Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Երկուշաբթի, 1 Փետրվարի 2010

"National Geographic Traveler" ամսագիր

Տուրիզմի երկիր Հայաստան

Հայաստան երկիրը միշտ հայտնի է եղել իր բացառիկ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, ժողովրդի հյուրընկալությամբ և հյուրերի հանդեպ ջերմ վերաբերմունքով։ Այսօր տուրիզմը պաշտոնապես հայտարարված է որպես Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր ուղղություններից մեկը։ Չնայած աշխատանքային խիտ ժամանակացույցին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը սիրով ներկայացրեց այս ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների և ժամանակակից յուրահատկությունների մասին իր հայացքները National Geographic Traveler-ին։


-Պարո՛ն վարչապետ, Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է լինել Հայաստանի բրենդը։
- Երկրի բրենդի խնդիրը հատուկ ուսումնասիրության առարկա է, քանի որ մենք նորանկախ պետություն ենք։ Հայաստանն աշխարհում ընկալվում է տարբեր կերպ։ Մեր առաջին առանձնահատկությունն այն է, որ հայությունը աշխարհի ամենահին ժողովուրդներից է, որն ունի հարուստ պատմություն, անցյալից իրեն հասած ժառանգություն, որը սփռված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, այլ ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ Մենք հարուստ պատմամշակութային արժեքներ ունենք, որոնք մեծ գրավչություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար, իսկ դա մեր տուրիզմի զարգացման թիվ մեկ նախադրյալն է։
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ցեղասպանության հետևանքով հարյուր հազարավոր հայեր սփռվեցին աշխարհով մեկ և իրենց քաղաքակրթությունը տարածեցին ամենուր։ Ըստ էության, երկրագնդում ունենք տուրիզմի «գործակալներե, որոնք քարոզում են հայ մշակույթը, Հայաստանի Հանրապետությունը և ձևավորում շատ ավելի մեծ և լայն հնարավորություն, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում տուրիզմի զարգացման համար։ Հայ ժողովուրդը, փայփայելով իր հոգևոր և մշակութային արժեքները, Ավստրալիայից մինչև Լատինական Ամերիկա, Միջերկրականից մինչև Սկանդինավյան երկրներ, տարածում է իր մշակույթը, ճարտարապետությունը, կառուցում եկեղեցիներ։ Դրանցից տպավորված օտարերկրացիները մեծապես հետաքրքրվում են Հայաստանով։
Երրորդը ժամանակակից Հայաստանն է՝ իր հարուստ նախաքրիստոնեական, քրիստոնեական պատմամշակութային ժառանգությամբ և արդի արժեքներով, որոնցով հետաքրքրվում է օտար զբոսաշրջիկը։
Մեր նպատակը Հայաստանն աշխարհին պատշաճ մակարդակով ներկայացնելն է։

-Ձեր կարծիքով որո՞նք են Հայաստանում տուրիզմը զարգացնելու ուղիները։
- Նախկինում տուրիզմը Հայաստանում զարգանում էր Խորհրդային Միության կարգերին հարիր եղանակով. հիմնականում մենք բազմաթիվ զբոսաշրջիկներ էինք ընդունում Խորհրդային հանրապետություններից։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ի տարածքում քաջ հայտնի էին հայկական որոշ տուրիստական բրենդեր, որոնք համապատասխանում էին համամիութենական բարձր պահանջներին՝ Ջերմուկը, Դիլիջանը, Արզնին։ Դրանք ճանաչված էին միայն Խորհրդային Միությունում, իսկ արտասահմանյան տուրիզմը սահմանափակ էր։ Ուստի, Հայաստանը աշխարհին հայտնի չէր որպես տուրիստական գրավչություն ունեցող երկիր։ Վերջին տարիներին մենք ձեռնամուխ եղանք ամբողջ աշխարհին ուղղվելիք տուրիզմի զարգացման ծրագրերի մշակմանը։ Հասկանալի է, որ ԽՍՀՄ փլուզումից, տնտեսական կոլապսից հետո այդ գրավչությունը զգալիորեն նվազել էր։ Բացի այդ, երկրաշարժը և Ղարաբաղյան հակամարտությունը թողեցին իրենց բացասական ազդեցությունը գործընթացի վրա։ Սակայն, վերջին տասնամյակում տարեցտարի էապես ավելանում է տուրիստների քանակը։ Բնականաբար, առաջին հիմնական առանձնահատկությունից ելնելով, տուրիստների ակտիվ հոսքը սկսվեց հայկական համայնքներ ունեցող երկրներից։ Պարզվեց, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների 95 տոկոսը չի եղել Հայաստանում։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նրանց թիվը կրկնակի գերազանցում է տեղացիներիս քանակին։ Այստեղ տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ կա։ Իսկ վերջին տասը տարիների փորձը ցույց տվեց, որ տարեցտարի մենք ունենում ենք այցելությունների 20-30 տոկոսանոց աճ, որը դարձավ տուրիզմի զարգացման առաջին շարժիչը։ Դրանից հետո մեր առջև խնդիր էինք դրել երկրորդ առանձնահատկությունն էլ ակտիվացնել, որպեսզի Հայաստան գան նաև այլ երկների զբոսաշրջիկներ։ Դա նշանակում էր, որ մենք պետք է կարողանայինք բարձրացնել ենթակառուցվածքների մակարդակը և հասցնել լավագույն ստանդարտների, ներդրումներ կատարել հյուրանոցների կառուցման ոլորտում։ Սակայն երկրորդ շարժիչը թիրախավորել էր էլիտար, թանկ տուրիզմը։ Դրա պատճառով զբոսաշրջիկների քանակը սահմանափակ էր։ Մեր այսօրվա խնդիրը այդ քանակն ավելացնելն է, որի համար պետք է ունենալ տուր-փաթեթներ միջին խավի համար՝ 2-3 աստղանի հյուրանոցներ, տուրիստական գործակալություններ, որոնք կկարողանան կառուցողական հարաբերություններ հաստատել արտասահմանյան օպերատորների հետ։ Տուրիզմի մյուս ուղղությունն առհասարակ Անդրկովկասն է։ Մենք դրա զարգացման համար Վրաստանի հետ համատեղ տուրեր ենք ենթադրում։

-Պարոն վարչապետ, որո՞նք են այս ոլորտի առաջնային խնդիրները։
- Այսօր մշակման փուլում են որոշ գաղափարներ։ Ակտիվորեն գործում է Ազգային մրցունակության խորհուրդը, որի հիմնական նշանակետերից է տուրիզմը։ Մեծ խթան կհանդիսանա Տաթևի վանական համալիրի վերականգնումը, տուրիստական համալիրի և աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը։ Այն կանցնի հիասքանչ կիրճի վրայով, որը աներևակայելի գեղեցիկ տեսարաններ է բացելու տուրիստների առջև։ Միջոցներ ենք տրամադրելու այդ հատվածում ենթակառուցվածքներ զարգացնելու, ճանապարհները կարգի բերելու, հյուրանոցներ կառուցելու, նաև Երևանից մինչև Տաթև ուղղաթիռային հաղորդակցություն հաստատելու համար։ Այդ ամենը էապես կբարձրացնի Հարավային Հայաստանի տուրիստական գրավչությունը։ Նոր գաղափարներից է Երևանը հումորի և ծիծաղի կենտրոն դարձնելը, ինչպես Խորհրդային Միության համար Օդեսա քաղաքն էր։ Չէ՞ որ գոյություն ունի «Հայկական ռադիոե բրենդը, որը կնպաստի Հայաստանում հումորի միջազգային փառատոնների կազմակերպմանը։ Նամանավանդ՝ այսօր այդ բնագավառում հայերն ունեն իրենց պատշաճ դերն ու տեղը։ Մենք մտադիր ենք աջակցել նման փառատոներին։ Կան նաև տուրիզմի այլ ոլորտներ, որտեղ մենք ունենք բավականին շոշափելի ներուժ, մասնավորապես՝ որսորդությունը։ Արդեն ստեղծվել են լավագույն չափանիշներին համապատասխանող մի քանի բազաներ։ Հայաստանի տարածքը փոքր է, բայց նրա աշխարհագրությունը շատ բազմազան է։ Հայաստանում կարելի է հայտնաբերել աշխարհագրական բոլոր գոտիները։ 15-20 րոպեների ընթացքում կարող եք սարերի ցրտից իսկույն հայտնվել Արարատյան դաշտավայրի կիզիչ արևի տակ, և հետո, կես ժամ անց լողալ Սևանի պաղ ջրում։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես այս ամենը վերածենք տուր-փաթեթների և մատուցենք աշխարհին։

-Իսկ ո՞րն է փոքր և միջին բիզնեսի դերն այս գործում։
- Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստող համակարգն անմիջապես առնչվում է տուրիզմին։ Արդեն ստեղծվել է մի ցանց, որի մեջ ներգրավված են բազմաթիվ ընտանիքներ, որոնք օրական մոտ 5000 դրամով հյուրընկալելու են զբոսաշրջիկներին։ Սա փոքր բիզնեսի զարգացմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում և էժան տուրիզմի գրավչություն է ստեղծում։ Ի դեպ, գաղափարներից մեկն է Գառնի-Գեղարդ ճանապարհի հատվածում մի փոքր տուրիստական գյուղի կառուցումը։ Դրա համար պետությունը փոքր գյուղ կառուցելու մրցույթ է հայտարարել, ուր փոքր և միջին բիզնեսը կարող է ունենալ իր մասնակցությունը։ Եթե այս փորձը հաջողությամբ իրագործվի, մենք նույնը կիրականացնենք նաև Սյունիքում։ Այդ հայեցակարգի մեջ է ընդգրկվում նաև Սպիտակում «Վարպետաց քաղաքիե կառուցումը։ Ազգային մրցունակության խորհրդի շրջանակներում, McKinsey&Company ընկերության աջակցությամբ բիզնես-ծրագիր է մշակվում, որը կծառայի սպորտային և էկոտուրիզմի սիրահարներին։ Մեր գործընկերները McKinsey&Company ընկերությունից ծրագիր են մշակել Սևանում հեծանվային տուրիզմի կազմակերպման համար։

-Գաղտնիք չէ, որ Ձեր աշխատանքը ՀՀ վարչապետի պաշտոնում ենթադրում է մեծ զբաղվածություն։ Այնուամենայնիվ, Ձեզ հաջողվո՞ւմ է հանգստանալ։ Եթե այո, ապա ի՞նչ նախապատվություններ ունեք։
- Այսօր վարչապետի համար հանգիստը ոչ այլ ինչ է, քան ինտենսիվ և արդյունավետ աշխատանք։ Այսինքն, երբ զգում ես, որ աշխատանքդ արդյունք է տալիս, վարչապետի համար արդեն իսկ հանգիստ է, որովհետև դա նրան բավականության զգացողություն է պարգևում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի այսօրվա իրավիճակում վարչապետը կարող է գործերը թողնել ու հանգստանալ։ Դրա համար, կարծում եմ, մոտակա 5 տարիների ընթացքում վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը պիտի հանգստանա միայն իր աշխատասենյակում։ Աստված տա, հետագայում, երբ հիմնական խնդիրները հաջողվի լուծել, վարչապետը կկարողանա հանգիստ վայելել իր արձակուրդը։ Իսկ ինչ վերաբերում է հանգստի կազմակերպման իմ նախապատվություններին, ասեմ, որ եթե ժամանակ ունենայի, կմեկուսանայի Հայաստանում, մի գեղատեսիլ վայրում, կվերցնեի իմ սիրած գրքերը, և նաև մի կուշտ կքնեի։

-Ի՞նչ սպասումներ ունեք տուրիզմի ոլորտի զարգացման հարցում։
- Կարծում եմ, որ մոտակա տասը տարիների ընթացքում տուրիզմի զարգացման մեջ բավականին լուրջ ներդրումներ են կատարվելու, որովհետև տուրիստների քանակը 600 հազարից պետք է հասցնենք երեք միլիոնի։ Դա նշանակում է, որ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Ազգային մրցունակության խորհրդի ներքո ձևավորված ծրագրերը հենց այս խնդրի լուծմանն են ուղղված։
Մաղթում եմ, որ National Geographic Traveler-ի նախաձեռնության շնորհիվ ընթերցողներն իրենց համար նորովի բացահայտեն Հայաստանը, հատկապես նրա տուրիստական գրավչությունը։ Համոզված եմ, որ դա ձեզ կհաջողվի։

-Շատ շնորհակալ եմ, պարո՛ն վարչապետ, հարցազրույցի և Ձեր ջերմ մաղթանքի համար։
 

Ռազմիկ Ճրագյան