Ուրբաթ, 27 Փետրվարի 2009
Նախ կցանկանայի ձեզ հաղորդակից դարձնել մեր մոտեցումներին այն գործընթացների նկատմամբ, որ այժմ տեղի են ունենում աշխարհում։ Ինչ գնահատական կարելի է տալ դրանց։ Մեթոդաբանության առումով գործ ունենք ճգնաժամի հետ։ Իսկ դա նշանակում է, որ մեզ հայտնի են տնտեսական կյանքի բոլոր օրինաչափություններն ու կանոնները, պարզապես առկա է լուրջ անկում։ Կանցնի մի որոշ ժամանակ, և տեղի կունենա վերադարձ այն իրադրությանը, որը կար մինչև ճգնաժամը, և այն օրինաչափությունները, որոնք գործում էին, դարձյալ կվերականգնվեն, իսկ տնտեսության զարգացումը կմտնի իր սովորական հունը, այսինքն` տեղի կունենա հերթական տնտեսական շրջափուլը։
Մեթոդաբանական մյուս մոտեցումը փաստում է, որ իրականում ճգնաժամը չէ այն բանի պատճառը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում։ Ճգնաժամը հետևանքն է նոր աշխարհի ձևավորման, որի վկաներն ենք մենք ձեզ հետ միասին, և որտեղ կդրսևորվեն արդեն նոր օրենքներ և նոր օրինաչափություններ, այսինքն` աշխարհն այդ ճգնաժամից հետո ուրիշ կլինի։ Իսկ եթե փոխվում են օրինաչափությունները, անհասկանալի է դառնում, թե ինչ տրամաբանությամբ է տեղի ունենում փլուզումը և ինչ տրամաբանությամբ կկերտվի այդ նոր աշխարհը։ Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե ճգնաժամի, այլ քաոսի հետ։
Մեթոդաբանական այս երկու մոտեցումները կարևոր են ապագայի նկատմամբ սեփական դիրքորոշումը հստակեցնելու առումով։ Մենք կառավարությունում աշխատում ենք երկու ուղղությամբ։ Առաջինը հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի իրացումն է։ Այստեղ մենք գործում ենք ինդուստրիալ հասարակության տրամաբանությամբ, օրինաչափությունների տրամաբանությամբ և իրադրության նկատմամբ ճգնաժամային վերաբերմունքի տրամաբանությամբ։ Իսկ մեր մտորումների երկրորդ ուղղությունը տանում է նոր աշխարհի, հասարակության հետինդուստրիալ մոդելի հարթություն։
Մեզ համար այսօր ակներև է, որ, անկախ ապագայի սցենարից, աշխարհն այլևս առաջվանը չի լինի, ուստի մեզ անհրաժեշտ է, որ մեր տրամաբանական սխեմաներում նկատի ունենանք մտածողության երկու հարթություն։ Այսօր գոյություն ունեն այդպիսի գլոբալ կառուցվածքախախտումներ, ահա ձախ հարթությունը և ահա աջը, շարժում բարդից դեպի պարզը։ Մենք ձեզ հետ միասին գլոբալացման փուլի արգելակման և լոկալիզացիայի գործընթացի ակտիվացման վկաներն ենք։ Լոկալիզացիա ասելով` հասկանում ենք տարածաշրջանային ընդգրկումով ինտեգրացիոն նոր գործընթացները, տարածաշրջանային նոր լոգիստիկայի ձևավորումը, ինչի մասին մենք դեռ կխոսենք ապագայում։ Ի՞նչ են տարածաշրջանային այդ կազմավորումները, և ինչպե՞ս են դրանք տեղավորվելու նոր լոգիստիկայում։ Ակներև է, որ այսօր մենք գործ ունենք հովանավորչական քաղաքականության հետ։ Որքան էլ որ զարգացած երկրներն ասեն, թե դա վատ է, թե դա հանգեցնում է համաշխարհային էկոնոմիկայի փլուզման ու խորացնում ճգնաժամը, մենք տեսնում ենք, որ բոլոր գլոբալ խաղորդներն, ըստ էության, հովանավորչություն են իրականացնում։
Ներկայում տնտեսական հարաբերություններին պետության միջամտությունն անխուսափելի է, և այդ գործընթացների կարգավորման հարցում պետության դերը բնականաբար կտրուկ մեծանում է։ Մինչդեռ դա համընդհանուր անվստահություն է ծնում այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում, որովհետև անհասկանալի են փլուզման օրինաչափությունները, պարզ չէ նաև, թե պետությունն ինչպես է կարգավորելու իրադրությունը։ Սոցիալական լարվածության պայմաններում պոպուլիզմի աճը տեղի ունեցող այս ամենի անխուսափելի ուղեկիցն է։ Մենք նույնպես գործ ունենք դրա հետ և ակներև է, որ քրեածին իրադրության վատթարացում է տեղի ունենում։
Ես արդեն ասել եմ, որ առայժմ նորի սկզբնավորման նշանը փլուզման և կերտումի տրամաբանության բացակայությունն է, այսինքն` շուկայի մասնակիցների, կարգավորողների միջև փոխհամաձայնություն չկա այն հարցում, թե ինչ է տեղի ունենում, երբ տեսանելի կլինի այս ճգնաժամի հատակը և ինչպես կստեղծվի նորը։ Փոխվում են հաջողության չափանիշները, առկա է արժեքների վերագնահատում։ Փողն այսօր հաջողակության գնահատման չափանիշ չէ։
Ուժի կենտրոնների և ռեսուրսների վերաբաշխումն ակներև է, նոր դիսլոկացիա է ընթանում, գլոբալ խաղորդները ցանկանում են հստակորեն և ճշգրիտ որոշել իրենց դիրքերը, բայց դա նրանց չի հաջողվում այն պատճառով, որ չկա ապագայի ընդհանուր տեսլականը։ Ակնհայտ է, որ մասնավոր սեփականության և մրցակցության ինստիտուտի քայքայում է տեղի ունենում, և դա պայմանավորված է նրանով, որ կտրուկ մեծանում է պետության մասնակցությունը տնտեսական գործընթացներին։ Գլոբալ ինստիտուտները, որոնք պատասխանատու են համաշխարհային ֆինանսների և առևտրի ճարտարապետության համար, դրսևորում են իրենց անկարողությունը։ Նրանք չունեն գործիքներ, չունեն միասնական մոտեցում և չեն կարողանում փոխըմբռնման հասնել համաշխարհային շուկայի գլոբալ մասնակիցների հետ։ Ակներև է, որ տեղի կունենա համաշխարհային տնտեսական ու ֆինանսական գործընթացների կառավարման ճարտարապետության փոփոխություն։
Որոնք են ընթացիկ իրադրության բացասական կողմերը։ Առկա է բնական ռեսուրսների համաշխարհային գների կտրուկ անկում, ինչի հետևանքով կրճատվում է Հայաստանի հումքային ճյուղերի արտահանությունը։ Պղնձամոլիբդենային հանքերն ու այդ ճյուղում աշխատող հինգ խոշոր ձեռնարկություններն, իհարկե, լուրջ խնդիրներ ունեն, դրանք մի քանի ամիս կարող են դիմանալ այն բարձր եկամուտների հաշվին, որ ստանում էին վերջին երեք տարվա ընթացքում։
Խստացել են ներմուծման կանոնները, Հայաստանի գործընկեր երկրներում նվազել է պահանջարկը, ինչի հետևանքով բոլոր ճյուղերում կրճատվել է արտահանումը։ Իսկ ներմուծման կանոնների խստացումը տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ բոլոր երկրներն էլ բացահայտ կամ թաքուն հովանավորչության քաղաքականություն են վարում և խստացնում են մաքսային կանոնները, արտադրանքի որակի նկատմամբ հսկողությունը և այլն։ Բնականաբար, տեղի է ունենում գործազրկության պոտենցիալ աճ, այն քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացում, որոնց եկամուտների մեծ մասը կազմում էին տրանսֆերտները։ Խոսքը նախ և առաջ Ռուսաստանից եկող տրանսֆերտների մասին է։ Տրանսֆերտների ընդհանուր ծավալում դրանց տեսակարար կշիռը կազմում է շուրջ 70 տոկոս։ Մենք արդեն տրանսֆերտների աճի տեմպերի կրճատում ենք արձանագրում։
Բացասական սպասումների պատճառով դիտվում է մասնավոր շինարարության դադարեցում, Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների կրճատում, միջազգային գործարքների գծով վճարումների ձգձգում։ Ապրանքներն ուղարկվում են Ռուսաստան, բայց տարբեր պատճառներով գումարներն ստանում ենք երկու-երեք ամիս ուշացումով։
Առկա է քրեածին իրադրության վատթարացում, կոռուպցիոն ռիսկերի մեծացում։
Որոնք են ընթացիկ իրադրության դրական կողմերը։ Առաջինը մակրոտնտեսական կայունության պահպանումն է, միջազգային գործակալությունների կողմից մակրոտնտեսական կայունությանը տրվող գնահատականներն առայժմ բարձր են, կանխատեսումները` դրական։
Նվազել է արտաքին գնաճային ճնշումը։ Անցյալ տարի երկրում գնաճը ծրագրվածից փոքր-ինչ բարձր է եղել` 5,5 տոկոս, այդուամենայնիվ, դա ամենացածր գնաճն էր ԱՊՀ երկրների համեմատությամբ։ Հունվարին գնաճը եղել է 1 տոկոս, փետրվարին գնանկում ենք սպասում։ Դա ամրապնդում է մեր ներուժը, մակրոտնտեսական կայունության ներուժը և որոշակիորեն ամրացնում Կենտրոնական բանկի դիրքերը։
Հայաստանի բանկային համակարգը, դիմագրավելով ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը, պահպանում է կայունությունը, մենք իրացվելիության հետ կապված խնդիր չունենք, կապիտալիզացիայի մակարդակը շատ բարձր է, բանկերն աշխատում են բարձր եկամտաբերությամբ։
Պետական արտաքին պարտքի մակարդակը ցածր է։ Ներկայում այդ պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 17 տոկոսը։ Անվտանգության այդ լուրջ պաշարը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտաքին նոր փոխառությունների համար։ Դա նշանակում է, որ մենք վճարունակ երկիր ենք և կարող ենք կտրուկ բարձրացնել արտաքին պարտքի մակարդակը և հաղթահարել հնարավոր հիմնախնդիրները, կտրուկ ընդլայնել ինստիտուցիոնալ ներդրողներին և վարկատուներին ներգրավելու հնարավորությունները այն կապակցությամբ, որ մեր վարկանիշը մնում է դրական։ Մենք աշխատում ենք միջազգային մեր բոլոր պարտավորությունների շրջանակներում, և ինստիտուցիոնալ ներդրողները մեծ ցանկություն ունեն ներդրումներ կատարելու հենց Հայաստանում։
Կտրուկ մեծացել է Հայաստան որակյալ աշխատուժի ներհոսի ներուժը, նախ և առաջ Ռուսաստանից, որն այսօր լուրջ դժվարություններ ունի։ Ինովացիոն սարքավորումների և տեխնոլոգիաների գների անկումը դրական լուրջ գործոն է մեզ համար։
ճգնաժամի պայմաններում պետության նկատմամբ վստահության աճը պայմանավորված է նրանով, որ կտրուկ մեծացել է հետաքրքրությունը այն նախագծերի ու ծրագրերի նկատմամբ, որոնք մենք այսօր իրագործում ենք։ Դրան գումարվում են կառավարման մեր լծակները, որոնք այսօր պահանջված են։ Ճգնաժամը եզակի հնարավորություն է ստեղծում ուղղելու անցյալի սխալները, որոնք շատ են, մենք վճռականորեն սկսել ենք դրանք շտկել։
Բիզնես-միջավայրում որոշակի դրական տրամադրվածություն կա այն նախագծերի նկատմամբ, որ մենք այսօր իրացնում ենք։
Ակնհայտորեն դրական է նաև այն, որ որոշ բարեփոխումներ պարզապես անկարելի է թողնել ապագային, մենք դրանք պարտավոր ենք անել այսօր։
Ստեղծված իրավիճակում որո՞նք են կառավարության գործունեության սկզբունքները` դրական և բացասական կողմերի հաշվառմամբ։ Առաջինը մեր խոսքն է, խոսքին պետք է հետևի գործը, և պետք է արդյունք լինի։ Եթե մենք այդ սկզբունքը չենք պահպանում, կորցնում ենք վստահությունը։ Երկրորդ սկզբունքը կարգն է ու կարգապահությունը։ Ճգնաժամի ժամանակաշրջանում կարգն ու կարգապահությունը հարկավոր են ինչպես երբեք։ Բայց կարգն ու կարգապահությունը պարտադիր կերպով պետք է ուղեկցվեն թափանցիկությամբ և հանրային հսկողությամբ։ Բոլոր որոշումները, որ մենք ընդունում ենք, նախապես քննարկվում են բիզնես-միջավայրում, այդ որոշումների նախագծերը զետեղված են մեր կայքում։ Մենք ունենք կանոն, որը մեզ իրավունք չի տալիս որոշումների նախագծերն ընդունել առանց դրանք բիզնես-հանրակցության հետ քննարկելու։
Մյուս սկզբունքը որոշումների ընդունման օպերատիվությունն է և միջոցառումների կոմպլեքսայնությունը։ Հաջորդը նախագծային մոտեցումն է։ Մենք բավական լուրջ խնդիր ենք բացահայտել պետական կառավարման բնագավառում։ Դա նախագծային մոտեցման բացակայությունն է, այն արդյունքները նկարագրել չկարողանալը, որոնց դուք ցանկանում եք հասնել։ Եվ մենք այժմ մեր բյուջետային գործընթացների կառավարման ավանդական մեթոդներից լայնորեն անցնում ենք նախագծային կառավարման։
Գանք մասնավոր պետական գործընկերության սկզբունքին. ինչ է դա նշանակում։ Ակնհայտ է, որ ճգնաժամի պայմաններում պետությունն ավելի շատ գործառույթներ է կատարում, պետության վրա մեծ բեռնվածություն է ընկնում և բոլոր այդ նոր նախագծերն իրացնելիս անհրաժեշտ է անպայմանորեն ապահովել այդ նախագծերի իրացմանը մասնավոր հատվածի մասնակցությունը` բիզնեսից դուրս գալու հստակ ռազմավարությամբ։ Բիզնեսից դուրս գալու ռազմավարությունը սկզբից ևեթ պետք է հայտնի լինի ինչպես մասնավոր գործարարությանը, այնպես էլ հասարակությանը։ Եվ պարտադիր է հավաքական խորհրդակցությունների անցկացումը. հակաճգնաժամային բոլոր այն միջոցառումները, որ մենք մշակում և իրականացնում ենք, անհրաժեշտ է մանրակրկիտ քննարկել հասարակայնության հետ, անհրաժեշտ է, որ հասարակությունը հասկանա, թե ինչ ենք մենք անում։
Սա նախաբանն էր, իսկ զեկուցման առաջին մասը վերաբերում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների փաթեթին։ Սկզբունքորեն այն, ինչ մենք այսօր իրականացնում ենք, կարելի է ասել` հեղափոխական փոփոխություններ են կառավարության գործելակերպի մեջ։ Մենք միշտ էլ առաջնորդվել ենք մեր բոլոր նախագծերի իրացման գերազատական տրամաբանությամբ և այն, ինչ այժմ իրագործում ենք, շատ անսպասելի է, մանավանդ մեր կառավարության համար։ Մենք մասնավոր ձեռնարկություններին պետական երաշխիքներ ենք տրամադրում այնպիսի նախագծեր իրացնելու համար, որոնք, մեր համոզմամբ, համապատասխանում են մեր այն պատկերացմանը, թե ինչպես պետք է դուրս գալ այս ճգնաժամից։ Մենք տալիս ենք վարկեր, այդ թվում` ուղղակի վարկեր բյուջեից։ Մենք մասնակցում ենք մասնավոր ձեռնարկությունների կապիտալին` այդ կապիտալից դուրս գալու ռազմավարությամբ։ Մենք սուբսիդավորում ենք իրականացնում, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառում, և այդ բոլոր ուղղություններով արդեն հաջողված նախագծեր ունենք, որոնք տեղ են գտել իմ զեկուցման հավելվածում, և դուք կարող եք դրանց ծանոթանալ։ Մենք որոշում ենք ընդունել` հետաձգել սարքավորումների և տեխնոլոգիաների ներկրման ավելացված արժեքի հարկի վճարումը։ Դա արտադրական հզորությունները նորացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու լուրջ հնարավորություն է, և մենք արդեն պայմանավորվածություններ ունենք մասնավոր ոլորտի հետ։ Այդ հետաձգումը, որն ըստ էության ավելացված արժեքի հարկից ազատում է, արդեն որոշակի արդյունքներ է տվել։
Մասնագիտացված արտահանական ձեռնարկությունների ստեղծում, որոնց նպատակը արտահանական ներուժի համախմբումն ու օպտիմալացումն է, փոքր ձեռնարկատերերի արտադրանքի ստանդարտացում և հավաստագրում, արտահանական գործարքավարության ծախսերի կրճատում. սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց վերջին տասը տարում բախվել է Հայաստանը։ Մեզանում, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, կան հսկայական թվով մանր ձեռնարկություններ, որոնք որակյալ արտադրանք են թողարկում, բայց, քանի որ շատ փոքր են, ի վիճակի չեն ինքնուրույն կազմակերպել իրենց արտադրանքի արտահանումը։
Հայտնի է, որ զարգացած երկրներում ստեղծվում են ընկերակցություններ, որոնք ստանձնում են այդ գործառույթների կատարումը։ Ցավոք, Հայաստանում սիներգիզմի մակարդակն այնքան էլ բարձր չէ, և այդպիսի մանր ձեռնարկություններն իրենք համաձայնության չեն գալիս կոնսորցիումների ստեղծման շուրջ։ Ուստի մենք կոնցեպտուալ որոշում ենք ընդունել, որ դրանով պետք է զբաղվի պետությունը, և մենք մասնավոր հատվածի հետ միասին ենք ստեղծելու այդպիսի արտահանական մասնագիտացված ձեռնարկություններ։ Անցած տարվա վերջին GSP+ համակարգին միանալուց հետո, հունվարի 1-ից մեր բոլոր արտահանողները կարող են Եվրամիություն արտահանումն իրականացնել արդեն նվազեցված մաքսատուրքերով։ Դա շատ լուրջ առավելություն է, որ այսօր հայ ձեռնարկատերերն ունեն ռուսաստանցի ձեռնարկատերերի նկատմամբ։
Տարածաշրջանային և ազգային ներդրումային նախագծերի իրացումը հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի երկրորդ լուրջ ուղղությունն է։ Նոր ատոմակայանի շինարարության ազգային նախագծի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է։ Այսօր հսկայական թվով ներդրողներ կան, որոնք փողի ավելցուկ ունեն։ Նրանք հուսալի նախագծեր են փնտրում։ Ատոմային էլեկտրակայանները հենց այդպիսի նախագծեր են, և մեզանում շատ լուրջ հետաքրքրություն կա այդ նախագծի նկատմամբ։ Արդեն օպերատորի հայտամրցույթ է հայտարարված, որը կավարտվի մարտի 13-ին։ Այդ նախագիծը գործարկված է։
Երկրորդ նախագիծը ճանապարհային շինարարությունն է։ Շուրջ հազար կիլոմետր ճանապարհային շինարարություն է իրականացվելու Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի, որը մենք իրականացնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորման հաշվին։ Հայաստանի ամբողջ տարածքում ջրամատակարարման համակարգի վերականգնման նախագիծը նույնպես խոշոր նախագիծ է, որը կպահանջի շուրջ 300 մլն դոլար։ Երկրաշարժի գոտու վերականգնման նախագծում պետությունը կներդնի շուրջ 250 մլն դոլար։ Այս խոշոր նախագծերի իրացումն, իհարկե, զորեղ ազդակ կծառայի տնտեսական աճի ցուցանիշների վերակագնման համար։
Հաջորդ ուղղությունը աջակցությունն է փոքր ու միջին գործարարությանը։ Ըստ մեր գնահատումների` փոքր ու միջին ձեռնարկությունները երկու տարվա ընթացքում ի վիճակի են կլանել շուրջ 250 մլն դոլար, և այդ փողերը կհատկացվեն հայ-գերմանական հիմնադրամի միջոցով։ Դրան կմասնակցի նաև Համաշխարհային բանկը, որը մեզ արդեն 50 մլն դոլար է հատկացրել։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև Ասիական բանկը, պատրաստ են միջոցներ հատկացնել փոքր ու միջին գործարարության զարգացմանը։
Առանձին ժողովրդական արհեստների ազատում ձեռնարկատիրական բոլոր հարկերից. այս որոշումն ընդունված է կառավարության կողմից, իսկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է օրենքների փաթեթը։
Փաթեթը ներառում է սպասարկման առանձին ոլորտների անցում հաստատագրված վճարների և փոքր ու միջին գործարարության հետ աշխատելիս հարկային վարչարարության ավելի մեղմ ռեժիմի սահմանում, ինչպես նաև տարեկան 100 մլն դրամից պակաս շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառում վարելու պարտադիր պահանջի վերացում և պարզեցված հարկային հաշվետվության սահմանում։
Հակաճգնաժամային միջոցառումների հաջորդ ուղղությունը երկարաժամկետ պետական վարկերի ներգրավումն է։ Դուք գիտեք, որ մենք հաջող բանակցություններ ենք վարել Ռուսաստանի Դաշնության հետ և համաձայնության եկել 500 մլն դոլար վարկի շուրջ, որը մենք ամենայն հավանականությամբ կստանանք այս տարվա մարտին։ Բնականաբար, դա բավական լուրջ գումար է Հայաստանի, հակաճգնաժամային մեր փաթեթի համար։
Պետական ոչ նպատակային ծախսերի կրճատումը, այսինքն` Հայաստանի բյուջեի ծախսային մասի վերաձևակերպումը։ Մենք պետք է կարողանանք կրճատել անարդյունավետ ծախսերը և դրանք վերաբաշխել այն տրամաբանությամբ, որն այսօր ես շարադրեցի, այն է` ծախսերի կտրուկ ավելացում ենթակառուցվածքի համար, ներառյալ ճանապարհային շինարարությունը, էներգետիկան, ջրամատակարարումը, խմելաջուրը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի հավատարմագրումը։
Խնդիր է դրվում հասնել պետական ապարատի արդյունավետության բարձրացման և հակաճգնաժամային միջոցառումների լիակատար թափանցիկության։ Մենք այսօր մշակում ենք մեզ համար շատ կարևոր մի փաստաթուղթ` հակակոռուպցիոն համալիր ծրագիր։ Այդ ծրագրի արդյունավետությունը պետք է ապահովի մոնիթորինգի խումբը, և մենք հրապարակավ ընդդիմությանը հրավիրել ենք մասնակցելու մոնիթորինգի խմբի աշխատանքներին։ Վստահ եմ, որ հենց հակակոռուպցիոն ծրագրի մոնիթորինգին ընդդիմության այդ մասնակցությունը լուրջ արդյունք կտա։
Պետական գնումների համակարգի կատարելագործումը. դրա բովանդակությունն այն է, որ բոլոր հավասար պայմանների դեպքում մենք նախապատվությունը տալու ենք հայրենական արտադրողին։ Ահա սա է ինդուստրիալ աշխարհի տրամաբանությունը և ինդուստրիալ աշխարհի այս տրամաբանությամբ մշակվել են հստակ մեխանիզմներ, որոնք ես այստեղ շարադրեցի։
Զեկուցման երկրորդ հատվածն այն մասին է, թե ինչպես մենք պետք է աշխատենք հետինդուստրիալ հասարակության մեջ և նոր տրամաբանությամբ։ Հետինդուստրիալ հասարակության այդ նոր տրամաբանության բովանդակությունը բնութագրվում է ահա այս հիմնական պարամետրերով, որոնք ես այստեղ կփորձեմ շարադրել։ Եթե դուք ժամանակ ունենաք, կարող եք ծանոթանալ զեկուցմանը կցված աղյուսակին, որտեղ ներկայացված է ըստ նույն այդ պարամետրերի ինդուստրիալ հասարակության և մինչինդուստրիալ հասարակության տրամաբանությունը։ Ժամանակը խնայելու համար ես պարզապես կարծարծեմ հետինդուստրիալ հասարակության տրամաբանությունը։ Հետինդուստրիալ հասարակության մեջ բազային գործընթացը գիտելիքների, ապրանքների արտադրության գիտելիքների ստեղծումն է։ Սա հիմնարար փոփոխություն է, որը տեղի կունենա, և որի հետ մենք կառնչվենք նոր հասարակության մեջ, նոր աշխարհում։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ մինչ այդ տեղի է ունեցել։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է նպատակամղված լինեն հենց ստեղծարար ներուժի ամրապնդմանը, որպեսզի մենք Հայաստանում գիտելիքներ արտադրենք։ Հիմնական ռեսուրսը ինտելեկտն է և մտածողական գործունեությունը։ Մենք պետք է մտածել սովորենք։
Կառավարման համակարգը. այն փոխվում է, նոր աշխարհում այդ համակարգը ոչ թե ուղղահայաց, այլ ցանցային է լինելու, և դա մեզ որոշակի առավելություններ կտա։ Հաջողության չափանիշը գիտելիքներն են, այլ ոչ թե փողերը, ինչպես որ ինդուստրիալ աշխարհի տրամաբանությամբ էր։ Իսկ գործունեության հիմքը փող վաստակելու արշավը չէ, քանի որ մենք գործ ենք ունենալու այնպիսի մարդու հետ, որն ինտելեկտի կրողն է։ Կրթված մարդու համար ամենահիմնականը ինքնաիրացումն է։ Իրականում հենց սա է նոր գոյաբանությունը։
Պետական քաղաքականության գերակայությունները հետինդուստրիալ հասարակության մեջ։ Ակներև է, որ առաջնային են դառնում ինովացիոն տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մենք անընդհատ աշխատելու ենք կրեացիայի ռեժիմով, նոր գիտելիքների ստեղծման, նոր մոտեցումների ռեժիմով։
Առողջապահությանը առաջնահերթ նշանակություն է տրվում, մենք ունենք մի քանի նախագիծ, որոնք կարող են բեկում մտցնել առողջապահության բնագավառում։
Կրթության համակարգը ևս առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար։ Հուսով ենք` այն ներուժը, որ կուտակված է մակրոտնտեսության բնագավառում, ֆինանսական հատվածում, թույլ կտա այդ ուղղությունը Հայաստանի համար դարձնել հարաբերական առավելություններից մեկը։
Կազմակերպված հանգիստ և բիզնես-գերազանցության կենտրոն. դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը հավակնություն ունի հանրապետությունում ստեղծելու այնպիսի բիզնես-ինվայրմենթ, որն առավելություն կունենա տարածաշրջանի հարևանների համեմատությամբ, և մենք կմրցակցենք այնպիսի երկրների հետ, որոնք նշանակալի հաջողության են հասել։ Այսինքն` Հայաստանում գործարարությամբ զբաղվելը պետք է շատ դյուրին լինի։ Դրա համար մշակված է հստակ միջոցառումների համալիր ծրագիր, և մենք պետք է այդ ուղղությամբ բեկման հասնենք երկու տարվա ընթացքում։
Մեր այսօրվա հանդիպման նպատակը նոր Հայկական աշխարհի ձևավորումն է։ Հայկական աշխարհը զարգացման նոր տարածություն է, որը Հայաստանն ու սփյուռքը միավորում է մեկ միասնական օրգանիզմում։ Հայ աշխարհը հայկական մետրոպոլիայի և սփյուռքի ներկայացուցիչների մտածողական գործունեության միասնական պլատֆորմն է։ Դա նշանակում է, որ այն օնթոլոգիան, որը մենք ներկայացնում ենք, մեր մտածելակերպի տրամաբանությունը պետք է հասկանալի լինի Հայկական աշխարհին, և մենք պետք է մեր շուրջը համախմբենք մարդկանց, ովքեր ի վիճակի են ընկալելու այս նոր գաղափարներն ու նոր սկզբունքները։ Հայ աշխարհը մեզ համար համահայկական գլոբալ ցանցի ստեղծումն է, և այդ ուղղությամբ մենք այսօր աշխատում ենք։ Այսինքն` Հայ աշխարհը մեր պատասխանն է արդիականության մարտահրավերներին` աշխարհակարգի նոր ճարտարապետության տեսքով։
Ինչպե՞ս ենք մենք կառուցելու Հայկական աշխարհը։ Ակնհայտ է, որ ստանդարտ պատկերացումներով և կառուցվածքներով նոր աշխարհն անհնարին է պատկերացնել։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է շեշտը դնենք հետինդուստրիալ հասարակության տրամաբանությամբ կառավարման նոր կառուցվածքների ու մեթոդների վրա։ Այդ տեսանկյունից ակներև է, որ պետությունները փոխելու են իրենց դերը հանրային կյանքի կարգավորման մեջ։ Եվ այդ դերակատարությունը փոխվելու է հասարակության հետ ավելի սերտ համագործակցության ուղղությամբ։ Հենց այդ նպատակով ենք մենք ստեղծել Ազգային մրցունակության խորհուրդը, որի նպատակը հայերի, հայության մրցունակությունն է տարածքներից ու սահմաններից դուրս։ Այսինքն, եթե մենք դուրս ենք գալիս հայկական պետության տարածքից, պարտավոր ենք համագործակցել հայկական տարածությունում գործող ոչ պետական կազմակերպությունների հետ, պարտավոր ենք առաջարկել Հայկական աշխարհի կառավարման նոր համակարգ։
Ստեղծվել է Ազգային մրցունակության հիմնադրամ, որի նպատակը Հայկական աշխարհում նախագծային դաշտի ձևավորումն է։
Համահայկական բանկ. Համահայկական բանկի մասին օրենքն արդեն ընդունվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, Համահայկական բանկի ստեղծման համար փողերը հատկացվել են, և մարտ-ապրիլին այն արդեն կսկսի իր գործունեությունը։ Հայաստանի նախագահի հովանու ներքո ստեղծվել է «Լույս» հիմնադրամը, որի նպատակը կրթության ֆինանսավորումն է աշխարհի էլիտային կրթական կենտրոններում։ Ուսանողները պետք է հնարավորություն ունենան կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, և «Լույս» հիմնադրամը ֆինանսավորելու է բոլոր ծախսերը։ Եվ դա վերաբերելու է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են Հայկական աշխարհում։ Դուք հիշում եք Հայաստանի Հանրապետության նախագահի հայտնի ուղերձը. «Հայաստանը գոյություն չունի առանց Հայկական աշխարհի և չկա Հայկական աշխարհ առանց Հայաստան»։
Հայաստանի կառավարությունն ի՞նչ է այսօր առաջարկում Հայկական աշխարհին։ Նախ՝ աջակցություն Հայաստանի տարածքում հայելային ձեռնարկությունների ստեղծմանը։ Կարծում եմ` դա ամենից առաջ վերաբերում է ռուսաստանյան սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք հաջողությամբ գործարարությամբ են զբաղվում Ռուսաստանի Դաշնության տարածքում և այսօր, բախվելով որոշակի խնդիրների, հավանաբար նոր դաշտ են փնտրում իրենց նոր նախագծերի իրացման համար։ Կարծում ենք, որ նրանց փորձը, գիտելիքները թույլ կտան հայելային բիզնես կազմակերպելու Հայաստանում, իսկ պետությունը կաջակցի այդ նախագծերին։ Մենք այդ նոր նախագծերի, հատկապես խոշոր ինովացիոն նախագծերի համար կկիրառենք հարկային պայմանագրեր և մնում է, որ կազմվեն գրագետ բիզնես-նախագծեր։
Կառավարությունը պետական երաշխիքներ Է առաջարկում այն նախագծերի համար, որոնք աշխատատեղերի ստեղծում կամ արտահանություն են նախատեսում, նաև՝ արտոնյալ պայմաններով հողի և արտադրական հզորությունների երկարաժամկետ վարձակալություն, ՀՀ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի մակարդակով գործարարության խոչընդոտների հաղթահարում, հուսալի բանկեր՝ խնայողությունները պահելու համար, Հայաստանի կառավարության կողմից իրացվող ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու իրավունք։ Այստեղ խոսքը նաև ատոմային էլեկտրակայանին վերաբերող նախագծերի իրացմանը մասնակցելու հնարավորության մասին է, որովհետև մենք ենթադրում ենք, որ բաժնետոմսերի փաթեթի որոշակի մասը կարող ենք վաճառքի հանել։
Ամփոփելով զեկուցումը՝ որպես առանցքային եզրահանգումներ կարելի Է առանձնացնել հետևյալը. ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում։ Երբ մեզ մարտահրավեր է նետված, մենք ազգի առավելագույն ինքնակազմակերպում ենք դրսևորում, նոր իրողություններին արագորեն հարմարվելու կարողություն։ Ճգնաժամն ակունքներին վերադառնալու ժամանակն է, ճգնաժամը հին նախապաշարմունքներից ու սխալներից ազատվելու ժամանակն է։ Ճգնաժամը` ժամանակն է ամբողջ աշխարհին ցույց տալու, որ հին ազգերի իմաստությունը իրականություն է։
Հարգելի բարեկամներ, տանը ձեզ սպասում են, բարի գալուստ Հայ աշխարհ։