր հայ փախստականներին հնարավորություն տվեցին նոր կյանք սկսել: Հատկանշական է, որ 2011թ. լրանում է «Փախստականների մասին» Ժնևյան Կոնվենցիայի ընդունման 60 և «Անքաղաքացիության կրճատման մասին» Կոնվենցիայի 50 տարին, որոնց անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Մեր համատեղ ջանքերով առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության հարցի լուծումը խիստ համահունչ կլինի նշված միջազգային փաստաթղթերում ամրագրված դրույթներին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունել եք մեր հրավերն ու գտնվում եք Երևանում, և համոզված եմ, որ մեր այս հանդիպումը կնպաստի փախստականների առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը:
Շնորհակալություն: