Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2009
Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, գագաթաժողովի մասնակիցներ։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատանքներում` 1993 թվականից հանդիսանալով կազմակերպության լիիրավ անդամ։ Համագործակցության անցած տարիները արդյունավետ աշխատանքի ու արձանագրված հաջողությունների ժամանակաշրջան են։ Այդ բովանդակալից և շնորհակալ համագործակցությունը շոշափելի արդյունք է տվել։ Այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Հաջողության ուղիները» զեկույցը, ի թիվս չորս այլ պետությունների, բարձր է գնահատել մեր երկրի օրինակը` որպես դրված նպատակներին հասնելու և ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծման փորձառություն։ Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հիմնահարցերն արդեն լուծված են, և պետք է աշխատել նոր եռանդով, ձեռքբերածն ամրապնդելու և գյուղատնտեսության ոլորտում տեսանելի առաջընթացը շարունակելու համար։
Հայտնի է, որ պարենի արտադրությունը ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, խիստ ռիսկային ոլորտ է։ Արդի ֆինանսական և տնտեսական ճգնաժամն իր հերթին բացասական ազդեցություն թողեց սննդի պահանջարկի վրա, ինչն առավել ընդգծված զգացվեց զարգացող երկրներում։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք այս համաժողովն ու խնդրի լուծմանն ուղղված բոլոր պետությունների ու միջազգային կազմակերպությունների ջանքերը։ Այսօր այս սրահում հավաքված պատվարժան հյուրերն ու ոլորտի պատասխանատուները պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի առաջարկած հռչակագրին անդրադառնալու առիթներ դեռ ունենալու են։ Համոզված եմ, որ այդ քննարկումները բավականին հետաքրքիր ու արդյունավետ են լինելու։ Իմ դիրքորոշումը սեղմ է և հստակ։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի հռչակագիրը։ Այն համապատասխանում է մեր կառավարության տեսլականին, ու դրանում արտահայտված սկզբունքները մեզ համար ընդունելի են։
Մեծարգո պարոն նախագահ,
Մենք բարձր ենք գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու Կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14 Երևանում անցկացնելու մասին որոշումը։ Հուսով եմ, որ Երևանում կայացրած որոշումները ևս կնպաստեն պարենային անվտանգության մակարդակի զգալի բարձրացմանը։ Սպասում ենք ձեզ Երևանում։
Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կրկին հայտնել իմ խորին շնորհակալությունը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը և անձնապես գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆին, կազմակերպության դոնոր անդամներին և բարի կամք դրսևորած երկրներին` աշխարհի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով գործադրած համատեղ ջանքերի համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով ի վիճակի կլինենք հաղթահարելու պարենային անվտանգության մարտահրավերները և աստիճանաբար կվերացնենք սովն ու աղքատությունը ամբողջ աշխարհում։





